Ուրիշի գույքի ապօրինի օգտագործումը հանցագործություն է. փաստաբանը՝ «Մուլտի Ուելնեսի» մասին

«Մուլտի Ուելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրի շենքի և ներսում եղած ողջ շարժական գույքի օգտագործման վերաբերյալ փաստաբանները հարցումներ են ուղարկել համապատասխան մարմիններին` հետագա քայլեր ձեռնարկելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ հուլիսի 31-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե «Մուլտի Ուելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է ու այսուհետև գործելու է «Երևան Ուելնես սենթր» նոր անունով։ Նա նաև ընդգծել էր, որ նախկինում գնված բոլոր փաթեթները գործելու են։ Օգոստոսի 1-ին էլ «Մուլտի Ուելնես» ՍՊԸ–ի տնօրեն Արման Փիրոյանը հայտարարել էր, որ կենտրոնի ողջ շարժական գույքը ապօրինի կերպով խլել է Երևանի քաղաքապետարանը։

«Ակնհայտորեն գտնում ենք, որ անօրինական գործողություն և որոշում է կայացվել։ Դրա հետ կապված կոնկրետ իրավական գործընթացներ իրականացվում են։ Այժմ էլ շարժական գույքն են կարծում, թե իրենց սեփականությունն է և պատրաստվում են օգտագործել, իսկ ուրիշ գույքի ապօրինի օգտագորոծւմը հանցագործություն է։ Այս առիթով համապատասխան հարցումներ են ուղարկվել, և դրանք հաստատվելուց հետո նաև կոնկրետ իրավական գործընթացներ կլինեն։ Անշարժ գույքի շահագործումը համայնքին անցնելը ինքնին անօրինական է, և անկախ այդ ամենից, շարժական գույքը շարունակում է պատկանել «Մուլտի Ուելնես» ՍՊԸ–ին»,– ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` հարցումների պատասխաններում համապատասխան մարմինները պետք է հերքեն կամ հաստատեն շարժական և անշարժ գույքի օգտագործումը։

Փաստաբանը չբացառեց, որ այս ամենի վերաբերյալ գուցե հանցագործության մասին հաղորդում էլ ներկայացնեն, ուղղակի այժ սպասում են հարցումների պատասխաններին, որպեսզի հստակ լինեն հետագա գործողությունները։

Հիշեցնենք, որ մարզահամալիրը, որի շինարարությունն արժեցել է մոտ 40 մլն դոլար, գործել է 2016 թվականից։ Հուլիսի 6-ին կատարված խուզարկություններից հետո օբյեկտը կապարակնքվել է։ Քննչական կոմիտեի տվյալներով ՝ մարզահամալիրը չի վճարել ավելի քան 2,3 մլն դոլարի հարկեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31