Բաժիններ՝

Պուտինը ՇՀԿ-ի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոդիի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է անցկացրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պատվիրակությունների մասնակցությամբ երկկողմ բանակցություններից առաջ Պուտինը և Մոդին մոտ մեկ ժամ առանձնազրույց են ունեցել Ռուսաստանի առաջնորդի «Աուրուս»-ում։

«Նրանք զրուցել են մեքենայում՝ վարելու ընթացքում, ապա շարունակել են շփումը մեքենայում», – հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Առաջնորդները մասնակցել են Թիենծինում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, ապա միասին ՌԴ նախագահի մեքենայով մեկնել են երկկողմ հանդիպման վայր։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում Պուտինը նշել է, որ Մոսկվայի և Նյու Դելիի միջև հարաբերությունները զարգանում են հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության սկզբունքներով։

«Մենք սերտորեն համակարգում ենք մեր ջանքերը միջազգային ասպարեզում՝ ՄԱԿ-ում, ԲՐԻԿՍ-ում, G20-ում և, իհարկե, ՇՀԿ-ում: Այսօր լավ հնարավորություն է՝ քննարկելու բազմաշերտ երկկողմ համագործակցության հետագա զարգացման հիմնական խնդիրները տարբեր ոլորտներում», – նշել է Պուտինը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը տասնամյակներ շարունակ պահպանել են հատուկ հարաբերություններ՝ բարեկամական, վստահելի, և որ դրանք ստանում են երկու երկրների ժողովուրդների ճնշող մեծամասնության աջակցությունը։Իր հերթին Մոդին ընդգծել է, որ սերտ համագործակցությունը մեծ նշանակություն ունի համաշխարհային կայունության համար։

«Նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Հնդկաստանն ու Ռուսաստանը միշտ առաջ են շարժվել ուս-ուսի տված», – ասել է նա։

Մոդին նաև նշել է, որ իր երկիրը ողջունում է ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու վերջին ջանքերը, և որ անհրաժեշտ է գտնել այս նպատակին հասնելու ուղիներ։«Հնդկաստանն անհամբեր սպասում է Պուտինի այցին՝ դեկտեմբերին կայանալիք համատեղ գագաթնաժողովի համար», – հավելել է Մոդին։

Սա Պուտինի և Մոդիի առաջին հանդիպումն է այս տարի, չնայած որ նրանք պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում միմյանց հետ։ ՇՀԿ-ի 25-րդ գագաթնաժողովը տեղի է ունենում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը՝ Չինաստանի Թիենծին քաղաքում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս