Ռուսական հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատան շենքը. Լիտվայի արտգործնախարար
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ Կիևում երկրի դեսպանատան շենքը վնասվել է ուկրաինական մայրաքաղաքի վրա ռուսական գիշերային հարձակման հետևանքով։
Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հրթիռներն ընկել են դիվանագիտական առաքելության շենքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։
«Կիևի վրա Ռուսաստանի անցած գիշերվա հարձակման ժամանակ վնասվել է նաև Լիտվայի դեսպանատունը։ Հրթիռներն ընկել են շենքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Բարեբախտաբար, մեր աշխատակիցները չեն տուժել», — X սոցիալական ցանցում գրել է Բուդրիսը։
Նա հայտնել է, որ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը կկանչի Ռուսաստանի ներկայացուցչին՝ բացատրություններ պահանջելու համար։
Լիտվայի ԱԳՆ ղեկավարը Ուկրաինայի ուղղությամբ ռուսական շարունակական հարվածներն անվանել է «ահաբեկման արշավ»՝ հայտարարելով, որ Մոսկվան մարտական գործողությունները դադարեցնելու կամ բանակցությունների անցնելու որևէ պատրաստակամություն ցույց չի տալիս։
«Կրեմլի նպատակը մնում է նույնը․ ավերածություններ, մահ և ահաբեկում», — հայտարարել է Բուդրիսը։
Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է պատասխանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմամբ և Ուկրաինային ցուցաբերվող աջակցության ավելացմամբ։
«Անհրաժեշտ է ավելի խիստ պատժամիջոցների միջոցով ուժեղացնել Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը և ավելացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը», — ընդգծել է նախարարը։

