Բանակն ու բանակային խաղերը վստահում են միայն ստեփանավանցիներին․ այս անգամ բյուջեից հատկացվել է 54 մլն դրամից ավելի գումար
Բանակային խաղեր կազմակերպելու համար այս տարի ԿԳՄՍ նախարարությունը 54 միլիոն 381.600 դրամ է հատկացրել կազմակերպիչ ՍՊԸ-ին։ Այս մասին տեղեկանում ենք օրերս կնքված և էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված պայմանագրից։ Ի դեպ, գնման ընթացակարգ է նշվել դրամաշնորհը։ Այսինքն՝ հատկացումն, ըստ էության, արվել է առանց մրցույթի։
Ինչպես տեղեկանում ենք պայմանագրի տեխնիկական բնութագրից, գինը ներառում է՝ հուշանվերների, գավաթների, շապիկների, գլխարկների, մասնակցության հավաստագրերի և դրոշակների ձեռքբերում, պաստառների տպագրություն, կեցություն (գիշերակաց և սնունդ) թիմերի համար, տրանսպորտային ծառայություններ ՀՀ տարածքում, ծաղկեփնջեր 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մարզիկներին և հյուրերին /կանանց/, մրցաշարի նկարահանում, գովազդ մրցաշարի անցկացման վերաբերյալ և այլ բաղադրիչներ։
Միջոցառումը, որը մի քանի տարի է՝ ավանդաբար անցկացվում է, այս անգամ տեղի կունենա օգոստոսի 2-4-ը։
Իսկ հիմա ԿԳՄՍՆ կողմից ընտրված ընկերության՝ «Իվենթս սերվիս» ՍՊԸ ընկերության մասին։ Այս ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, «ՎՍ գրուպ» անունով է ներկայացված իրական շահառուների մասին փաստաթղթում։ Գրանցման հասցե է նշվել Ստեփանավան քաղաքի Նժդեհ փողոցի 37-րդ տունը։ Այս ընկերությունը թեև հիմնադրվել է 2014 թվականին, սակայն 2018 թվականից պատկանում է Դիաննա Սարգսյանին։ Ու հետաքրքիր զուգադիպությամբ, հենց ձեռքբերումից հետո այս ընկերությունը սկսում է ակտիվ մաս կազմել պետգնումներում։ 2019 թվականից սկսած՝ գնման տարբեր ընթացակարգերով, այդ թվում՝ առանց մրցույթի, ընկերությունը միլիոնավոր դրամների բազմաթիվ պայմանագրեր է կնքել պետական գերատեսչությունների հետ։
Հիմա մեկ այլ զուգադիպության մասին․ միջոցառման մեկնարկից ի վեր՝ բանակային խաղերը ԿԳՄՍ նախարարությունը բացառապես վստահում է Ստեփանավանում գրանցված ընկերություններին։ Նկատենք՝ բանակն էլ իշխող թիմը վստահել է ստեփանավանցի թիմակից Սուրեն Պապիկյանին։
Բայց այս մասին առավել մանրամասն․ այսպես՝
2023 թվականին բանակային խաղերի մրցաշարը կազմակերպել էր «Լոռե Գրուպ» ՍՊԸ-ն (Ստեփանավան, ՉԱՐԵՆՑԻ Փ., 122), որը Վլադիմիր Գևորգյանի ընտանեկան բիզնեսի մի կտորն է։ Իսկ մենք հիշում ենք, թե հատկապես 2018 թվականից հետո ինչ ակտիվությամբ է Գևորգյանը մասնակցում պետգնումներին։ 2023 թվականին այս խաղերը պետությանն արժեցել էին շուրջ 43 միլիոն դրամ։
2024 թվականին՝ «Սփլայեր» ՍՊԸ-ն, որն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, գրանցվել է 2024 թվականի մարտի 29-ին, ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արամ Մարգարյանին։ ՍՊԸ գտնվելու վայրն է Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան, Չարենցի փողոց 106 Ա հասցեն։ 2024 թվականին խաղերին ուղղվել էր 61 միլիոն 20.200 դրամ։
2025 թվականին այս խաղերի անցկացումը վստահվել է Ռուզաննա Մովսիսյան Վանիկի ԱՁ-ին, որի գրանցման հասցե է նշված Ստեփանավան, Չարենցի փողոց տուն 87-ը։ Խաղերի կազմակերպմանը նույն ընթացակարգով ուղղվել է 54 միլիոն 314.200 դրամ։
2026 թվականին էլ, ինչպես արդեն տեղեկացրինք, «Իվենթ սերվիս» ՍՊԸ-«ՎՍ գրուպ»-ին է վստահվել միջոցառման իրականացումը, իսկ ընկերության հասցե է նշվել քաղաք Ստեփանավանի Գարեգին Նժդեհ տուն 37-ը։ 54 միլիոն 381.600 դրամ էլ այս տարի է ուղղվել խաղերին։

