Ինչո՞ւ սահմանամերձ Կոթիի դպրոցի թիմը կրում էր Քարդաշյան անունը
Tesankyun.am-ը գրում է. Ավանդաբար ամեն տարի ապրիլի 12-ին՝ տիեզերագնացության օրը, Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության «Նիկա» ակումբն անցկացնում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի դպրոցականների առաջնություն:
Տարածաշրջանային 14-րդ փառատոնը նվիրված էր հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին, հարցերը վերաբերում էին ցեղասպանությանը , հայոց ազատամարտին: Փառատոնին մասնակցում էր 17 թիմ: Այն վարում էր «Նիկա» ակումբի նախագահ Արմեն Ամիրաղյանը:
Նոյեմբերյանի ավագ դպրոցի դահլիճում կայացած խաղին ներկա էին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը,Նոյեմբերյանի համայնքների միության գործադիր տնօրեն Անդրանիկ Վերանյանը, քաղաքի ավագանու անդամները, գործարարներ, Տավուշի մարզպետարանի կրթության , մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Խաղին ներկա էր նաեւ հեռուստատեսային «Ի՞նչ, որտե՞ղ , ե՞րբ » խաղի վարող Կարեն Քոչարյանը, ով սերում է Նոյեմբերյանի Կողբ գյուղից:
Փառատոնի հաղթող թիմի համար մրցանակներ՝ հայրենագիտական գրքեր էր ուղարկել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
Խաղի մասնակիցները պատասխանեցին 34 հարցի: Հաղթող ճանաչվեց սահմանամերձ Բերդավան գյուղի «Նեմեսիս» թիմը: Քանի որ 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված թիմերը հավասար միավորներ ունեին, ժյուրիի որոշմամբ երկու թիմերն էլ ՝ Նոյեմբերանի զորամասի«Ասպար» եւ Նոյեմբերյանի ավագ դպրոցի « Աղթամար» թիմերը համարվեցին փառատոնի 2-րդ մրցանակակիր: Խաղին մասնակցող, սահմանամերձ Կոթի գյուղի թիմի անունը «Քարդաշյան» էր: Ինչո՞ւ է պատանի ինտելեկտուալների թիմը կրում այդ անունը:
Թիմին ուղեկցող կոթեցի երիտասարդներից մեկն ասել է, որ այդ անունն են ընտրել այն պատճառով, որ Քիմ Քարդաշյանը մեծ ներդրում ունի հայոց Եղեռնի միջազգաին ճանաչման գործում, այս օրերին Քիմ Քարդաշյանի անունը Հայաստանում բոլորի շուրթերին է: