Պայմանագիրս է լրանում, հետո պարզ կլինի. Գագիկ Ղազինյանը` ԵՊՀ-ում իր աշխատանքի մասին
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանի աշխատանքային պայմանագիրը սեպտեմբերի 1-ին լրանում է։ Այս մասին ասել է ինքը՝ Ղազինյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Գագիկ Ղազինյանը սեպտեմբերի 1-ից կազատվի ԵՊՀ–ում դասսախոսի աշխատանքից։
«Իմ պայմանագիրն է լրանում սեպտեմբերի 1-ին։ Այդ ժամանակ խնդիրը կլուծվի։ Մինչև սեպտեմբերի 1-ը ժամկետ կա` դրանից հետո պարզ կլինի և՛ իմ քայլերը, և՛ իրենց»,– ասել է Ղազինյանը։
Հարցին` ցանկանում է արդյոք շարունակել իր դասախոսական աշխատանքը, նշեց` բնականաբար։
Իրավաբան Արթուր Ղամբարյանն արձագանքելով լուրին՝ սոցցանցերում գրել է, որ ցածր և էժան քայլ է զուտ քաղաքական շարժառիթներով ԵՊՀ–ում իրավաբանություն սովորող նոր սերնդին Ղազինյանի կերպարի հետ շփվելու և նրանից սովորելու հնարավորությունից զրկելը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին Գագիկ Ղազինյանին հրավիրել էին դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն։ Այնտեղ Ղազինյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվել։ Այդ վարույթի շրջանակներում դատախազություն էին հրավիրվել նաև նրա որդին` Դավիթ Ղազինյանը և կինը` Կարինե Շահբազյանը։
Հավելենք, որ Գագիկ Ղազինյանը Արթուր և Դավիթ Ղազինյանների հայրն է։
Դավիթ Ղազինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ է, ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր։ Մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար, հունիսի 18-ին էլ կալանավորվել էր։ Հուլիսի 24-ին նրան ազատ էին արձակել` չկիրառելով խափանման որևէ միջոց, այդ թվում` պաշտպանների առաջարկած գրավը։
Արթուր Ղազինյանն էլ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրն է, 2019-2022 թթ. եղել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։ 2022 թվականի հուլիսի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

