Բաժիններ՝

Գրավոր հարցերից հետո ԱԺ-ում բանավոր հարցերի ժամանակ չի մնում

Այսօր ՀՀ կառավարության նիստում ակտիվ քննարկում ծավալվեց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության շուրջ, որով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու ժամանակ սկզբում առաջինը հնչեցվելու են բանավոր հարցերը, այնուհետև գրավոր՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից:

Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել բանավոր հարցերով ՀՀ կառավարությանը դիմելու կարգը: Մասնավորապես՝ առաջարկվում է նիստը սկսելուց մեկ ժամվա ընթացքում հնչեցվեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների 2-ական հարցեր, այնուհետև՝ 2-ական հարցերով հանդես գան ոչ ընդդիմադիր և անկախ պատգամավորները, որից հետո բանավոր հարցեր տրվեն հերթագրված մյուս պատգամավորների կողմից:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ կառավարությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ նախապես գրավոր ձևակերպված և կառավարությանն ուղղված հարցերի առաջնահերթությունը բանավոր հնչեցվող հարցերի նկատմամբ բխում է պառլամենտական ժողովրդավարության և նպատակահարմարության սկզբունքներից.

«Չստվերելով Ազգային Ժողովի պատգամավորների կողմից բարձրացվող բանավոր հարցերի կարևորությունը, առարկայականությունը և դրանց հրատապությունը՝ այդուհանդերձ նշենք, որ, որպես կանոն, գրավոր ձևակերպված հարցերն իրենց մեջ պարունակում են խորքային վերլուծության և ուսումնասիրման առարկա հանդիսացող մասնագիտական խնդիրներ:

Կառավարությունն էլ, իր հերթին, հնարավորություն ունի իրավիճակային պատասխանի փոխարեն ներկայացնել լիարժեք ու հիմնավոր պատասխան: Ուստի, խնդիրը բարձրաձայնելու և նախապես աշխատանք կատարած պատգամավորի գրավոր հարցն ու դրա պատասխանը, պատգամավորի կարծիքը և կառավարության անդամի արձագանքն ուշադրության արժանանալու և լսելի լինելու իրավունքի տեսանկյունից ավելի արդարացված է»: Հետևաբար, ըստ նախարարի, կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դեմ է, որպեսզի կառավարությունը բացասական եզրակացություն տա օրինագծին: Ըստ նրա՝ դա խորհրդարանի խնդիրն է և խորհրդարանը պետք է որոշի՝ որին առավելություն տալ: Վարչապետը նկատեց, որ կառավարության ներկայացուցիչները մտահոգվելու խնդիր չունեն, կարող են նաև սկզբում բանավոր հարցերին պատասխանել:

«Հո չե՞նք վախենում իրենց հարցերին պատասխանել,- ասաց Հ. Աբրահամյանն ու հավելեց,- Էս հարթակը չպետք է մոռանանք ինչի համար է: Դրա համար կառավարությունը մնալու է չեզոք: Օրենք կընդունեն, որ սկզբից բանավոր, հետո գրավոր՝ կպատասխանենք բանավոր, հետո գրավոր: Թող որոշեն իրենք: Իմ կարծիքով՝ պետք չէ բացասական կարծիք տալ»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կարող են վերլուծական մասը թողնել և նշել, որ խորհրդարանը պետք է որոշի:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բոլոր հարցերը տրվել են ընդդիմադիրների կողմից:

Հ. Աբրահամյանը համաձայնեց ու հավելեց, որ հատկացված ժամանակը՝ 1.5 ժամը խլում են իրենք ու բացառվում է, որ խորհրդարանական մեծամասնությունը հարց տա: Ամեն դեպքում, կրկնեց վարչապետը. «Դա ԱԺ ներքին խնդիրն է՝ թող իրենք որոշեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս