Դարձ ի շրջանս յուր
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը գրեթե ամբողջությամբ կլանել էր Հայաստանի հանրային-քաղաքական կյանքը: Դա, իհարկե, մեծ մասամբ օբյեկտիվ հիմք ուներ, և պետք է արձանագրել, որ տվեց իր արդյունքները: Թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի բազմաթիվ երկրներում տեղի ունեցան իսկապես բարձր մակարդակի բազմաթիվ միջոցառումներ, որոնք կշարունակվեն նաև տարվա ընթացքում:
Հիմա Հայաստանը վերադառնում է բնականոն կյանքի՝ մինչև ապրիլի 24-ն էլ գոյություն ունեցող խնդիրներով ու մարտահրավերներով: Ներքին քաղաքական կյանքում շարունակվում է այն վակուումը, որն առաջացել էր փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո: Քաղաքական օրակարգը՝ որպես այդպիսին, գրեթե դատարկ է, և այդ դատարկությունը, բնականաբար, փորձ է արվելու լցնել սահմանադրական բարեփոխումների թեմայով:
Թե որքանո՞վ հասարակությանը հնարավոր կլինի «զբաղեցնել» սահմանադրության փոփոխության, դրա «կենսականության» մասին թեզերով՝ մի կողմից, դրա անթույլատրելիության ու կործանարարության մասին՝ մյուս կողմից, դժվար է ասել:
Բայց ակնհայտ է, որ այդ քննարկումները, որոնք մեծ հաշվով հանգելու են իշխանության ու կուսակցությունների մեծ մասի միջև քաղաքական առևտրի, գրեթե առնչություն չունեն այն իրական խնդիրների հետ, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը. տնտեսության խայտառակ վիճակ, արտաքին քաղաքական հին ու նոր մարտահրավերներ՝ կապված ինչպես՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո ստեղծված իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այնպես էլ՝ Եվրասիական միությանն անդամակցության հետ:
Այս խնդիրների հիմնական մասը փոխկապակցված է, և անգամ տնտեսական, առաջին հայացքից՝ միայն ներքին թվացող հարցերը, իրականում արտաքին քաղաքականության, արտաքին ընտրության հետևանք են: Մի խոսքով, արտաքին քաղաքական ասպարեզում արձանագրած որոշակի հաջողություններից հետո Հայաստանն այժմ վերադառնում է այնտեղ, որտեղ նույն այդ արտաքին քաղաքականության մեկ այլ ուղղության ձախողման հետևանքներն են: