«Պետք է զարգացնել և ուժեղացնել նախագահի իշխանությունը»

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ

– Պարոն Բագրատյան, Ձեր ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հրապարակել է Անտի-հայեցակարգ, որում նշվում է, որ փոփոխություններն այլ քաղաքական նպատակ են հետապնդում: Ըստ Ձեզ` սահմանադրական բարեփոխումների բուն նպատակը ո՞րն է:

– Ես չեմ կարող ուրիշների տեղը խոսել, բայց մեր վերլուծությունը ցույց տվեց, որ դա, այնուամենայնիվ, չի բխում ավելի դեմոկրատական հասարակություն ստանալու ձգտումից: Ամենևին: Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ շատ հնարավոր է, որ կստանանք անկառավարելի իրավիճակ: Եթե խնդիր է դրված իրապես դեմոկրատական փոփոխությունների, ապա փոփոխությունները լիովին այլ բնույթ պետք է կրեին:

– Ինչո՞ւ անկառավարելի իրավիճակ, հանրապետականներն ասում են, թե քանի դեռ չկա նախագիծը, բովանդակային առումով խոսել հնարավոր չէ:

– Բնական է, այդպես պիտի ասեն: Ես էլ ասում եմ` երբ մի դիտողություն ես անում, ասում են` նախագիծը շատ ընդհանուր է, կարիք չկա խոսելու: Այդ դեպքում ինչո՞ւ էիք հայեցակարգ տպում: Եթե հայեցակարգը պետք է կարդանք ու չհասկանանք, ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք գրում:

– Կառավարման ձևի վերաբերյալ Սերժ Սարգսյանի վերջնական որոշումից հետո փաստաթուղթն Ազգային ժողով է բերվելու:

– Եթե պետք է վերջնական որոշեն, էլ ԱԺ ինչո՞ւ են բերում: Ամբողջ հարցն այն է, որ խորհրդարանական կառավարման ձև Հայաստանում հնարավոր չէ:

– Ինչո՞ւ:

– Որովհետև խորհրդարանական կառավարման ձևում ամենակարևորն այն չէ` նախագահ կա՞, թե՞ ոչ, ավելի կարևոր է այն, որ օրենքներից բացի` կառավարության որոշումներ (օրենսդրական բնույթի) կա՞ն, թե՞ ոչ: Իսկ իրենք պահպանում են դա: Սա է խնդրի էությունը: Այդ դեպքում ի՞նչն էիք քննարկում, ինչո՞ւ էիք բաժանում խորհրդարանում բոլոր պատգամավորներին հայեցակարգը: Որը քննադատում ենք, ասում են` չէ, այդպես մի քննադատեք, դա հայեցակարգի խնդիրը չի: Իսկ ո՞րն է հայեցակարգի խնդիրը, որ 36 էջ կարդաս ու չհասկանա՞ս` ի՞նչ խնդիր է դրված:

– Ասում են, որ խորհրդարանական կառավարման դեպքում պետք է ուժեղ կուսակցություններ լինեն:

– Ճիշտ չեն ասում: Ուժեղ կուսակցություններ չեն կարող լինել: Այս փոքր երկրում շատ-շատ կարող է լինել մեկ ուժեղ կուսակցություն` Հանրապետականը կա: Մեր ռեսուրսները բավարար չեն մի քանի ուժեղ կուսակցության համար:

– Օրինակ են բերում, որ մինչև վերջերս կար կոալիցիա` ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը` ՀՀԿ-ի հետ, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» էլ ընդդիմություն էին…

– Կոալիցիան ձևական էր, մենք դա տեսանք: Ոչ մի կոալիցիա էլ չկար իրականում:

– Փոփոխությունների անցկացման համար հանրաքվե է նախատեսվում: Ի՞նչ ակնկալիք ունեք դրանից:

– Ես կարծում եմ, որ այնքան ռացիոնալ տրամաբանություն կա հասարակության մեջ, որ այն ամենավերջին մարդն էլ գյուղում, որ չի հետաքրքրվում սրանով, նա էլ կհասկանա, թե ինչի համար են ընդունում այս Սահմանադրությունը: Կամ էլ, եթե իսկապես պառլամենտական հանրապետություն ենք ուզում, պետք է անենք այն, ինչ բնորոշ է պառլամենտական հանրապետությանը, և, որը բացակայում է իրենց հայեցակարգում:

– Գուցե նախագծում ավելացնո՞ւմ են:

– Չեմ կարող ասել։ Քիչ հավանական է: Ինչպե՞ս կարող են ավելացնել: Եթե պառլամենտական հանրապետություն ենք ուզում, պետք է լիմիտավորեն որևէ մեկ կուսակցության ներկայության տոկոսն ԱԺ-ում, օրինակ` 45 կամ 55%-ից ավելի ձայները չհաշվեն: Այլապես պառլամենտականը չի ստացվում: Կամ ինչպե՞ս է պառլամենտական, երբ պառլամենտականի դեպքում ԱԺ բոլոր հանձնաժողովներն ընդդիմությունից համանախագահներ պետք է ունենան, որևէ օրգանական օրենքի վրա ընդդիմությունը պետք է վետո դնելու իրավունք ունենա, և այլն: Սա է պառլամենտականը:

– Կուսակցությունների ներկայությունն ԱԺ-ում չպե՞տք է սահմանափակվի Ընտրական օրենսգրքով: Եվ ընդհանրապես, դա ժողովրդավարությանը հարի՞ր է:

– Ընտրական օրենսգիրքը կարող է փոխվել ինքնուրույնաբար` Սահմանադրությունից անկախ: Սահմանադրությունը չի կարգավորում ընտրության հարցերը: Իսկ եթե փոխվի Ընտրական օրենսգիրքը, Սահմանադրություն փոխելու կարիք չկա:

– Ըստ Ձեզ` պետք է փոխե՞լ Ընտրական օրենսգիրքը:

– Այո, և պետք է անցնել 100% համամասնական ընտրակարգի: Բայց դա Սահմանադրության հետ կապ չունի: Եթե իրենք էլ են համաձայն, կարելի է փոխել Ընտրական օրենսգիրքը` առանց Սահմանադրության: Ընտրական հանձնաժողովի ձևավորումը ԿԸՀ-ում նույնպես սահմանադրական փոփոխություն չի պահանջում:

– Այսինքն` Սահմանադրության փոփոխության կարիք չկա՞ այսօր: Ի՞նչ է պետք անել:

– Սահմանադրական խնդիր ես այսօր չեմ տեսնում ընտրության մասով: Ավելին, ես կարծում եմ` պետք է զարգացնել և ուժեղացնել նախագահի իշխանությունը: Մեկը թող պատասխան տա մեր զարգացման այս փուլում: Իսկ եթե ուզում ենք թուլացնել նախագահի ինստիտուտը, որպեսզի դրա արդյունքում պետությունը չթուլանա, այդ դեպքում պետք է ամբողջովին անցնենք դեմոկրատիայի: Այդ դեպքում կան կանոններ, որոնք շարադրել ենք «Ազատություն» կուսակցության Անտի-հայեցակարգում: Թող բարի լինեն` Անտի-հայեցակարգից ելնեն:

– Նշում եք, որ ժողովրդավարության վերջին նշույլները կվերանան: Ինչո՞ւ:

– Այո, որովհետև, եթե վերացնում են նախագահի ինստիտուտը, դա չի նշանակում, որ դեմոկրատական պետություն եք ստանում: Դուք կարող եք դեմոկրատական քաոս ստանալ:

– Փաստորեն, եթե հիմա նախագահին են քննադատում, խորհրդարանականի դեպքում պատասխանատու մեկ անձ չի լինի:

– Այդ դեպքում ոչ ոքի չես կարող քննադատել, մեղավոր չի լինի, և կարող է լինել կոլեկտիվ անպատասխանատվության պետություն: Եթե ուզում են անցնել վարչապետական տիպի կառավարման, ապա ԱԺ-ն պետք է ընդունի օրենքներ, կառավարությունը որոշումներ չպետք է ընդունի, բայց վարչապետը պետք է իրականացնի ամբողջ գործադիր ֆունկցիան: Այսինքն, պետք է բալանս լինի, նորմատիվային ակտերը պետք է ընդունվեն օրենքի տեսքով: Դա էլ իր հերթին` պահանջում է իսկական բարեփոխում ԱԺ-ում:

Որևէ օրենք, օրենսդրական նախաձեռնություն չպետք է գնա կառավարության հավանությանը: Կամ ԱԺ հանձնաժողովները պետք է իրավունք ստանան` կառավարության կառույցների, նախարարությունների հետ միասին ստորագրել որոշակի օրենքներ, և կա առաջնային օրենքներ, այսպես կոչված՝ օրգանական օրենքներ, որ պետք է ընդունվեն ԱԺ նստաշրջանում: Ընդդիմության ցանկացած ներկայացուցիչ պետք է հայտնի գաղափարը, և ԱԺ աշխատակազմը գրի ու տա օրենքը: Աժ ապարատն այսօր ՀՀԿ-ի ապարատն է, ընդդիմության ապարատը չի և ընդդիմությանը չի սպասարկում: Հենց ժամանակը գալիս է, դավաճանում է ընդդիմությանը:

Այս տեսակետից, բացառությամբ վերջերս ստեղծված բյուջետային գրասենյակի, որտեղ փոքրիկ փոփոխություն է նախատեսված, օրենսդրական վարչությունն էլ բյուջետայինի նման պետք է փոխվի, տնտեսական օրենքները համակարգող վարչությունն էլ: Այսօր ՀՀԿ-ն պատրա՞ստ է դրան:

Իրենք ի՞նչ դեմոկրատիայի են պատրաստ` վերացնե՞լ նախագահի ինստիտուտը, կամ ձևական թողնե՞լ նախագահ, որ ինչ-որ մեկը լինելով կուսակցության ղեկավար՝ կարող է կառավարել պետությունը, բայց չունենա՞լ փաստացի կապ որևէ վատ իրադարձության հետ: ՀՀԿ-ն վերջին 3 նախագահական ընտրությունների ժամանակ խնդիրներ է ունեցել, մինչդեռ խորհրդարանական ընտրություններում պահպանելով մեծամասնականը` իրենք կարողանում են հաղթել:

Ստացվում է անելանելի վիճակ հանրապետության ու ժողովրդի համար: Նման դեմոկրատիան շատ ավելի վատն է, քան այսօրվա դեմոկրատական արժեքները: Այսօր գոնե կա մի նախագահ, որ եթե մարդկանց դժբախտություն է պատահել, երեխան զոհվել է, մարդիկ գոնե բողոքի տեղ ունեն: Վաղն այդ տեղը չի լինելու:

– Շատ է արծարծվում հարցը, նաև Անտի-հայեցակարգում է նշվում, որ ոչ թե ԱԺ-ն է վերադաս կառավարությունից, այլ` հակառակը, և նախարարները չեն գալիս ԱԺ պատշաճ կարգով զեկուցելու, չեն ներկայացնում օրենքները, նաև կառավարութունն է հիմնականում օրինագծեր ներկայացնում ԱԺ, և ԱԺ-ն դարձել է պարզապես դակող մարմին: Այս դեպքում ի՞նչ կլինի:

– Այս դեպքում պետք է օրենքների մեծ մասը` 95%-ը, հենց ԱԺ-ն մշակի ու ընդունի: Եվ կառավարությունը պետք է ԱԺ-ում օրենքը բարձրացնի ոչ թե` որպես կառավարություն օրենքներ բերելով, այլ իր մեծամասնությունը պետք է օրենք բերի և օրենքի հեղինակը լինի: Օրինակ` ինչպե՞ս կարող է դատական համակարգը լինել անկախ, երբ դատարանների բյուջեն ներկայացնում է կառավարությունը: Կամ ինչո՞ւ է ԱԺ-ի բյուջեն ներկայացնում կառավարությունը: Եթե սա չեն փոխում, ապա ի՞նչն են փոխում:

– Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դեռ լիովին հակված չէ խորհրդարանական կառավարման ձևին, քանի որ այդ դեպքում ներքին և արտաքին անվտանգության խնդիրներ կան: Ըստ Ձեզ` դրանք ի՞նչ խնդիրներ են:

– Այո, խորհրդարանական կառավարմանն իրենց ձևով անցնելուց խնդիրներ են առաջանում, որ անլուծելի են դառնում: Եթե հայեցակարգի իրենց տարբերակով գնանք, ապա անվտանգության համար մեկը պետք է պատասխանատվություն կրի: Դա վարչապետն է:

– Իսկ գլխավոր հրամանատարի՞ հարցը:

– Ո՞վ է դառնում գլխավոր հրամանատար, սա էլ հարց է: Եթե իմ տարբերակով գնանք, ապա ես առաջարկում եմ, և ճիշտ կլինի, որ նախագահական ինստիտուտը պահպանվի, և արտաքին քաղաքականությունն ու բանակի ղեկավարությունը լինի նախագահինը, բայց նախագահից հանվեն անվտանգության ու ոստիկանության մարմինները, ինչպես նաև հարկային, և այլն: Նախագահն իրավունք ունի ստորագրելու կամ համաստորագրելու միայն այն օրենքները, որտեղ ուղղակի դրույթներ կան ԶՈՒ և արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ինչպես նաև նախագահը ներկայացնում է պայմանագրերը: Մենք առաջարկում ենք թուլացնել նախագահի ինստիտուտը և քաղաքացիական, սոցիալական ու տնտեսական կյանքն ամբողջությամբ տալ կառավարությանը: Մնացած բոլոր հարցերով օրենքները ստորագրում է ՀՀ վարչապետը:

– Մայիսի 18-19-ին Վենետիկի հանձնաժողովի հետ է քննարկում նախատեսված: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ գնահատական կտան:

– Ես չեմ հավատում Վենետիկի հանձնաժողովին: Նման դեպքերում հաղթում են անձնական հարաբերությունները, այլ ոչ թե պետական շինարարության տրամաբանությունը։ Ինչպես այսօր Արժույթի միջազգային հիմնադրամն է կամ ՎԶԵԲ-ն է. մեկ տեսնում ես` գովում են, մեկ էլ հանկարծ քննադատում են։ Բավական է, դրանք երբեմն Հայաստանի լավը չեն ուզում: Ես իրենց չեմ հավատում:

– Եթե սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, խնդիրների լուծումը ո՞րն է:

– Եթե փոխում ենք, փոխենք իմ ասած ձևով` պահպանենք նախագահի ինստիտուտը որոշ հարցերում, բայց կտրուկ փոխենք ու գնանք դեմոկրատիայի: Եթե ոչ, ապա չենք փոխում:

– Կարծում եք` նախագահի վրա ազդելու ինչ-որ լծակ կա՞:

– Անպայման, հիշեք խոսքերս, նախագահը մեզ հրավիրելու է զրույցի, չի կարող այսպես, մեր հեղինակությունն աճում է, սա երկիր է, երկրի հետ խաղ չեն անում: 5000 տարի եղել է, չպետք է հիմա էլ սխալ կառավարման մոդելով պետությունը վերանա, ինչ է թե` ՀՀԿ-ն չի ուզում հեռանալ իշխանությունից: Թող հեռանա, մի 10-15 տարի հանգստանա, գաղափարներ հավաքի, նոր սերունդ կգա, կվերադառնա իշխանության:

– Տպավորությունն այն է, որ որոշ կուսակցությունների հրավիրելով՝ նախագահական խորհրդակցության կոնսոլիդացիայի միֆ են ստեղծում, որ անցկացնեն փոփոխությունները:

– Այդպիսով ոչ մի կոնսոլիդացիայի միֆ չկա, այդպես չեն անցկացնի: 2016-ին, եթե ուզում են հանրաքվե անեն, իրենք իրենց համար խնդիր կստեղծեն: Իսկ մենք` որպես այս ազգի զավակներ, պարտավոր ենք ասել` ճի՞շտ է, թե՞ սխալ է: Մենք չենք կարող մի նոր կրակը գցել պետությունը:

Տեսանյութեր

Լրահոս