Պենտագոնը Եվրոպային է փոխանցում Ուկրաինային աջակցության համակարգումը՝ ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի դերի վերանայման ֆոնին․ Politico

Պենտագոնը հրաժարվում է ՆԱՏՕ-ի առանցքային կառույցներից մեկի ղեկավարումից, որը կոորդինացնում է Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը, ինչը դարձել է եվրոպական դաշնակիցների հետ հարաբերություններում ԱՄՆ դերի կրճատման հերթական նշանը, գրում է Politico պարբերականը։

Գերմանական Վիսբադենում տեղակայված Security Assistance Group-Ukraine (SAG-U) հրամանատարությունը հետագայում կգլխավորի ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ։ Ամերիկացի պաշտոնյաների և ծրագրերին ծանոթ աղբյուրների տվյալներով՝ ղեկավարման փոխանցումը կարող է տևել մինչև մեկ տարի։

SAG-U-ն Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո ստեղծվելու պահից ի վեր իրականացնում էր կարևորագույն գործառույթ՝ կոորդինացնում էր Կիևին սպառազինության մատակարարումները, ռազմական տեխնիկայի տեղաշարժը, ուկրաինացի զինծառայողների պատրաստումն ու լոգիստիկ աջակցությունը։

ԱՄՆ-ն կպահպանի կառույցի աշխատանքներին ամերիկյան հրամանատարի տեղակալի միջոցով իր մասնակցությունը,սակայն Վաշինգտոնն այլևս ուղղակիորեն չի որոշի ծրագրի ռազմավարությունը և չի ձևավորի ուկրաինական բանակի ապագա կարողությունների զարգացման մոտեցումները։

«Ուկրաինայի աջակցությունը մնում է գլխավոր առաջնահերթություն», — հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ ղեկավարման փոխանցումը համապատասխանում է դաշինքի ներսում պատասխանատվության բաշխման ավելի լայն սկզբունքին։

Պենտագոնում հայտարարել են, որ SAG-U-ն ի սկզբանե ստեղծվել էր որպես ժամանակավոր կառույց, իսկ կառավարման փոխանցումը դաշնակիցներին թույլ կտա վերաբաշխել ՆԱՏՕ-ի ներսում ծանրաբեռնվածությունը և ամերիկյան ռեսուրսների օգտագործումը համապատասխանեցնել ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությանը։

Այս որոշումը տեղավորվում է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը կրճատելու և դաշնակիցներից պաշտպանական ծախսերն ավելացնել պահանջելու ավելի լայն քաղաքականության շրջանակում։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ն արդեն կրճատել է Եվրոպայում հրամանատարական պաշտոններ զբաղեցնող ամերիկացի սպաների թիվը, վերանայում է մայրցամաքում զորքերի տեղակայումը և զգուշացնում դաշնակիցներին, որ հետագա աջակցությունը կախված կլինի սեփական պաշտպանության մեջ նրանց ունեցած ներդրումից։

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր եվրոպական դաշնակիցներին ՆԱՏՕ-ում մի շարք առանցքային հրամանատարական դերերի փոխանցման մասին։ Մեծ Բրիտանիան պետք է իր վերահսկողության տակ վերցնի Նորֆոլկում (ԱՄՆ) գտնվող դաշինքի Միացյալ հրամանատարական կենտրոնը, Իտալիան՝ Նեապոլի հրամանատարությունը, իսկ Գերմանիան ու Լեհաստանը՝ Բրյունսումի (Նիդերլանդներ) հրամանատարությունը։

Բացի այդ, ԱՄՆ-ն դուրս է բերել իր ռոտացիոն ստորաբաժանումների մի մասը Ռումինիայից և Լեհաստանից։ Լեհաստանից զորքերը դուրս բերելու որոշումը հետագայում վերանայվել է, սակայն ստորաբաժանումների վերադարձը դեռևս տեղի չի ունեցել։

SAG-U-ի ղեկավար, ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ Քերթիս Բազարդը, ով գլխավորել էր կառույցը 2024 թվականին, կլքի իր պաշտոնը, ինչից հետո ղեկավարման ամերիկյան փուլը կեզրափակի գեներալ-լեյտենանտ Գիյոմ Բորեպրը։

Կիևում հակասական են գնահատում հրամանատարության փոխանցումը։ Ուկրաինացի ներկայացուցիչները կարծում են, որ ծրագրի նկատմամբ Եվրոպայի ավելի մեծ վերահսկողությունը կարող է նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ում քաղաքական փոփոխություններից։ Այնուամենայնիվ, նրանք զգուշացնում են, որ ՆԱՏՕ-ի բյուրոկրատական ընթացակարգերը կարող են դանդաղեցնել որոշումների կայացումը։

«Ոչ ոք չի կարող փոխարինել ամերիկյան արբանյակային հետախուզությանը, թիրախների որոշման կարողություններին և ԱՄՆ ծանր տրանսպորտային ավիացիայի պոտենցիալին», — նշել է ուկրաինացի պաշտոնյան։

Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը շարունակում է պնդել դաշնակիցների միջև ծանրաբեռնվածության վերաբաշխման անհրաժեշտությունը։ Ելույթ ունենալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների առջև՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է իրենց վրա ավելի շատ պատասխանատվություն վերցնեն։

«Չափազանց երկար ժամանակ ՆԱՏՕ-ն եղել է միակողմանի երթևեկությամբ փողոց։ Այլևս նման բան չի լինի», — ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31