«Սերժ Սարգսյանը հասկանում է, որ այլևս չխոսելը խնդրի լուծում չէ…». Ստեփան Սաֆարյան

«Ինձ թվում է՝ արդեն Հայաստանը հասել է մի այնպիսի հանգրվանի, երբ Հայաստանի նախագահը հասկանում է, որ այլևս չխոսելը խնդրի միասին, իմաստ չունի, որևէ լավ բան չի տալիս, որովհետև Հայաստանը բազմաթիվ հիասթափություններ է ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ երեկ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Ս. Սաֆարյանի խոսքով, նախ՝ Հայաստանին համոզեցին, որ եթե ինքն անդամակցի ԵՏՄ-ին, ապա իր անվտանգությունը կամրապնդվի ոչ միայն «դիմորդ» եղած ժամանակահատվածում, այլև անդամակցությունից հետո, սակայն, ըստ քաղաքագետի, Հայաստանն ամենևին չի զգում, որ իր անվտանգությունը բարելավվել է.

«Խոսքը միայն տնտեսական և այլ անվտանգություններին չի վերաբերում, այլ ռազմաքաղաքական անվտանգությանը: Ի վերջո, Հայաստանը, որը հույս էր փայփայում, կամ որին հավատացրել էին, թե Ղարաբաղը փաստացի այդ տարածության մաս կդառնա՝ չդարձավ: Ինչպես նկատեցինք՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի ջանքերով՝ Ռուսաստանը ոչինչ չկարողացավ անել կամ չուզեցավ անել: Ի վերջո, նաև տեսանք, որ միությունը քաղաքական չէ, և հետևաբար՝ Հայաստանը որևէ ակնկալիք չի կարող ունենալ՝ այդտեղ ռազմաքաղաքական անվտանգության մեկ այլ նոր մակարդակի հասնելու առումով»:

Կարդացեք նաև

Ս.Սաֆարյանը հիշեցրեց, որ 2012-13 թվականներին, երբ Հայաստանի պաշտպանության նախարարին հարցրեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, նախարար պատասխանել էր. «Հայաստանը մտահոգություն չունի, որովհետև Ռուսաստանն ասել է, որ ինքը վերահսկում է բալանսը և չի խախտի այդ բալանսը»: Այսինքն՝ որքան տալիս է Ադրբեջանին, նույնքան տալիս է Հայաստանին: Բայց 2014 թվականի ամառը, աշունը Հայաստանին ապացուցեցին մի բան, որ կա՛մ Ռուսաստանը չի վերահսկում բալանսը և ի զորու չէ զսպել Ադրբեջանին, կա՛մ չի ցանկանում դա անել:

Իհարկե, օգոստոսին Պուտինը, իր մոտ կանչելով Ալիևին և Սերժ Սարգսյանին, ցուցադրաբար ասաց, որ վերջ տրվի այդ ամեն ինչին, և Սերժ Սարգսյանը հարցազրույց տալով և գնալով արձակուրդ՝ ասաց, որ պատերազմ չի լինի, և այս ամեն ինչն ավարտված է, որովհետև Ռուսաստանի նախագահը միջամտել է: Բայց աշնանը, նաև հունվարին սահմանին տեղի ունեցածը, որի արդյունքում մենք արդեն տասնյակից ավելի մարդիկ կորցրեցինք, կարծես թե ապացուցում է, որ այստեղ էլ Ռուսաստանը կա՛մ ունակ չէ զսպել Ադրբեջանին, կա՛մ չի ցանկանում»:

Քաղաքագետ կարծում է՝ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ այլևս այս խնդրի մասին չխոսելը լավ բանի չի բերելու:

Հարցին՝ հաշվի առնելով Ձեր կողմից թվարկված բոլոր դիտարկումները, ինչպես նաև այն, որ մայիսին Աստանայում կայանալիք ԵՏՄ անդամների հանդիպմանը Հայաստանին չեն հրավիրել, հնարավո՞ր է, որ նախագահի այս հայտարարությունը նշանակում է, որ ինքն էլ արդեն հնարավոր է համարում ԵՏՄ-ից դուրս գալը և դեպի եվրոասոցիացում գնալը, Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ ինքը վստահ չէ, որ Հայաստանն այդքան համարձակություն կունենա: Միաժամանակ՝ Ս. Սաֆարյանը նշեց, թե Հայաստանը, կարծես, հասկացնում է, որ ինքը չի ստացել այն, ինչն ակնկալում էր, կամ ինչը խոստացվել է.

«Չգիտեմ՝ Սերժ Սարգսյանն ինչ է մտածում, բայց Հայաստանը կարող է այս իրավիճակն օգտագործել առնվազն լեգիտիմացնելու իր անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունները Եվրամիության և այլ կառույցների հետ, որոնք կփոխեն իրավիճակը: Եթե ԵՏՄ-ն դա չի կարողանում անել, և Ռուսաստանը չի կարողանում տեր կանգնել նախկինում տված իր խոստումներին, ապա սա առիթ է՝ հիշեցնելու իր խոստումները և հասկացնելու հիասթափության բուն անկումները և նաև քայլեր կատարելու երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ»:

Հարցին էլ՝ ըստ Ձեզ՝ ռուսական կողմի համար սպասելի՞ էր, որ ՀՀ նախագահն այդպիսի հայտարարություն կանի, և ինչպե՞ս այդ հայտարարությունը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, քաղաքագետը պատասխանեց, որ կարծում է՝ Ռուսաստանում արդեն ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում Հայաստանում.

«Իրենք պետք է հասկանան, որ իրենց պահվածքը, Գյումրիի ռազմաբազայի այդ զինծառայողի կողմից կատարված հանցագործությունն ուղղակի նողկալի է, որ այն նվաստացուցիչ է Հայաստանի ինքնիշխանության և պետականության համար: Ի՞նչ է նշանակում՝ ասել, թե Հայաստանում ինչ շարժվող բան կա Ռուսաստանին պատկանող, ուրեմն՝ նրա վրա տարածվում է Ռուսաստանի Սահմանադրությունը: Սա խայտառակություն է ուղղակի: Այն ամեն ինչը, որ թվարկեցի, ըստ էության, դրա լրացումներն էին: Հետևաբար՝ Ռուսաստանն ինքն էլ պետք է հասկանա, որ հայ-ռուսական հարաբերությունները կարող են թևակոխել խոր ճգնաժամի փուլ, եթե ինքը չի վերանայել իր քայլերը, որոնք ուղղակիորեն շոշափում են Հայաստանի շահերը: Դա կլինի Ադրբեջանի հետ իր տնտեսակա՞ն, թե՞ ռազմական համագործակցության շրջանակներում, դա կլինի Հայաստանում կատարվածին մեկնաբանություններ տալուն կամ քայլեր անելո՞ւն, թե՞ դա կվերաբերի ԵՏՄ շրջանակներում որոշումների ընդունմանը, որոնց, այնուամենայնիվ, Հայաստանը պետք է մասնակից լինի»:

 

Տեսանյութեր

Լրահոս