Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքի առթիվ
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմավիր բժշկական կենտրոն»-ում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ։
2015թ. հունիսի 16-ին` ժամը 13:55-ին, «Արմավիր բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել, որ «աղիքային սուր ինֆեկցիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ջրաշեն գյուղի անչափահաս երեխա, ով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, հիվանդանոցում բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիվանդանոց ընդուվելիս երեխայի վիճակը եղել է միջին ծանրության, բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ քիչ անց մահացել է:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը):
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու երեխայի մահվան պատճառը։ Զննություն է կատարվել երեխայի բնակության վայրում, և սննդամթերքից, ջրից վերցվել են նմուշներ, նշանակվել է դատասննդային փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։