Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը պրոբլեմ է, և այդ պրոբլեմը պետք է լուծում ստանա. Սերժ Սարգսյան
«Խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից»,- այսօր այս մասին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Հայաստանի` ԵՏՄ անդամակցության և ԼՂ հակամարտության կողմերին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի մասին մոսկովյան լրագրողի հարցին:
Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն դաշնակցային հարաբերություններ, այդ թվում` «Բարեկամության և փոխադարձ օգնության պայմանագիր», ՀՀ-ն ու ՌԴ-ն դաշնակիցներ են նաև ՀԱՊԿ-ում, և, ինչպես բոլորը գիտեն, ԽՍՀՄ փլուզումից ի վեր ՀՀ-ում ռուսական ռազմակայան է տեղակայված: «ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը և սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տևական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»,- ասաց Սերժ Սարգսյանը: