Մի լա՜վ ծիծաղեցինք աղջկա վրա: Հետո՞…
Մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող նորածնից հրաժարվող ծնողներին դատապարտելու (եթե անգամ այդ որոշումը համարում ենք անմարդկային) իրավունք, կարծում եմ, որևէ մեկը չունի: Ինչպես նաև անիմաստ է հերոսացնել այն ծնողներին, որոնք խնամում են մտավոր կամ ֆիզիկական խնդիր ունեցող իրենց երեխային:
Ծնողներին մեղադրելուց առաջ՝ հասկանանք, թե ինչո՞ւ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում այս խնդիրն այսքան սուր չէ, որքան Հայաստանում: Ինչո՞ւ ԱՄՆ-ում, Եվրոպայում ծնողները մանկատնից կարող են որդեգրել հիվանդ երեխայի, մեզ մոտ՝ ոչ:
Ինչո՞ւ հիվանդ երեխա ունեցող ծնողի հանդեպ մեր պետությունն այսքան աննրբանկատ է, հասարակությունը՝ անտարբեր:
Ինձ թվում է՝ օրերս ֆիզիկական ինչ-ինչ խնդիրներով ծնված փոքրիկ Վահագնն էլ չունի ոչ մեկիս խղճահարության կարիքը, և ոչ էլ նրա ծնողներն ունեն մեր բարոյախրատական դասերի անհրաժեշտությունը:
Նայենք իրականության աչքերին՝ Վահագնի ծնողները երեխային ցանկանում են լքել, քանի որ ապրում են մեր միջավայրում:
Եվ եթե փորձենք ինքներս մեզ քննել, կարող ենք առանց բժիշկների էլ ախտորոշել՝ մեր հասարակությունն ավելի ծանր հիվանդ է, քան մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունեցողները: Եվ նախևառաջ՝ այն հիմնավորմամբ, որ այդ մարդկանց այնքան նվաստացնում ենք մեր խղճահարությամբ, մեր կարեկից հառաչներով՝ նրանց ֆոնին երջանիկ զգալու ինքնախաբեությամբ:
Երբ տեսնում եմ երկրի քաղաքական, տնտեսական էլիտային՝ հարսանիքների, կնունքների ու ծնունդների պարախմբերում պերմանենտ տաշի-տուշի անելիս ՝ դիագնոզն ավելի կոնկրետ է թվում՝ տկարամտություն:
Մեզ թվում է՝ մենք հստակ գիտենք «հիվանդ» և «առողջ» բառերի սահմանումները. հիվանդ է նա, ով ունի մտավոր կամ ֆիզիկական խնդիր, առողջ է նա, ով ունի 2 ոտք, 2 ձեռք և մարմնի մյուս մասերը՝ ըստ անատոմիայի դասագրքի:
Հենց երեկ սոցցանցում պտտվում էր հոլովակ՝ մի աղջկա մասնակցությամբ: Աղջիկը պատմում է, որ շատ է սիրում երգել, պարել, որ ցանկանում է մասնակցել «Եվրատեսիլին» ու անգամ հաղթել: Եվ նրա չափազանց միամտությունից, իրավիճակը ճիշտ գնահատել չկարողանալուց օգտվել էին, տեսագրել նրա երգը, պարը ու գցել շրջանառության մեջ: Ու մի ուրախություն, սրամտություններ, աղջկան ուղղված ամոթանք, թե ինչո՞ւ իրեն հայելու մեջ չի նայել՝ երգելու ու պարելու հավակնություններ ունենալուց առաջ, թող գնա բուժվի, և այլն, և այլն…
Նյութի վերնագրում էլ զգուշացված է առողջ ու բարձրաճաշակ «հանդիսատեսին», թե «տեսանյութն առանց ծիծաղի հնարավոր չէ դիտել»: (Հղումը չեմ դնում, քանի որ այդ տեսանյութը նկարահանած, ապա լրատվական կայքերում ու սոցցանցում պտտեցնողներին համարում եմ անառողջ հոգեբանությամբ մարդիկ, որոնք իրենց ավելի լիարժեք են զգում այլոց ծիծաղելի վիճակում դնելուց):
Առավել ևս, որ աղջիկն ակնհայտորեն չէր պատկերացնում, որ նկարահանման ողջ պրոցեսն իր վրա ծիծաղեցնելու, դիտումների ու «լայքեր» հավաքելու նպատակով է:
Հիմա՝ կարո՞ղ եք ասել՝ աղջի՞կը մտավոր խնդիրներ ունի, թե՞ նրան ծիծաղի առարկա դարձրած «առողջները», այդ տեսանյութը սրամտորեն մեկնաբանողները:
Նման միջավայրում, ուր խնդիր ունեցող մեկին կարող են ծիծաղի առարկա դարձնել, երիտասարդ ու կյանքի հարվածներին օբյեկտիվորեն անպատրաստ երիտասարդ ծնողները չե՞ն վախենա իրենց ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին սպասող ճակատագրից ու չե՞ն ընդունի ճակատագրական որոշում ՝ լքել նրանց:
13 տարի առաջ ծնվեց որդիս, ու նրան անմիջապես տեղափոխեցին 1-ին մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժին, որտեղ մնացինք ուղիղ 4 ամիս:
Պալատում, կյուվեզների մեջ, արդեն երեք երեխա կար՝ տարբեր արատներով: Երեքից էլ ծնողները հրաժարվել էին: Միայն մեկին էր այցելում տատը: Նա էլ, որպես «կյանք տեսած կին», համոզված էր՝ երեխան ապրող չէր այս աշխարհում, ու տղան ու հարսը չպետք է կապվեն երեխայի հետ, որ հետո ծանր չտանեն նրա մահը:
Երեխաների մասին հոգ էր տանում աշխարհի լավագույն բժիշկներից մեկը՝ Հրանտ Կալանտերյանը (հետաքրքրվեցի. նա այժմ Մուրացանի հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչն է): Ողջ օրը նա երեխաների հետ էր: Անգամ գիշերը, ժամը 3-ին, տանից գալիս էր հիվանդանոց, երեխաների մոտ:
Մի օր բժիշկն ինձ վերակենդանացման բաժանմունքից դուրս հրավիրեց: Երբ վերադարձա, կյուվեզներից մեկը դատարկ էր… 2-3 շաբաթ անց դատարկվեցին նաև մյուս երկու կյուվեզները:
… Այդ երեխաները, այդ թվում և՝ որդիս, դեռևս անուններ չունեին: Ու մեր երեխաներին անվանում էին մայրերի անունով: Ու երբ մահացավ առաջին փոքրիկը, տվեցին մոր անունը. «Ռուզանը մահացավ»:
Դատարկ կյուվեզներում նոր երեխա հայտնվեց: Վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն այս դեպքում ծնողները նրա կողքին էին: Ուզում եք` հավատացեք, ուզում եք` ոչ, այդ տխուր պալատից ողջ դուրս եկան միայն այն երեխաները, որոնց կողքին նրանց ծնողներն էին:
Ո՞վ է պատրաստ որդեգրելիս վերցնել հատկապես ոչ առողջ երեխայի, ինչպես վարվում են ամերիկացիները, եվրոպացիները: Եվրոպայում, բոլորս զարմանում ենք, երբ Ապոլոնի արտաքինով տղաների կողքին ուղեղային կաթվածով աղջիկներ են, կամ հակառակը: Մեզ մոտ հասարակությունն ինքը բարդույթավորված է. պատրաստ է կարեկցել հիվանդին, միայն թե նա իր հարազատը չլինի: Եվ անխոհեմաբար կարծել, թե որքան խեղճ են ու դժբախտ այն ընտանիքները, ուր հիվանդ երեխա է մեծանում:
Այս կարծրատիպը կարելի է կոտրել, եթե հասարակության շրջանում հեղինակություն, բարձր դիրք, մեծ կարողություն ունեցող մարդիկ ոչ թե հունիսի 1-ին այցելեն Խարբերդի մանկատուն կամ փափուկ խաղալիքներ ու կոնֆետ նվիրեն հաշմանդամություն ունեցող երեխաներին, այլ որդեգրեն նրանց:
Այդ դեպքում, ինչ խոսք, ազատությունները փոքր-ինչ սահմանափակվում են, քանի որ այդ երեխաներն առավել կարիք ունեն խնամքի ու հոգատարության, սակայն այնքան իմաստավորվում է երեխային խնամողների կյանքը, երեխայի հետ շփումը թույլ է տալիս կյանքը գրագետ կազմակերպել, տարբերել գլխավորը տասներորդականից:
Եվ, ամենակարևորը, հիմարությունների համար ժամանակ չի մնում…