Սերյոժային որդեգրել շատերն էին ցանկանում: Հիմա թող որդեգրեն այլ երեխաների
Փոքրիկ Սերյոժան բոլորիս համար ինչ-որ շատ անորոշ, անհավանական հաղթանակի հույս էր: Այս սարսափելի ոճրագործությունից հետո, ի հեճուկս մարդասպանի (կամ մարդասպանների)՝ փոքրիկ այդ մարդուկը շարունակել էր ապրել՝ սվինահարված, արնաշաղախ, սարսափելի այդ ցրտին՝ առանց վերմակի, սպանված ծնողների, հարազատների հարևանությամբ: Եվ դա հրաշք էր: Ու բոլորս նախևառաջ կառչեցինք այդ մտքից՝ տեղի է ունեցել հրաշք: Իսկ հրաշքը հենց այնպես հնարավոր չէ. ենթադրեցինք, թե սա բոլորիս ուղղված ուղերձ է՝ չկոտրվելու, հույսը չկտրելու: Ի վերջո, փրկվել է ընտանիքի արու զավակը, ուրեմն պիտի ապրի:
Սերյոժան ողջ երկրի համար այն վերջին տերևն էր, որի ընկնելուց բոլորս վախենում էինք: Ու, թերևս, յուրաքանչյուրը ենթագիտակցորեն վախենում էր իր համար. Սերյոժայի ապաքինման հնարավորությունն ապահովության մի տեսակ անհասկանալի զգացողություն էր հաղորդում:
Հանրապետության լավագույն բժիշկներն ամեն րոպե պատրաստ էին հրաշքով ողջ մնացած այդ փոքրիկի մասին լուրերը հայտնելու առաջնահերթությունը միմյանց չզիջելով՝ ներկայացնել՝ ինչպես է նա, որքան է նրա ապաքինվելու հավանականությունը, ինչ է արվում նրա կյանքը փրկելու համար:
Ցավոք, Սերյոժա Ավետիսյանին սվինով հասցված հարվածները ու, թերևս, նրա հարազատների բացակայությունը, կյանքի հետ անհամատեղելի էին:
Երեխան հիմա չկա: Սակայն կան բոլոր այն մարդիկ, որոնք այս ձագուկի կենդանության օրոք պատրաստ էին նրան որդեգրել, նրա ֆինանսական խնդիրները հոգալ, իրենց տանը պահել, մեծացնել՝ հարազատ երեխայի պես…
Կան բոլոր այն բժիշկները, որոնք չափազանց հոգատար ու մարդկային էին հատկապես Սերյոժայի հանդեպ: Այսինքն՝ բոլորս տեսանք, որ հասարակության միահամուռ հետաքրքրությունը ներկայացնող երեխայի, պարզապես ՝ ՄԱՐԴՈՒ հանդեպ, բժիշկները, ցանկության դեպքում, կարող են մարդկային, մասնագիտական անմնացորդ վերաբերմունք ցույց տալ:
Հետևաբար, բժշկական ողջ անձնակազմը, փոքրիկ Սերյոժայի կյանքի ամեն վայրկյանով ապրող մեր հասարակությունը, կարո՛ղ են նույն վերաբերմունքին արժանացնել ծնողներից զրկված, մասնագիտական բժշկական հոգատարության կարիք ունեցող նաև ա՛յլ երեխաների:
Բժիշկները, ինչպես և մեզնից յուրաքանչյուրը, կարող է իր ջերմությունն ու հոգատարությունը տալ առանց ծնողների, առանց ընտանեկան ջերմության մեծացող, առողջական զանազան խնդիրներ ունեցող երեխաների: Իսկ դա չափազանց ռեալ է, քանի որ այդ երեխաները, բարեբախտաբար, ողջ են, սվինահարված չեն ոճրագործների ձեռքով: Նրանց կյանքում ևս ողջ մնալը հրաշք է: Պարզապես այդ մասին լրատվամիջոցները չգիտեն ու, հետևաբար, հրաշք հիշեցնող բազմաթիվ նման լուրերը չեն տարածել:
Ի վերջո, փոքրիկ Սերյոժայի դեպքում համընդհանուր ջերմությունն ու հոգատարությունը հնարավոր եղավ: Ու սարսափելի թևաթափ կարող է անել միտքը, թե սվինահարված ու հրաշքով ողջ մնացած այս փոքրիկի հանդեպ համընդհանուր ուշադրության, հոգատարության հիմքում առասպելի, հրաշքի սպասել-չսպասելու հետաքրքրությունն էր և ոչ թե` մարդկային սովորական կարեկցանքը յուրաքանչյուրի հանդեպ, ով նման վիճակում է հայտնվել:
Պետությունը կարող է սուգ հայտարարել կամ, ինչպես Սերյոժայի ընտանիքի կոտորածից հետո` չհայտարարել: Դա հիմա արդեն էական էլ չէ: Սգալն այս դեպքում անգամ մեծ ու չհիմնավորված շռայլություն է: Ի վերջո, ինչպես ցասումը, այնպես էլ վիշտը վատ խորհրդատուներ են:
Պետք է որդեգրել ծնողազուրկ երեխաների կամ ստանձնել առանձնահատուկ հոգատարության կարոտ երեխաների խնամակալությունը: Շա՛տ կոնկրետ, անհատապես, ոչ թե ցուցադրական հայտարարություններով կամ ի լուր ամենքի` իքս գումար նվիրաբերելով: Բոլորս տեսանք, թե մի փոքրիկ, հիվանդ երեխային որքան շատ խնամք ու հոգատարություն էր անհրաժեշտ, որքան մասնագետներ էին ներգրավված նրա առողջական խնդիրները հոգալու:
Այսինքն՝ յուրաքանչյուր ծնողազուրկ կամ հիվանդ երեխայի ապրելու համար չափազանց մեծ հոգատարություն, մարդկային մեծ ներուժ է պետք:
Սերյոժան իր շատ կարճ կյանքով, թերևս, բոլորիս ուղղված կարևոր ուղերձ թողեց. հիշեցինք, որ կարող ենք միմյանց հանդեպ կարեկից ու հոգատար լինել:
Հետևաբար, բոլորը, ովքեր բարձրաձայն կամ մտքում ցանկություն էին հայտնել օգնել ու իր զավակի պես ընդունել Սերյոժային, ունեն այդ հնարավորությունը՝ ուշադրության ու հոգատարության սպասող այլ երեխաների հանդեպ:
Այդպես, թերևս, ավելի անկեղծ ու ճիշտ կլինի:
Չկա այլևս փոքրիկ Սերյոժան, ու մենք օրվա մեջ հազար անգամ չենք փորձի նրա առողջության մասին որևէ դրական լուր փնտրել: Բայց կյանքը թելադրում է լինել ուժեղ ու անգամ անսահման ու անսփոփ վիշտն արժանապատվորեն տանել:
Իսկ արժանապատիվ այս դեպքում` նշանակում է, որ Հայաստանում ոչ մի երեխա չպետք է ապրի առանց ծնողների ու ոչ մի երեխա բժիշկների ու հասարակության անտարբերության պատճառով չպետք է այնպես հեռանա կյանքից, որ որևէ մեկն այդ մասին անգամ չիմանա:
Սերյոժան դեռ խոսել չգիտեր, բայց, կարծեմ, սա այն էր, ինչ նա կարողացավ մեզ փոխանցել…