Գիտնականի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում
Խորհրդային Միությունում հայերի ցեղասպանությունը երկար ժամանակ արգելված թեմա էր։ Դա թե՛ ամբողջատիրական պետության գաղափարախոսության, և թե՛ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների արդյունք էր։ 50 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին Խորհրդային Միությունում ապրող հայերն աստիճանաբար մոռանում էին, քանի որ տարիների հետ անհետանում էին ականատեսները, իսկ նրանց պատմածներից հաջորդ սերունդներին ավելի ու ավելի պակաս տեղեկություններ էին անցնում։ Իհարկե, սփյուռքահայության մեջ վառ էին հիշողությունները, քանի որ այդ մասին խոսում էին, գրում։
Միայն 1960-ականների սկզբին, խրուշչովյան հարաբերական «հալքի» և աստիճանաբար ուժեղացող հայ ազգային վերելքի պայմաններում սկսեցին խոսել Եղեռնի մասին, և հասունանում էր գոնե մեզանում դրա պաշտոնական ճանաչման պահը։
Վերջապես, 1965 թ․ ապրիլի սկզբներին Խորհրդային Հայաստանի իշխանությունները որոշում են կայացնում ապրիլի 24-ը՝ որպես հայերի Մեծ եղեռնի հիշատակի օր սահմանելու մասին՝ մի շարք համապատասխան միջոցառումների հետ մեկտեղ, որոնց թվում՝ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի կառուցումը։ Այդ տարի ապրիլի 24-ին տեղի ունեցավ Երևանի հասարակայնության ներկայացուցիչների նիստ՝ նվիրված 1915թ․ Եղեռնի զոհերի հիշատակին։
Հատկանշական է, որ հիմնական զեկուցումը ներկայացրեց ո՛չ թե որևէ քաղաքական, կուսակցական կամ հասարակական ղեկավար կամ ուրիշ գործիչ, այլ գիտնական՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը։ Դեռևս պարզ չէր, թե ինչ հետևանք կարող էր ունենալ այդ զեկուցումը, դեռևս վախ ու կասկած կար շատերի սրտում, և պատահական չէ, որ պետական այրերը զգուշորեն մոտեցան այդ հարցին։ Այսօր դժվար է պատկերացել, թե դա որքան համարձակ քայլ էր, որ կատարեց Վիկտոր Համբարձումյանը, ինչպես և ավելի ուշ՝ նրա ակտիվ մասնակցությունը Ղարաբաղի շարժմանը։
Համբարձումյանի օրինակն ապացուցում է, որ գիտնականները մեծ դերակատարություն կարող են ունենալ ո՛չ միայն գիտության և տեխնոլոգիաների ու երկրի զարգացման հարցում, այլև պետական քաղաքականության ձևավորման մեջ։ Ցեղասպանության ճանաչման, ճշմարիտ պատմության վերականգնման, պատմական փաստերի մեկնաբանությունների, ներկայիս քաղաքական, գաղափարական, իրավական և սոցիալական հարցերի քննարկման և որոշման մեջ առավել ևս կարևոր է քաղաքագետների, պատմաբանների, հասարակագետների, դիվանագետների, իրավաբանների, սոցիոլոգների ու հոգեբանների դերը։
1965թ․ ապրիլի Վիկտոր Համբարձումյանի ելույթը և գիտնականների դերը Հայոց ցեղասպանության հիշատակի պահպանման և ճանաչման գործում մեկնաբանում է աստղագետ Արեգ Միքայելյանը։
Արեգ Միքայելյանի հայրը՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Մարտին Միքայելյանը, Հայաստանում առաջինն է կառուցել Եղեռնի զոհերին նվիրված հուշարձան։ Դա հենց 1965-ի վերջերի հուշարձանն էր՝ Խարբերդում։ Սա ևս մի համարձակություն էր, եթե հաշվի առնենք, որ Երևանի Ծիծեռնակաբերդի հուշարձանը կառուցվեց միայն 1968-ին։ Մարտին Միքայելյանը մասնակցել է նաև Ծիծեռնակաբերդի հուշարձանի նախագծերի մրցույթին։ Նրանից Ա. Միքայելյանը ժառանգել է հայրենասիրություն և ազգասիրություն, ինչպես նաև՝ դեռևս խորհրդային տարիներին իշխող ամբողջատիրությանը դիմակայելու և ազատորեն ընդդիմախոսելու ձգտում։
Նույնիսկ 1965-ից սկսված գործընթացը չէր կարող լիարժեք կերպով ապահովել ցեղասպանության հարցի բարձրաձայնումը: Այդ տեսակետից Խորհրդային Միությունը դաժան դեր խաղաց հայերի օրինական պահանջը և անմեղ զոհերի հիշատակը մոռացության մատնելու հարցում։ Հայաստանի անկախության, սակայն, 76 տարի ուշացումով սկսված ավելի լայնածավալ գործընթացը բերեց Հայոց հարցի աշխարհով մեկ տարածմանը։ Այդ է պատճառը, որ ներկայումս էլ՝ 100 տարի անց, Ցեղասպանության հարցի բարձրաձայնումն ավելի մեծ հնչեղություն է ստանում։
Վիկտոր Համբարձումյանի ելույթը նշանակալից է մի քանի առումով․
- Առաջին անգամ խոսվեց Մեծ եղեռնի մասին
- Առաջին անգամ կիրառվեց գենոցիդ-ցեղասպանություն բառը
- Առաջին անգամ նշվեց բռնագաղթածների և զոհերի թիվը
- Կարևորվեց հայ մտավորականության դերը
Գիտնականներն ավելի մեծ հեղինակություն են վայելում աշխարհում, քան նույնիսկ քաղաքական գործիչները։ Դա պայմանավորված է գիտության կարևորությամբ, ինչպես նաև գիտության՝ համընդհանուր մարդկային արժեք լինելուց՝ անկախ պետական, քաղաքական, ազգային, կրոնական կամ որևէ այլ պատկանելությունից։ Գիտնականների համերաշխությունն ու գիտական համագործակցությունները նպաստում են նույնիսկ թշնամի երկրների կամ ազգերի մերձեցմանը։
Ավելին, գիտնականներն իրենց երկրի և ազգի համար ստեղծած հեղինակությամբ բարձրացնում են նրան, այնպես որ, օրինակ, թուրքերը, պարսիկները, արաբները, շատ ու շատ ավելի բազմաքանակ ու մեծ տարածքներ զբաղեցնող ազգեր ընդունում են հայերի գիտական մեծությունը։ Սա նաև քաղաքական մեծ ուժ է։
Ինչպես Վ. Համբարձումյանն է ասել՝ «մեր անթիվ զոհերի հիշատակի իսկական հավերժացումը մեր ժողովրդի մեծ վերածնունդն է, մեր այսօրվա և վաղվա կառուցողական աշխատանքն է, հանուն մեր երկրի տնտեսական ու մշակութային բարգավաճման և նրա բնակչության կենսամակարդակի բարձրացման»:
Արեգ Միքայելյանը նշում է, որ ազգի մեծաքանակությունը չէ, որ բնորոշում է նրա մեծությունը, այլ աշխարհին ունեցած նրա ասելիքը, այսինքն, թե որքան գաղափարներ, գիտելիք ու մշակույթ է այն կրում։ Այդ տեսակետից հայ ազգն ավելի մեծ է, քան նրան բազմաթիվ անգամ կոտորելու փորձ կատարած թուրքերը։ Թերևս, թուրքերն իրենք էլ են դա հասկացել և, հետևելով քաղաքակիրթ աշխարհին՝ ներկայումս նրանք փորձում են որևէ մշակույթ և գիտություն զարգացնել։ Եվ, քանի որ դա հասկանում է թուրքերի առաջադեմ հատվածը, առավել ևս մեծ է մտավորականների դերը՝ համընդհանուր մարդկային արժեքների ընդունման, գիտելիքի և մշակութային արժեքների կարևորման, ազգերի մերձեցման և, ի վերջո, նաև Ցեղասպանության ճանաչման հարցում։ Ինչպես Հրանտ Դինքն էր ասում, շատ ավելի կարևոր կլինի Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի, քան տասնյակ այլ երկրների կողմից։
Արեգ Միքայելյանը Ցեղասպանության զոհերի սերունդներից է․ նրա հայրական Գրիգոր պապի ընտանիքն Արճեշի մոտ գտնվող իրենց գյուղում ենթարկվել է սարսափելի կոտորածի։ 13 հոգուց բաղկացած ընտանիքից թուրքերի հարձակումից մազապուրծ են եղել միայն 5-ը՝ մայրը, 10 տարեկան եղբայրը, 3 և 1 տարեկան քույրերը և ինքը՝ 15 տարեկան Գրիգորը, սակայն դեպի Արևելյան Հայաստան գաղթի ճանապարհին մայրը և 1 տարեկան քույրը նույնպես մահացել են, և պատանի Գրիգորը՝ փոքր եղբոր ձեռքը բռնած և 3 տարեկան քրոջն ուսերին նստեցրած, հասել է Երևան, որտեղ երեքով էլ տեղավորվել են ամերիկյան մանկատանը։
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ