«Ռուսերեն չեք հասկանում, հա՞: Ինչո՞ւ եք բղավում». Զարուհի Փոստանջյանի ելույթը դուր չեկավ ՀՀԿ-ականներին
«Այս պայմանագիրը ոչ թե միայն տնտեսական համաձայնությունների պայմանագիր է, այլ ցույց է տալիս աշխարհում տեղի ունեցող քաղաքակրթությունների բախումը»,- այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի վերաբերյալ եզրափակիչ ելույթների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգաավոր Զարուհի Փոստանջյանը:
Չնշելով անուն՝ Փոստանջյանը ցիտեց ռուս մտավորականի վերջին հարցազրույցից մի հատված, այդ թվում այս խոսքերը՝ «В России две напасти: Внизу – власть тьмы, a наверху – тьма власти», ինչը աղմուկ բարձրացրեց դահլիճում:
«Ռուսերեն չեք հասկանում, հա՞: Ինչո՞ւ եք բղավում: Սա այն լեզուն է, որով շուտով դուք եք ստիպված լինելու խոսել»,- ՀՀԿ-ականների բողոքին ի պատասխան ասաց Զ.Փոստանջյանը:
«Դուք խախտում եք լեզվի մասին օրենքը, եթե պետք է ռուսերեն խոսեիք, մեկ օր առաջ ասեիք, ես թարգմանիչ կպատվիրեի»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«ԵՏՄ-ի լեզվով է խոսում»,- նկատեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Զ.Փոստանջյանը շարունակեց իր ելույթն ու նշեց, որ դա այն երկիրն է, որին տանում, բռնակցում են Հայաստանը. «Այս խորհրդարանը չի գիտակցում, թե ուր է տանում այս պայմանագիրը: Այն, ինչ տեղի է ունենում, կապ չունի հայ ժողովրդի հետ: Հայ ժողովուրդը չունի իր ուրույն օրակարգը, որով կառաջնորդվի: Այս միության անդամակցումը հենց դա է նշանակում: Իմ շատ սիրելի դաշնակցականները, որ խորհրդարանում ներկայացված են, նույնիսկ իրենք չունեն ձևակերպված օրակարգ»:
Հիշեցնելով Խրիմյան Հայրիկին՝ Զ.Փոստանջյանը նշեց, որ մենք փորձում ենք երկաթյա շերեփը փոխել ու թղթե վերցնել. «Եթե 3 ամիս հետո պատերազմական գործողություններ լինեն, ՌԴ-ն ու նրա դաշնակիցները թույլ չեն տա զինամթերք գնենք: Շատ վտանգավոր հայտարարություն արեց պարոն Քոչարյանը, որ Արցախը Հայաստան չէ: Դուք պատկերացրեք, թե ինչ սեպ եք խրում մեր մեջ: Ասում եք՝ մաքսակետ չի լինելու, բայց դուք ստորագրեք ու տեսեք ինչ պարտադրանքներ են լինելու մեր վրա: Մի վինտ ենք լինելու, որ մեր շահերից բխող ոչինչ չկա: Տնտեսություն չկա Ռուսաստանում, տնտեսական միությանն եք անդամակցո՞ւմ: Նորից ընկնելու ենք ոտքի տակ, ինչպես 100 տարի առաջ եղավ, ոտքի տակ ենք ընկնելու»:
Դիմելով օլիգարխներին՝ Զ.Փոստանջյանը զգուշացրեց, որ ինչպես ՌԴ-ում օլիգարխներին են պատժում, այնպես էլ այստեղի օլիգարխներին են ճնշելու: Նա կոչ արեց չգալ քվեարկության, հիվադանալ, որ բերման չենթարկեն:
«Հարգեք Ձեր ընկերներին: Այո, Արցախը Հայաստանի մաս չէ, Արցախը անկախ պետություն է, որի երաշխավորը Հայաստանն է»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: