Բաժիններ՝

Գործատուների միությունը դիտողություններ է ներկայացրել Սահմանադրության վերաբերյալ

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը դիտողություններ ու առաջարկություններ է մշակել նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ: 168.am-ի հետ զրույցում միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ Կառավարության, արհմիության և գործատուների սոցիալական երկխոսությանը պետք է տալ պաշտոնական երանգ:

«Ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ գտել ենք, որ լավագույն տարբերակներից մեկ կարող է լինել սահմանադրական բարեփոխումների մեջ այս ինստիտուցիոնալ նպատակի ու դրա զարգացման ներառումը: Սոցիալական պետությանը վերաբերող գլխում պետք է ավելացնել հոդված, որը սահմանակարգի սոցիալական եռակողմ գործընկերությունը սահմանադրորեն, պաշտոնապես՝ որպես ինստիտուտ: Այսօր երկխոսության մշակույթը դեռևս շատ արդյունավետ չէ, հաճախ կարող է պայմանավորվել անձերով, այսինքն՝ կառավարության ղեկավարությունից, նախարարների տրամադրությունից կախված՝ կարող է լինել լավ կամ վատ, արդունավետ կամ ոչ արդյունավետ, ձևական կամ իրական: Ինստիտուցիոնալ մակարդակով աշխատելու համար մենք նպատակահարմար ենք համարում ավելացնել նոր հոդված, որը վերաբերում է եռակողմ սոցիալական գործընկերությանը, ՏԻՄ-ին, որն ուժեղ ներկայացված չէ, և երրորդը՝ դատական համակարգին, որտեղ կան բավականին խնդիրներ, հատկապես՝ անկախության ցածր մակարդակը: Դատավորների պարտականությունները, հասարակության առջև նրանց հաշվետվողության սկզբունքները լավ չեն սահմանված, և դատավորներին պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը չի արտացոլում այն վիճակը, որ բոլոր վեճերը, որ պետք է լուծվեն դատարանում, կոռուպցիայի ու հովանավորչության պատճառով չեն հասնում արդարության»,- ասաց Գ.Մակարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում կան գեղեցիկ օրենքներ, բայց դրանց կիրառումը լիովին այլ պատկեր է ցույց տալիս, միջազգային տարբեր ցուցանիշներով ՀՀ-ի համար նշվում է, որ ունի ուժեղ օրենսդրություն, բայց կիրառության հետ խնդիրներ կան. «Սահմանադրությունը պետք է թույլ չտա նման երևույթների զարգացումը»:

Գ.Մակարյանի կարծիքով՝ Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է բիզնեսի զարգացման համար, քանի որ պաշտոնյաների ներգրավվածությունը բիզնեսում, նրանց կողմնակալությունը և մյուս բոլոր երևույթները կարելի է Սահմանադրության մեջ ներառել, որպեսզի ուժեղ համակարգ ստեղծվի, և օրենքների կատարողականությունը հեշտ ապահովվի:

ՀԳՀՄ դիտողություններն ու առաջարկությունները նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի 2.4.1 կետում բերված առկա խնդիրներն ու տրված գնահատականները, մասնավորապես՝ 7-րդ կետի համաձայն՝ նշվում է հոդված 8-ի վերաբերյալ 2-րդ կետում. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը»: Այնուհետև 27.1 հոդվածում, 8-րդ կետում՝ «Իրավական պետության չափորոշիչներին համարժեք չի երաշխավորված դատական իշխանության հակակշռող դերն իշխանության այլ ճյուղերի առնչությամբ»: Միաժամանակ լինելով սոցիալական պետություն, ցանկալի է, որ ՀՀ Սահմանադրությունում ընդգրկվի նոր հոդված, որը կվերաբերի եռակողմ (ՀՀ կառավարություն, Արհմիությունների կոնֆեդերացիա, Հայաստանի հանրապետական գործատուների միություն) սոցիալական երկխոսություններին: Նման փորձ գոյություն ունի այլ երկրներում: Օրինակ՝ Չեռնոգորիայի Սահմանադրության 65-րդ հոդվածում նշվում է, որ «Աշխատողների սոցիալական կարգավիճակը սահմանվում է սոցիալական խորհրդի միջոցով: Սոցիալական խորհուրդը բաղկացած է Կառավարության, գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներից, որը նաև կնպաստի տնտեսական գործունեության ազատությանն ու ազատ տնտեսական մրցակցությանը, ինչպես նաև դատական իշխանության հակակշռող դերի ուժեղացմանը: Այս ամենի արդյունքում հնարավոր կդառնա տնտեսական գործունեության և քաղաքական իշխանության տարանջատումը»:

  • Հետևաբար՝ նույն տրամաբանությամբ՝ ՀԳՀՄ-ն առաջարկում է նախագծի 9-րդ բաժնում 88 հոդվածից առաջ տեղադրել նոր հոդված, որը կվերաբերի եռակողմ սոցիալական երկխոսությանը:
  • Դատական համակարգին վերաբերող բաժինը գրված է ոչ շատ էական փոփոխություններով ներկայիս Սահմանադրության համապատասխան բաժնի նկատմամբ և ունի երկակի իմաստ պարունակող մտքեր: Հարկավոր է ուժեղացնել հաշվետվողականության մեխանիզմը՝ թե ինչպես պետք է դատավորները նշանակումից հետո ունենան զեկուցելու պարտականություն: Հարկավոր է ընդլայնել դատական պատասխանատվության ենթարկումը, այսինքն՝ արդարադատությունը պետք է իրականացնեն միայն դատարանները, որպեսզի անձի (իրավաբանական կամ ֆիզիկական անձ) իրավունքը լինի պաշտպանված: Բացի այդ, դատավորների պարտականությունները ստանձնելու մասով չեն սահմանվում այն չափանիշները, որոնք պետք է դրվեն դատավորի անձի նկատմամբ, քանի որ դատական համակարգի կողմնակալությունը, կոռումպացվածությունն առաջին հերթին հենց պայմանավորված է դատավորի անձով՝ օգտվելով միջազգային փորձից:
  • Հաջորդ դիտողությունը վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին: Ներկայումս տեղական ինքնակառավարման մարմինները, տարբեր պատճառներով, կարծես թե դուրս են գտնվում ՀՀ սոցիալ-տնտեսական գործառույթներից և պարտականություններից: Նրանք դարձել են սպառող՝ ստանալով պետությունից ֆինանսական տուրքեր՝ թույլտվությունների, լիցենզիայի տրամադրման համար, սակայն իրենց գործառույթներով քիչ են մասնակցում համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքում նրանք պետք է ներկայացնեն ժողովրդի շահերը, մասնավորապես՝ այն համայնքի, որտեղ ընտրվում են: Համայնքների տարեկան ծրագրերում և բյուջեում, այդ թվում՝ ք. Երևան, ներկայացված չեն տնտեսության զարգացմանը խթանող դրույթներ: Սակայն կա անհրաժեշտություն հստակեցնելու «մարզպետների ինստիտուտը»  «համայնքների ղեկավարների» և «համայնքի ավագանու անդամների նկատմամբ»: Պետք է ուժեղացվի ընտրություններում համայնքի ղեկավարներին հետ կանչելու հնարավորությունը, նրանց գործառույթները պետք է առնվազն 90%-ով համապատասխանեն ընտրարշավի ժամանակ իրենց ընտրությունների ծրագրերին:
  • Միաժամանակ պետք է ստեղծվեն մեխանիզմներ, որոնք կնվազեցնեն համայնքում մեծ ազգություններ կամ կլաններ ունեցողների անընդհատ վերընտրվելու հնարավորությունները:
  • Սահմանադրության փոփոխությունները պետք է ընդհանուր առմամբ ձևավորեն այնպիսի Սահմանադրություն, որն իր մեջ պարունակի դիմադրողականություն (իմունիտետ) կոռուպցիայի նկատմամբ: Պատճառները հետևյալն են՝ ՀՀ-ում հիմնականում օրենքները գրված են հաջող, սակայն գործնական կիրառելիությունը խիստ տարբերվում է, որը շարունակաբար ծնում է կոռուպցիոն ռիսկեր: Հետևաբար՝ ցանկալի է Սահմանադրության միջոցով նախատեսել այնպիսի ճկունություն տարբեր հոդվածների ներքո, որոնք էականորեն կզսպեն և կսահմանափակեն կոռուպցիոն ռիսկերը:
  • Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել Կենտրոնական բանկի դերակատարությունը՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ժամանակ առ ժամանակ առաջանում են տնտեսական ճգնաժամի պայմաններում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս