Պարզվել է Ջրաշենի 4-ամյա աղջնակի մահվան պատճառը
Հունիսի 16-ին «Արմավիրի բժշկական կենտրոնում» մահացած 4-ամյա աղջնակի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նրա մահվան պատճառը: 168.am-ի հարցման պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են. «Նշանակված փորձաքննության թիվ 81 եզրակացության համաձայն՝ երեխայի մահը վրա է հասել ինֆեկցիոն տոքսիկ շոկի պատճառով, որը հետևանք է սուր աղիքային «սալմոնելլիոզային և ստաֆիլոկոկկային» ինֆեկցիայի, որով հանգուցյալը տառապել է կենդանության օրոք և որն էլ մահվան պատճառի հետ գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ»:
Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջնակի մահվան դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնել են, որ գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ 4-ամյա աղջնակին բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձանց կողմից մասնագիտական պարտականությունները կատարելիս հնարավոր խախտումներ թույլ տալու հարցը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետներին: Իսկ եզրակացությունը դեռևս չի ստացվել: