Բաժիններ՝

Ղրիմի մասշտաբային հոսանքազրկումը չի ազդել տեղի զորքերի մարտունակության վրա. ՌԴ ՊՆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմում այսօր առավոտյան գրանցված մասշտաբային հոսանքազրկումը չի ազդել թերակղզում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտունակության վրա: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ուկրաինան անջատել է Ղրիմին էլեկտրաէներգիա սնուցող հիմնական էլեկտրահաղորդագծերը, ինչից հետո Ղրիմում Ռուսաստանի զինված ուժերի բոլոր օբյեկտներն ավտոմատ անցում են կատարել էլեկտրաէներգիայի մատակարարման պահեստային աղբյուրների:

ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Ղրիմում տեղակայված մարտական հաշվարկներն ու հերթապահ ուժերն իրենց ծառայությունը կատարում են պլանային ռեժիմով: Ղրիմի էներգետիկայի ու վառելիքի նախարար Սերգեյ Եգորովը հայտնել է, որ թերակղզին ամբողջովին անջատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումից, ինչը միակողմանի իրականացրել է Ուկրաինան:

Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը պարզաբանել է, որ երկրում մշակվել է Ղրիմում ու Դոնբասում էլեկտրաէներգիայի անջատման պլան, և անջատումն իրականացվել է գրաֆիկին համապատասխան: Նա հավելել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումներն արդեն իսկ վերականգնված են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս