5.6 միլիոնանոց «դեսերտը»
Եվ այսպես, Ղրղըզստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը։ Ինչպես նախօրեին հայտարարել էր ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, կառավարությունը Ռուսաստանի նախագահին Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի անդամակցության օրինագծի նախագիծ է ներկայացրել։
ՌԴ նախագահին ներկայացվել են նաև ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության հետ կապված արձանագրությունները, որոնք կդառնան անդամակցության պայմանագրի անբաժան մաս։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեևը և նրա ղազախ գործընկեր Քարիմ Մասիմովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության ձևաչափում իրենց համագործակցությունը։
Լավ, իսկ մե՞զ ինչ։ Բացի այն, որ Ղրղըզստանի հետ հարևան ենք դառնում` ԵՏՄ կոչվող կառույցի շրջանակներում, ուրիշ ի՞նչ ընդհանուր հետաքրքրություններ ունենք այս երկրի հետ։ Ինչպիսին են հայ-ղրղըզական տնտեսական կապերը։
Մոտավոր պատկերացում կազմելու համար ընդամենը մեկ ցուցանիշ ներկայացնենք` Հայաստան-Ղրղըզստան արտաքին առևտուրը 2014 թվականին։ Գիտե՞ք` որքան է կազմել Հայաստանից Ղրղըզստան արտահանումը 2014 թվականին։ Ընդամենը 376.5 հազար դոլար։
Դա կազմում է մեր ընդհանուր արտահանման 0.024%-ը։ Ընդ որում, 2013 թվականի համեմատ` ՀՀ-ից Ղրղըզստան արտահանման ծավալը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Նշենք նաև, որ Ղրղըզստան արտահանում ենք հիմնականում գինի (116 հազար դոլար մաքսային արժեքով) և դեղամիջոցներ (170 հազար դոլարի)։ Նույն ժամանակահատվածում Ղրղըզստանից ներմուծել ենք 98.4 հազար դոլարի ապրանքներ (հիմնականում շիկացման լամպեր և ավտոմեքենաների պահեստամասեր)։
Կարճ ասած, Հայաստան-Ղրղըզստան արտաքին առևտուր գոյություն չունի։ Միակ լուսավոր կետն այն է, որ այս երկրի հետ մեր արտաքին առևտուրը դրական հաշվեկշիռ ունի (ավելի շատ արտահանել ենք, քան ներմուծել)։ Մնացածի պարագայում ոչ թե կետերը լուսավոր չեն, այլ կետեր` որպես այդպիսին, ընդհանրապես չկան։ Ո՛չ մենք ենք հետաքրքրում Ղրղըզստանին, ոչ Ղրղըզստանը մեզ։ Ու, ըստ այդմ, կարող էր թվալ, որ մեծ հաշվով մեզ այնքան էլ չպետք է հետաքրքրեր` ինչ է անում այս երկիրը և որ միությանն է անդամակցում։
Սակայն, պարզվում է, այդպես չէ։ Պարզվում է` Ղրղըզստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար։ Մասնավորապես, նոր շուկա հայկական ոսկերչական և ադամանդագործական արտադրանքի համար։ Նման լավատեսական հայտարարություններ երեկ Ազգային ժողովում հնչեցնում էր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը։ Ասել է թե` այս պահին Ղրղըզստանի հետ տնտեսական հարաբերություններ չունենք, սակայն ԵՏՄ-ին անդամակցությունը թույլ կտա զրոյից նման հարաբերություններ ստեղծել և մուտք գործել 5.6 միլիոնանոց ղրղըզական շուկա։ Իհարկե, այնքան էլ մեծ շուկա չէ, բայց Հայաստանից մեծ է։
Սակայն` դա էլ միայն առաջին հայացքից։ Իրականում Ղրղըզըստանի 5.6 միլիոնանոց շուկան ավելի փոքր է, քան Հայաստանի 3 միլիոնանոց շուկան։ Որովհետև շուկայի մեծությունը որոշվում է ոչ թե մարդկանց քանակով, այլ գնողունակությամբ։
Համեմատության համար նշենք, որ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի ՀՆԱ-ն 2013 թվականին 10.43 միլիարդ դոլար էր, իսկ 5.6 միլիոն բնակչություն ունեցող Ղրղըզստանի ՀՆԱ-ն` 7.2 միլիարդ դոլար։ Մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը 2013 թվականին Հայաստանում եղել է 3800 դոլար, Ղրղըզստանում` 1210 դոլար։ Աղքատությունը Հայաստանում 2013-ին եղել է 32%, Ղրղըզստանում` 37% (տվյալները վերցված են Համաշխարհային բանկից)։ Ղրղըզստանի տնտեսական ցուցանիշների ֆոնին Հայաստանի տնտեսությունը բավականին զարգացած է թվում։ Ու երբ խոսում ենք շուկայի ու նոր հնարավորությունների մասին` առաջին հերթին հենց սա պետք է նկատի ունենալ։
Սակայն հետևելով մեր պաշտոնյաների լավատեսությանը` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան 170 միլիոնանոց շուկան արդեն մարսել ենք, հիմա հերթը հասել է Ղրղըզստանի 5.6 միլիոնանոց «դեսերտին»։
Նույն կերպ, մինչև ԵՏՄ-ին անդամակցելը` մեր պաշտոնյաները խոսում էին 170 միլիոնանոց շուկայի մասին, որը պետք է բացեր դռները մեր արտահանողների առաջ։ Թե ինչ շահեցինք այդ շուկայից, ոչ ոք չի կարող ասել. հայտնի են միայն կորուստները։ Ի դեպ, օգուտների և վնասների հարցում պաշտոնյաների տեսակետները երբեմն, մեղմ ասած, տարօրինակ են թվում։ Հիշեցնենք, որ մայիսին Հայաստան ժամանած ԵՏՄ խորհրդի նախարարները հայտնել էին, որ ներկայումս ուսումնասիրում են այդ դաշինքում Հայաստանի դերն ու հայ գործարարների հնարավորությունները։ Սա տարօրինակ է, որովհետև սկզբում սովորաբար ուսումնասիրում են այդ հնարավորությունները, ծանրութեթև անում օգուտներն ու վնասները, նոր միայն որոշում կայացնում` տնտեսապես արդյունավե՞տ է անդամակցել տվյալ միությանը, թե՞ ոչ։
Մեզ մոտ այս տրամաբանությունը զավեշտի վերածվեց։ Տարիներ շարունակ ուսումնասիրվում էին Հայաստանի եվրոասոցիացման ընձեռած հնարավորությունները, աշխատանքներ էին տարվում չափանիշների և ստանդարտների համապատասխանեցման ուղղությամբգ Ու մեկ էլ հանկարծ` որոշում ընդունվեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։ Մի քանի տարվա աշխատանքը, փաստորեն, լցվեց ջուրը։
Իհարկե, առանց փակագծերը բացելու, բոլորին էլ հասկանալի է` ինչպես և ինչու կայացվեց ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը։ Սակայն խնդիրն այն է, որ պետք չէ մեզ ծանրաբեռնել ավելորդ վերլուծություններով և գնահատականներով։ Մանավանդ, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին արդեն կայացած փաստ է։ Իսկ վերլուծությունների մասին խոսակցությունները պարզապես ժպիտ են առաջացնում, որովհետև անդամակցության 6-րդ ամիսն է, իսկ մեզ անգամ հայտնի չեն Հայաստան-ԵՏՄ երկրներ առևտրաշրջանառության ճշգրիտ տվյալները։
Վերադառնալով Ղրղըզըստանի թեմային` ևս մեկ անգամ փաստենք, որ այդ երկրի անդամակցությունից լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Սա շատ լավ հասկանում են նաև այս թեմայով լավատեսական հայտարարություններ անող մեր պաշտոնյաները։ Պարզապես նրանց էլ կարելի է հասկանալ. չգրված օրենք է` ԵՏՄ-ի մասին կամ պետք է միայն լավն ասել, կամ ոչինչ (ինչպես հանգուցյալների դեպքում)։