61 թեկնածուից պետք է ընտրվի 11 ակադեմիկոս և 16 թղթակից անդամ
Հարցազրույց Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանի հետ
– Դեկտեմբերի 27-ին տեղի է ունենալու ԳԱԱ ընդհանուր ժողովը, որի ժամանակ պետք է ընտրվեն 11 ակադեմիկոսներ և 16 թղթակից անդամներ: Մրցույթը բավական մեծ է, և ըստ մեր տեղեկությունների՝ թեկնածուների համար բարեխոսում են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, տրվում է նույնիսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Արդյո՞ք ճիշտ են այդ խոսակցությունները, և արտաքին ազդեցություններն ի՞նչ չափերով կարող են ազդել ակադեմիկոսների վրա:
– Այո, իսկապես հավակնորդների թիվը բավական մեծ է` 61 հոգի, կան մասնագիտություններ, որտեղ մեկ տեղի համար հավակնում է վեց թեկնածու, դրանք են գրականագիտությունը և բժշկագիտությունը, որտեղ կա չորս հավակնորդ: Ինչ վերաբերում է ընտրությանը, ապա ակադեմիական ընտրություններն ամենաբարդն են: Վերջին մեկ ամսվա ընթացքում Ակադեմիայի գիտական մասնագիտական բաժանմունքներում, իսկ այդպիսիք 5-ն են, լսում էին հավակնորդներին, ուսումնասիրում էին նրանց հայտերը, և յուրաքանչյուր բաժանմունքում ձևավորվում էր թեկնածուի նկատմամբ կարծիք, որը նրանք կարտահայտեն վաղը, երբ տեղի կունենա ընտրության առաջին փուլը: Առաջին փուլում յուրաքանչյուր բաժանմունք պետք է ընտրի ամեն մի մասնագիտությամբ մեկ հոգի: Նկատի ունեցեք, որ թեկնածուն համարվում է բաժանմունքում ընտրված, եթե նրա օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների 2/3-ը: Դրանից հետո բաժանմունքի կողմից ընտրված թեկնածուն կրկին քվեարկվում է, այս անգամ՝ ԳԱԱ ընդհանուր ժողովի մասնակիցների կողմից, և դարձյալ նա կարող է ընտրվել ձայների 2/3-ով: Ճնշումների մասով կարող եմ ասել, որ ես իմ վրա որևէ ճնշում չեմ զգացել, չնայած ես էլ ընտրողներից մեկն եմ: Իհարկե, միջամտություններ կարող են լինել. իսկ այդ ո՞ր մի մրցույթն է, որ մրցանակաբաշխությունն է, որ անցնում է առանց միջամտության: Բայց մեզ մոտ ամեն ինչ արված է այդ միջամտությունները հնարավորինս բացառելու համար: Ընտրությունը երկու փուլով է, երկու փուլն էլ փակ գաղտնի են. մարդը մտնում է քվեասենյակ, քվեթերթիկները դրված են իր դիմաց. ինքն է, իր խիղճը, իր մասնագիտական մակարդակը և գրիչը:
– Քանի՞ մարդ է մասնակցելու Ակադեմիայի ընդհանուր ժողովին:
– Մասնակիցների թիվը հիմա ճշտվում է, որովհետև կան մարդիկ, ովքեր հիվանդ են, բայց խոստացել են, որ իրենց ուժերը կհավաքեն և կգան կմասնակցեն, կան մարդիկ, ովքեր գործուղման մեջ են. այսօրվա ճշտված տվյալներով՝ ընդհանուր ժողովին կմասնակցի 45 ակադեմիկոս և 56 թղթակից անդամ:
– Դեկտեմբերի 27-ին 61 թեկնածու փորձելու է դառնալ ակադեմիկոս կամ Ակադեմիայի թղթակից անդամ, կարո՞ղ եք գոնե իմ քանի անուն նշել, որոնք գիտության մեջ այնպիսի մի ճեղքում են կատարել, որի համար արժանի են դառնալ ակադեմիկոս:
– Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք գիտնականի մի ցայտուն օրինակ՝ անուն լսել, որը համաշխարհային հռչակ ունի: Բայց հարցին պետք է այլ կերպ նայել. կա պահանջ՝ ակադեմիկոսի և թղթակից անդամի, և չափանիշ՝ ո՞վ կարող է դառնալ ակադեմիկոս և թղթակից անդամ: Ակադեմիկոսի էլ, թղթակից անդամի համար էլ չափանիշն այն է, որ նրանք պետք է ունենան մեծ ներդրում գիտության բնագավառում, և պետք է ունենան աշխատանքներ, որոնք ունեն միջազգային ճանաչում: Ես նայել եմ գրեթե բոլոր հավակնորդների ներկայացրած աշխատանքների ցանկը, և այդ աշխատանքները տպագրված են շատ լուրջ միջազգային ամսագրերում: Այդ աշխատությունները մինչև տպագրությունն անցնում են լուրջ փորձաքննություն, և, եթե դրանք չհամապատասխանեին միջազգային չափանիշերին, դրանք չէին ընդունվի: Հավակնորդների մեծ մասը, բացառությամբ մեկ-երկուսի, ունեն միջազգային հանդեսներում տպագրված շատ լավ աշխատանքներ, և ես ափսոսանք եմ զգալու, որ մրցույթով անցնելու է մեկ հոգի, թեև կան մի քանի արժանավոր թեկնածուներ:
– Դուք ասում եք, որ միջազգային հանդեսներում շատ լուրջ գիտական աշխատանքներ հրապարակած գիտնականներ կան, սակայն հանրությանը հայտնի չեն իսկապես միջազգային ճանաչում ունեցող հայ գիտնականների անուններ, ինչպես, օրինակ, ժամանակին Վիկտոր Համբարձումյանն էր կամ Լևոն Օրբելին: Հայաստանը նույնիսկ Նոբելյան մրցանակի հայտ ներկայացրած գիտնական չունի իր անկախության ամբողջ շրջանում:
– Ճիշտ է, Հայաստանի Հանրապետությունը Նոբելյան մրցանակի հավակնորդ չի ունեցել: Բայց ես զգում եմ, որ հայ մարդու գենետիկայի մեջ կա հակում դեպի գիտությունը, իսկ թե ինչու մենք չենք ունեցել Նոբելյան մրցանակի դափնեկիրներ կամ հավակնորդներ, դարձյալ գալիս է այդ մրցույթների կազմակերպման մեթոդներից: Նայեք, թե ովքեր են Նոբելյան մրցանակի մրցանակակիրները` նրանց առնվազն կեսը հրեաներ են: Նրանք կարողանում են մեկը մյուսին ներկայացնել, բարձրացնել, ժամանակակից տերմինով ասած՝ PR անել: Բացի այդ, անկախության տարիներին տեղի է ունեցել արժեքների փոփոխություն, հետաքրքրությունը գիտության հանդեպ նվազել է: Եվ դա ինչ-որ տեղ բնական է, քանի որ գիտնականի աշխատավարձը շատ ցածր է, ավելի ցածր, քան հանրապետության միջին աշխատավարձը: Այս ամենը չի կարող չազդել գիտության զարգացման ընդհանուր միտումների վրա:
– Ի՞նչ կասեք Հայկ Դեմոյանի հայտարարության մասին, որով նա, ըստ էության, մեղադրել է Աշոտ Մելքոնյանին Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:
– Չափն անցել է: Դեմոյանը միշտ էլ խոսել է Մելքոնյանի դեմ, նրան տարբեր մեղադրանքներ է ներկայացրել, բայց այս դեպքում, եթե ավելի կոպիտ բառեր չասեմ, իսկապես չափն անցել է: