«Արա Աբրահամյանի նոր կուսակցությունը մոտավորապես կլինի «Բարգավաճ Հայաստանի» դաշտում»
«Գովելի է, որ Արա Աբրահամյանը հստակ ասում է, թե որ դաշտում է լինելու, ընդդիմություն չի լինելու»,- 168.am-ի հետ զրույցում, խոսելով այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այն հայտարարության մասին, որ պատրաստվում է կուսակցություն հիմնել ու մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Ա. Աբրահամյանը հայտարարել էր, որ արդեն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու ստացել նրա համաձայնությունը՝ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար: Խոսելով «Ժառանգության» և Ա. Աբրահամյանի կողմից ստեղծվելիք կուսակցության համագործակցության հավանականության մասին՝ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ համագործակցության մասին խոսելը շատ վաղ է:
Ըստ նրա, այդ նոր կուսակցությունը մոտավորապես կլինի «Բարգավաճ Հայաստանի» դաշտում: Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նրա այդ տեսակետը, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Ըստ էության, ինքն ընդդիմություն չի լինելու՝ այն առումով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել ու քննարկել են կուսակցություն ստեղծելու հարցը: Գովելի է, որ ինքը հստակ ասում է, թե որ դաշտում է լինելու, ընդդիմություն չի լինելու: Կարծում եմ՝ կունենա ռուսամետ ուղվածություն, որը «Բարգավաճ Հայաստանին» է որոշակի առումով բնորոշ, ու կարծում եմ՝ այդ էլեկտորատի վրա ինքը կաշխատի»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ երկրորդ «Բարգավաճ Հայաստա՞նն» է լինելու, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ոչ թե երկրորդ «Բարգավաճ Հայաստանը», այլ իր էլեկտորատը լինելու է մոտավորապես այն դաշտում, ինչը «Բարգավաճ Հայաստանինն» է»: Հարցին էլ, թե ի՞նչ կտա մեր քաղաքական դաշտին նման քաղաքական ուժի ներգրավումը, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ժամանակը պետք է ցույց տա՝ ինչ կտա, ինչ չի տա. «Ցանկացած պարագայում ակնհայտ է, որ եթե քաղաքական ուժ ձևավորվի՝ նմանատիպ ռեսուրսներ ունենալով (իսկ պարոն Աբրահամյանի ֆինանսական ռեսուրսները, կարծում եմ, բոլորին են հայտնի), ինքը բավականին լուրջ հայտ կներկայացնի քաղաքական դաշտում»: