Օբաման Պեկինում իր պահվածքով հիշեցնում է անդաստիարակ ռեպերի. չինացի օգտատերեր
USA Today-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ինտերնետ-օգտատերերն ու փորձագետները քննադատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պահվածքը Պեկինում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովում:
Դժգոհության տեղիք է տվել այն, որ ԱՄՆ-ի առաջին դեմքը շարունակ մաստակ է ծամել, ինչպես նաև այն փաստը, որ նա չի ցանկացել օգտվել իր համար պատրաստված լիմուզինից:
Չինաստանի հասարակության վրդովմունքն է հարուցել այն, որ Օբաման չի ցանկացել նստել լիմուզինը, որը երկրների առաջնորդներին հերթով պաշտոնական միջոցառումից տեղափոխում էր ճաշկերույթի վայր: Դրա փոխարեն ԱՄՆ-ի նախագահը նախընտրել է սեփական ավտոմեքենան:
Բացի այդ, ավտոմեքենայից դուրս գալիս նա մաստակ է ծամել: Այդ ամենի համար չինացի օգտատերերն Օբամային անվանել են անդաստիարակ ռեպեր: Իսկ Պեկինի Ցինխուա համալսարանի պրոֆեսոր Յին Հոնգը չինական Weibo սոցցանցում գրել է. «Մենք այդ հանդիպումը պատրաստել ենք այդքան շքեղ՝ երգերով ու պարերով, սակայն նայե՛ք Օբամային, նա դուրս է գալիս իր մեքենայից՝ մաստակ ծամելով, կարծես դատարկապորտ լինի»:
Հիշեցնենք, որ Պեկինում իր պահվածքով աչքի է ընկել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դառնալով ոչ մեծ սկանդալի պատճառ: