«Մեր պայքարը լույսի թանկացման դեմ է, եկեք ոչ մի բան իրար չխառնենք». Սերգեյ Դանիելյան
Դերասան Սերգեյ Դանիելյանը ևս «Ո՛չ թալանին»՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պայքարի մասնակից մտավորականներից է և պարբերաբար լինում է թե´ Ազատության հրապարակում, թե´ Բաղրամյան պողոտայում:
168.am-ի հետ զրույցում նա կիսվում է ակցիայի ընթացքի մասին իր տպավորություններով:
Դերասանը գտնում է, որ նման զարգացումների դեպքում պայքարը կարող է փակուղի մտնել: Նա առաջարկում է, իր կարծիքով, պայքարի առավել արդյունավետ տարբերակ՝ նյութական վնաս պատճառել հոսանք արտադրող ընկերություններին. «Ես ուզում եմ՝ զարգացումները քաղաքական դաշտ չմտնեն: Մեր պայքարը լույսի թանկացման դեմ է, եկեք ոչ մի բան իրար չխառնենք: Աշոտյանին հայհոյելու փոխարեն՝ պետք է մտածել այն ուղղությամբ, որ ստեղծվեն հասարակական ինչ-որ մեխանիզմներ, որպեսզի հարկը չմուծվի թանկացած սակագնով՝ մի խոսքով՝ նյութական վնաս պատճառել հոսանք արտադրող ընկերություններին: Իրենք մեր գրպանին են խփում, մենք էլ իրանց գրպանին կխփենք: Եթե տնտեսագետների ու քաղաքագետների հետ նստենք ու հարցը էս տեսանկյունից քննարկենք, իրենք մեզ ավելի լավ տարբերակներ կառաջարկեն: Պետք չէ հիմա հիշել ու կենտրոնանալ նրա վրա, որ մենք վատ նախագահ ունենք, կոնկրետ էս իրավիճակում դա հեչ կապ չունի, ինչքան էլ որ իրանք մեծ սխալներ են արել, և դա իսկապես էդպես է: Պարզապես հիմա պետք չէ մարդկային զոհեր տալ, որից հետո լույսը կարող է՝ էժանանա, էն էլ, ասում եմ՝ միայն կարող է…
Այն, որ պայքարն արդեն մտել է քաղաքական զարգացումների դաշտ, դերասանը համաձայն է և կարծում է, որ պատճառներից մեկն էլ ակցիայի կազմակերպիչների հստակ ստրատեգիական ծրագիր չունենալու մեջ է. «Ակցիայի կառավարող օղակը թույլ է: Հետո, ի վերջո, ժողովուրդը ամեն ինչի պատճառը իշխանությունների ու իրենց վարած քաղաքականության մեջ է տեսնում, իսկ լույսի թանկացումն իրականում դրա հետևանք է: Պատճառի դեմ կռվելն էլ՝ հատկապես էս մեթոդներով, բերում է հեղափոխության, հիմնականում՝ արյունոտ, իսկ հետո, որպես կանոն՝ երկրի առավել վատթարացման, մանավանդ՝ պատերազմող երկրի: Երևի պետք է մեր ընդդիմադիրները մի կողմ դնեն իրենց ամբիցիաներն ու անեն կոնկրետ քայլեր՝ գնան գործարան առ գործարան ու ռուբիլնիկներն անջատեն: Ավելի լավ ակցիա չի՞ լինի, եթե լույս արտադրող ընկերությանը մի օրում միլիարդների կորուստ տա: Դա հաստատ ավելի արդյունավետ կլինի: Թե չէ՝ ամբոխ են հավաքել, նստել են, ու ի՞նչ… Ես էլ երեկ մինչև ուշ գիշեր՝ ժամը երկուսը Բաղրամյան պողոտայում էի, հետո, մինչև ո՞ւր կամ ի՞նչ»:
Ակցիային միացած քաղաքական գործիչների մասին Սերգեյ Դանիելյանն ասում է, որ նրանց ներկայությունն ակցիային ընդունելի է միայն այն դեպքում, եթե նրանք Ազատության հրապարակ կամ Բաղրամյան պողոտա են գալիս՝ որպես քաղաքացի, այլ ոչ՝ որպես քաղաքական գործիչ կամ այս կամ այն քաղաքական կուսակցության գաղափարախոսության կրող:
Վերջում դերասանը հավելեց, որ շարունակվող ցույցերին կմիանա՝ ժամանակ ունենալու դեպքում միայն, բայց, եթե պայքարն ընթանա այս ֆորմատով, ապա այն արդեն փակուղի մտած գործընթաց կարելի է համարել: