
Շվեդիան սառեցրել է երկկողմ քաղաքական շփումները Ռուսաստանի հետ

Ռուսաստանի եւ Շվեդիայի միջեւ երկկողմ քաղաքական շփումները սառեցվել են շվեդական կողմի նախաձեռնությամբ, ապրանքաշրջանառությունը նվազում է, մշակութային եւ սպորտային փոխանակումները հասցվել են զրոյի, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաեւը։
«Մեր երկկողմ քաղաքական շփումները սառեցվել են շվեդական կողմի նախաձեռնությամբ, ապրանքաշրջանառությունը անշեղորեն նվազում է, իսկ գիտական, մշակութային եւ սպորտային փոխանակումները, որոնք, կարծես թե, պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական հանգամանքների ազդեցությունից, հասցվել են զրոյի»,- նշել է ՌԴ դեսպանը։
Նրա խոսքով՝ ռուս-շվեդական հարաբերությունները ներկայում բարդ շրջան են ապրում։ Ինչպես նշել է Բելյաեւը, դա, ըստ էության, «Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ընդհանուր աշխարհաքաղաքական լարվածության լոկալ պրոյեկցիան է»։
Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը պարզաբանել է, որ Ռուսաստանի եւ Շվեդիայի միջպետական հարաբերությունների հիմնական նպատակն այժմ հանգում է դիվանագիտական փոխադարձ ներկայության պահպանմանը։
Բելյաեւի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլեր պետք է ակնկալել Շվեդիայից՝ որպես դրանց դադարեցման նախաձեռնող։