Սեուտայի ճգնաժամից հետո Եվրոպան փակում է սահմանները․ ինչ է կանգնած 50 հազար միգրանտների ժամանման հետևում

Մոտ 50 հազար միգրանտ փորձել է հատել Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա էքսկլավի սահմանը, ինչը դարձել է վերջին տարիների ընթացքում տարածաշրջանի խոշորագույն միգրացիոն ճգնաժամը, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Մարդկանց զանգվածային հոսքը գերբեռնել է տեղի ծառայությունները, իսկ սահմանն անցնելու փորձերի ընթացքում զոհվել է առնվազն 57 մարդ։

Իսպանական իշխանությունները հայտարարել են, որ աշխատում են բոլոր ժամանածներին Մարոկկո վերադարձնելու ուղղությամբ։ Ուրբաթ երեկոյան միգրանտների մեծ մասն արդեն լքել էր Սեուտան։ Նրանցից շատերը վերադարձել են կամավոր՝ սննդի և կացարանի պակասին բախվելուց հետո։

Զանգվածային ներհոսքի պատճառները շարունակում են քննարկումների առարկա մնալ։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և կառավարության այլ ներկայացուցիչներ հայտարարել են, որ իրավիճակը հրահրել են մարդկանց ապօրինի տեղափոխմամբ զբաղվող ցանցերը։ Վարկածի համաձայն՝ մաքսանենգները կեղծ տեղեկություններ են տարածել Իսպանիայի Գերագույն դատարանի վերջին որոշման մասին, ինչի պատճառով միգրանտները կարծել են, թե ծովային ճանապարհով հասնելուց հետո իրենց հնարավոր չի լինի վերադարձնել Մարոկկո։

Հունիսի 29-ին Իսպանիայի Գերագույն դատարանը վճռել էր, որ իշխանությունները չեն կարող ավտոմատ կերպով արտաքսել ծովով Սեուտա և Մելիլիա հասած միգրանտներին՝ առանց օրենքով սահմանված ընթացակարգն անցնելու։ Որոշումը վերաբերում է այն մարդկանց, որոնք փորձում են լողալով հասնել իսպանական էքսկլավներ՝ շրջանցելով պաշտոնական անցակետերը։

Փորձագետներն ընդգծում են, որ այս որոշումը չի նշանակում Իսպանիայում մնալու ավտոմատ իրավունք։ Անհրաժեշտ ընթացակարգերն անցկացնելուց հետո սահմանն ապօրինի հատած միգրանտները, միևնույն է, կարող են վերադարձվել Մարոկկո՝ հետընդունման մասին երկկողմ համաձայնագրի համաձայն։

Միևնույն ժամանակ, մասնագետները կարծում են, որ դատարանի որոշումը ճգնաժամի գործոններից մեկն է։ Որպես հնարավոր պատճառներ նշվում են Հյուսիսային Աֆրիկայում երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակը, տնտեսական ճնշումը, ծովային անցումների համար նպաստավոր եղանակային պայմանները և իսպանական աշխատաշուկայի գրավչությունը։

Առանձնահատուկ խնդիր է առաջացրել ժամանածների շրջանում անչափահասների մեծ թիվը։ Նրանցից շատերը 16–17 տարեկան դեռահասներ են, որոնք ստանում են հատուկ կարգավիճակ և անցնում առանձին ընթացակարգեր, որոնք կարող են ձգձգվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։

Սեուտան և Մելիլիան մնում են Եվրոպայի ամենազգայուն միգրացիոն երթուղիներից մեկը։ Մարոկկոյի ափամերձ հատվածում գտնվող իսպանական այս տարածքները Եվրոպական Միության միակ ցամաքային սահմաններն են Աֆրիկայի հետ։ Ընդ որում, Մարոկկոն վիճարկում է այս էքսկլավների նկատմամբ Իսպանիայի ինքնիշխանությունը, ինչը դրանց շուրջ ծագող միգրացիոն ճգնաժամերը դարձնում է ոչ միայն մարդասիրական, այլև քաղաքական խնդիր։

Սեուտայում տեղի ունեցած իրադարձություններից հետո եվրոպական երկրները սկսել են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը։ Իտալիան հայտարարել է Իսպանիայից ժամանողների համար ստուգումների ժամանակավոր վերականգնման մասին, իսկ Ֆրանսիան հայտնել է իր սահմանին վերահսկողության խստացման մասին։

Ի պատասխան դրան՝ Իսպանիայի կառավարությունը ծրագրում է Սեուտայի շուրջ ծովում տեղադրել լողացող արգելապատնեշներ, որոնք, իշխանությունների խոսքով, թույլ կտան պահպանել դատարանի որոշումը և միաժամանակ կանխել սահմանը հատելու նոր զանգվածային փորձերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31