Պարո´ն Օբամա, եղե´ք Հռոմի պապի ու Քիմ Քարդաշյանի նման խիզախ և ճանաչե´ք Հայոց ցեղասպանությունը. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթում ապրիլի 14-ին հրապարակվել է Քրիս Բոհջալյանի «Պարո´ն նախագահ, եղե´ք այնքան խիզախ, որքան որ Հռոմի պապն ու Քիմ Քարդաշյանը և ճանաչե´ք Հայոց ցեղասպանությունը» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Եվ այսպես, հանգստյան օրերին նորությունները հիմնականում առնչվել են Քիմ Քարդաշյանին ու Հռոմի պապին: Դա նման էր գիշերային առաջատար թոք-շոուի: Սակայն այստեղ կատակելու բան չկա: Այն, ինչ արեցին Քարդաշյանն ու Պապ Ֆրանցիսկոսը, ես` որպես հայկական ծագմամբ ամերիկացի ու ցեղասպանությունը վերապրածների սերնդի ներկայացուցիչ, համարում եմ չափազանց կարևոր և անգամ դարակազմիկ:

Նախորդ շաբաթ Քարդաշյանը, ով հավանաբար ամենահայտնի ամերիկահայն է, ամուսնու` Քանիե Ուեսթի և դստեր` Նորթի հետ միասին այցելեց Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող ցեղասպանության հուշահամալիր, ինչից հետո Քանիեն կիրակի երեկոյան անվճար համերգ տվեց քաղաքի կենտրոնում գտնվող Կարապի լճում:

Այս շաբաթ էլ Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Օսմանյան կայսրությունում մոտ 1.5 միլիոն հայերի նպատակամղված ձևով ոչնչացումը որակեց «ցեղասպանություն»` հավելելով, որ «չարիքի քողարկումն ու ժխտումը նույնն է, ինչ արյունածոր վերքը վիրակապելուց հրաժարվելը»:

Հուսով եմ, որ նախագահ Օբաման կօգտվի տեղի ունեցածից և վերջապես կկատարի 2008 թվականի իր նախընտրական խոստումը և կհետևի նրանց օրինակին: Չէ՞ որ արդեն 7 տարի նա արդարությունը զոհաբերում է հանուն քաղաքական հաշվարկների և չի կիրառում «ցեղասպանություն» եզրույթը, որպեսզի չզայրացնի Թուրքիային` Ամերիկայի ապերախտ ռազմական դաշնակցին:

Աշխարհի մեծ մասի համար Հայոց ցեղասպանությունը սպանդ է, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Սակայն մենք` հայերս, յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին` ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հիշում ենք այդ հանցանքի մասին, որը քչերն են ճանաչում, իսկ շատերն էլ բաց կերպ ժխտում են:

1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները կալանավորել են Կոստանդնուպոլսի գրեթե ողջ հայ մտավորականությանը` մասնագետների, խմբագիրների, կրոնական առաջնորդների: Գրեթե այդ բոլոր անձինք մահապատժի են ենթարկվել:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը հաշվեհարդար է տեսել իր հայ հպատակների 3/4-ի հետ: Ներկայումս ապրող հայերի մեծ մասը ոչ մեծաթիվ փրկվածների սերունդներն են:

Արդեն 100 տարի թուրքական իշխանությունները հերքում են կայսրության գործած հանցանքը և կեղծում են պատմությունը` չնայած նրան, որ Ցեղասանության հետազոտողների միջազգային ասոցիացիան հայերի հետ հաշվեհարդարը միանշանակ ճանաչում է որպես ցեղասպանություն:

Փետրվարին քրդական ծագմամբ թուրք պատգամավոր Ահմեթ Թուրքն ընդունեց, որ իր նախնի քրդերը մասնակցել են սպանդին և ներողություն խնդրեց հայերից` «նրանց ձեռքերի արյունոտ լինելու» համար:

Անգամ Թուրքիայի հետպատերազմյան առաջին կառավարությունը 1919 թվականին ցեղասպանության երեք կազմակերպիչների մեղավոր ճանաչեց հայերի դեմ հանցանքներ կազմակերպելու համար և հեռակա կարգով նրանց դատապարտեց մահվան:

Թուրքիան պատմությունը սկսեց վերաշարադրել միայն 1924 թվականից, երբ իշխանության էր եկել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը: Թուրքիայի մոտ դա ստացվեց մասնակի, քանի որ արևմտյան բազմաթիվ երկրներ «Սառը պատերազմի» ժամանակ Թուրքիան դիտարկել են որպես խորհրդային էքսպանսիայի ճանապարհին ընկած արգելք, իսկ ավելի ուշ` որպես Մերձավոր Արևելքում չափավոր դաշնակից:

Անկասկած է, որ դրանում եղել է նաև Անկարայի հանդեպ ԱՄՆ-ի թողտվությունը: Ավելին, Վաշինգտոնն այնքան է վախեցել նրա արձագանքից, որ ցայժմ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

2008 թվականին իր ընտրական կամպանիայի ժամանակ նախագահի թեկնածու Բարաք Օբաման հայտարարել է. «Ամերիկան արժանի է առաջնորդի, որը կասի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը և կհակազդի ցեղասպանության յուրաքանչյուր փորձերին: Ես ցանկանում եմ լինել հենց այդպիսի նախագահ»:

Սենատոր հանդիսանալու ժամանակ Օբաման աջակցել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: Սակայն նախագահ դառնալով` նա արդեն 6 տարի է, ինչ ամեն ապրիլի 24-ի ժամանակ ընտրում է արտահայտություններ` չարտաբերելու համար «ցեղասպանություն» բառեզրն ու չվիրավորելու համար Թուրքիային:

Ընդ որում` դա չօգնեց նրան: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ամերիկային չի թույլատրում «Իսլամական պետությանը» հարվածել «Ինջիրլիքի» ավիաբազայից: «Իսլամական պետությունը» նավթը «սև շուկա» հասցնում է հենց Թուրքիայի տարածքով:

Թուրքիան ծառայում է որպես «Ալ-Քաիդայի» մասնաճյուղերին զենք մատակարարելու փոխադրման կետ և ՀԱՄԱՍ շարժման համար վերածվում է նոր հենակետի: Թուրքիան իր տարածքում այնքան է սահմանափակել լրագրողների գործողությունները, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը «Մամուլի ազատության ինդեքսում» նրան դասել է 149-րդ տեղում` Ռուսաստանից քիչ բարձր և Մյանմարից ցածր դիրքում:

Թուրքիայի առաջնորդները չեն սիրում, երբ ինչ-որ մեկը քննարկում է Օսմանյան կայսրության հանցանքները: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթից քիչ անց Թուրքիան Վատիկանից հետ կանչեց իր դեսպանից, իսկ նրա արտգործնախարարը կատաղորեն հայտարարեց, որ «Պապի հայտարարությունն անընդունելի է, չի համապատասխանում պատմական ճշմարտությանն ու չունի իրավական ուժ»:

Թուրքերը հենց այդպես էլ արձագանքում են նաև հայ ակտիվիստների գործունեությանը, որոնք հիշեցնում են, որ իրենց նախնիներին սպանել են և խլել իրենց հայրենիքը: Ներկայումս` ցեղասպանության մեկնարկից մեկ դար անց, մենք այլևս չպետք է Թուրքիային թույլ տանք լռել զանգվածային սպանությունների կապակցությամբ:

Սովորաբար ապրիլի 24-ը չեն նշում հայ համայնքներից դուրս: Այս տարի ամեն ինչ կլինի այլ: Աշխարհն ուշադրություն է հատկացրել այդ մռայլ ամսաթվի հարյուրամյակին, և ի հավելումն դրա` Թուրքիան իրեն դրսևորել է որպես անհուսալի դաշնակից:

Այս տարի, երբ հանցագործության զոհերի համար արդարություն են պահանջել նաև ամենահաս Քիմն ու քրիստոնեական եկեղեցիներից ամենհայտնիի ղեկավարը, ժամանակն է` ճանաչելու համար անցյալի վայրագությունները, սգալ դրանց համար և դատապարտել դրանք:

Հուսով եմ, որ նախագահը կհաստատի հուսալի բարոյական կերպարով մարդու իր հեղինակությունը` արտահայտվելով այն մասին, ինչի մասին լռել է` ցուցաբերելով  Պապի նման համարձակություն, և մեր աղետն անվանելով ինչպես որ հարկն է, այսինքն` ցեղասպանություն»:

Տեսանյութեր

Լրահոս