Ինչու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը չի գործում
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի տնօրեն Արման Դանիելյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ չունենք: «Այն համակարգը, որ մենք այսօր ունենք, վաղաժամկետ չէ, որովհետև գրեթե 5 տոկոսից քիչն են ազատվում: Կարող ենք ասել՝ չի աշխատում այդ համակարգը, և պայմանական էլ չէ, որովհետև այն 5 տոկոսի առաջ, որին ազատում են, չի դրվում որևէ պայման,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա՝ հավելելով,- Այսօրվա դրությամբ՝ այս համակարգը ուղակի չի գործում: Պատճառները, կարող ենք ասել, անկախ հանձնաժողովներում են, որոնք կտրուկ նվազեցրին այդ թիվը, բայց, միևնույն ժամանակ, պիտի հասկանանք, որ այդ հանձնաժողովները ևս չունեին համապատասխան գործիքներ և տեսականորեն չէին կարող աշխատել»:
Արման Դանիելյանի խոսքով՝ աշխարհում ընդունված է կրկնահանցագործության ռիսկի գնահատման հիման վրա դատապարտյալներին ազատելը, հետևաբար, նրա կարծիքով՝ երկու խնդիր ունենք՝ ինչպես գնահատել դատապարտյալներին, և ով պետք է գնահատի նրանց:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների աշխատանքը սուբյեկտիվ է: «Այդ հանձնաժողովների մեծամասնությունն ուժային կառույցների, գործադիր իշխանության ներկայացուցիչներ են, և նրանց հոգեբանությունը պատժիչ հոգեբանություն է, և ընդհանրապես ես չգիտեմ՝ պաշտոնական բացատրություն եղե՞լ է, թե՞ ոչ, թե ինչո՞ւ ստեղծվեց այդ հանձնաժողովը՝ որպես միջանկյալ օղակ քրեակատարողական հիմնարկների հանձնաժողովի ու դատարանների միջև, կուլիսային բացատրությունը եղել է, թե իբր դա արվել է կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: բայց արդյունքում մենք ունենք մի շատ վատ վիճակ, որ այդ հանձնաժողովն ընդհանրապես չի աշխատում»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Նրա ասաց, որ հաճախ դատապարտյալները մերժում են ստանում այն պատճառով, որ նրանց դեմ քաղաքացիական հայց կա ներկայացված, և հարց հնչեցրեց, թե բանտում նստած մնալով՝ ինչպե՞ս կարող է դատապարտյալը տալ այդ գումարները: Նա նաև կարծիք հայտնեց, որ գուցե համաներման անհրաժեշտություն չլիներ, եթե գործեր պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը:
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանն էլ ասաց, որ դատապարտյալների հիմնական բողոքը կապված է հենց պայմանական վաղաժամկետ ազատման հետ:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետ Միքայել Զախարյանն ասաց, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը Հայաստանում չի գործում: «Ինստիտուտը կա, գործում է, և այստեղ խնդիրը զուտ չափերի մէջ է, քանակի մեջ է, թե ինչքան մարդ է կարողանում օգտվել այդ իրավունքից, իրականացնել իր այդ իրավունքը»,- ասաց նա՝ նշելով, որ պայմանական վաղաժամկետ ազատումն իրավական հնարավորություն է: Նա նաև կարծիք հայտնեց, որ այս գործընթացներում սուբյեկտիվությունը, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար պետք է հստակ չափանիշներ լինեն: Նա նաև ասաց, որ անկախ հանձնաժողովի ստեղծումից հետո պայմանական վաղաժամկետ ազատվողների թիվը նվազել է:
Արման Դանիելյանն ասաց, որ պետք է լինեն հստակ չափանիշներ, որոնք հնարավորություն կտան գնահատելու դատապարտյալներին, դատապարտյալները պետք է իմանան՝ ինչ անեն, որպեսզի պայմանական վաղաժամկետ ազատվեն: