«ՀԱՊԿ-ի կողմից ի՞նչ տեսանք ուղղաթիռի դեպքի, օգոստոսի գրեթե պատերազմական վիճակի հետ կապված»

«Երեք գործոն կա, որ խոսվում է՝ անվտանգության, սահմանադրականության և ինքնիշխանութան խնդիրների և տնտեսական շահի մասին: Ասում են՝ Սահմանադրական դատարանի որոշումը չի մեկնաբանվում, բայց ես չեմ տեսել դեպք, որ ՍԴ որոշումը վայելի ժողովրդականություն»,- այսօր ԱԺ նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նա թվարկեց Սահմանադրության մի քանի հոդվածներ՝ հայտարարելով, թե պայմանագիրը հակասահմանադրական է, որովհետև այս պայմանագրով լինելու է տնտեսական մարմին, որի որոշումները երկրների համար պարտադիր են, մինչդեռ Սահմանադրությամբ փաստվում է, որ հարկերը և պարտադիր վճարները կատարվում են ՀՀ օրենքներով, որը չի լինելու այս դեպքում: Խ.Քոքոբելյանի կարծիքով՝ ՀՀ-ն այս պայմանագիրը վավերացնելուց հետո չի կարողանալու իրացնել ինքնուրույն ֆինանսատնտեսական քաղաքականություն: Այսինքն՝ տեղի է ունենալու ֆինանսատնտեսական քաղաքականության, արտարժույթի սինխրոնիզացիա, չի գործելու ՀՀ մաքսային օրենսգիրքը, իսկ այդ գործիքից հրաժարվելու դեպքում չենք կարողանա զարգացնել տնտեսության ուղղությունները:

«Կայուն վատը շատ վատ բան է»,- հայտարարեց պատգամավորը՝ մատնանշելով 5 տարի որոշ ապրանքների մաքսադրույքների չփոփոխվելը:

Նա շեշտեց, որ ՀՀ-ն կարող էր ավելի էժան գնոց գազ ստանալ. «Գազի ալընտրանքը կա մեր քթի տակ՝ իրանական գազը, որ ռուսների կողմից թույլ չտրվեց խողովակը մեծ անել: Իրանի հետ ազատ առևտրի նոր պայմանագրի կնքնելու դեպքում պետք է հարցնել միությանը, նոր անել: Դա ինքնիշխանության կորո՞ւստ է, թե՞ ոչ»:

Խոսելով ռուբլու անկման մասին՝ Խ.Քոքոբելյանը նշեց, թե գաղտնիք չէ, որ մեր շատ տնտեսվարողներ հրաժարվել են ՌԴ ներմուծումներ անել, որովհետև դա վտանգավոր է գումարը ետ ստանալու տեսանկյունից: Նրա կարծիքով՝ գործառնական ծախսերը կնվազեն ընդամենը 20 դոլարով 200-ի մեջ, այլ էժանացումներ չեն լինի:

Խ.Քոքոբելյանն անդրադարձավ անվտանգության խնդրին. «Օգոստոսը, ուղղաթիռի հետ կապված դեպքերը… մի՞թե պարզ չէ, որ ՌԴ-ն անվտանգության խնդիր չի լուծելու: Ասում եք՝ գործարանային գներով 5 մլրդի զենք ենք գնում, բայց պատկերացրեք՝ մեկին տանկ են տալիս, մյուսին՝ 2 կալաշնկով, դա հարց է լուծո՞ւմ: ՀԱՊԿ-ի կողմից ի՞նչ տեսանք ուղղաթիռի դեպքի, օգոստոսի գրեթե պատերազմական վիճակի հետ կապված»:

Նրա բնորոշմամբ՝ այս պայմանագիրը վավերացնելով ընտրում ենք հաստատուն, ուղղակիորեն քաքայում գնացող տնտեսություն: Պատգամավորը նշեց, որ շատ է խոսվում ինտեգրացիայի լավ լինելու մասին, բայց հանցավոր խմբի հետ ինտեգրումը ոչ մի լավ բան չի կարող բերել.«ԵՄ շուկան 40 անգամ մեծ է և 7 անգամ մեծ շրջանառություն ունի: ԵՄ ասոցացման պայմանագրով խոսք էր գնում ստանդարտների մասին, ո՛չ պարտադրանքի: Ինչպե՞ս եք պատկերացնում Վրաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը ՌԴ ազդեցության տակ»:

Տեսանյութեր

Լրահոս