Գագիկ Ղազինյանը ԵՊՀ-ում չի աշխատի․ կես դարից ավելի գիտամանկավարժական ուղի ունեցող դասախոսին ծանուցագիր են ուղարկել
168․am-ի տեղեկություններով՝ շաբաթներ առաջ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, այժմ դասախոս Գագիկ Ղազինյանը ծանուցվել է, որ Երևանի պետական համալսարանը նրա հետ չի երկարացնի աշխատանքային պայմանագիրը․ նա կազատվի դասախոսի աշխատանքից։
Գագիկ Ղազինյանի գիտամանկավարժական ուղին կես դարից ավելի է․ նա իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (ՀՀ-ում միակն իրավաբանության գծով), ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս, ՌԴ կրթության ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ իրավաբանների միության նախագահ։
Ըստ մեր աղբյուրի՝ թեև ԵՊՀ-ից ծանուցագիրն ուղարկվել է, սակայն որևէ հիմնավորում չի ներկայացվել այս որոշման պատճառների մասին։ Բայց դժվար չէ ենթադրել, որ պատճառները քաղաքական են․ Գագիկ Ղազինյանի որդին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանն է։

