Ռիչարդ Կիրակոսյան. Մինսկի խումբը կանխեց Պուտինի միակողմանի քայլերը

«Փարիզյան հանդիպման իրական նշանակությունը վերաբերում էր ոչ թե ղարաբաղյան հակամարտությանը, այլ Ֆրանսիային և Ռուսաստանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազորտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով հոկտեմբերի 26-ին ֆրանսիական նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցին:

Ռիչարդ Կիրակոսյանն իր այս տեսակետը բացատրում է այն թեզով, որ ինչպես Փարիզի, այնպես էլ սեպտեմբերի 4-ին Ուելսում ամերիկյան նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպումը արձագանք էին օգոստոսյան միջադեպերից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը.

«Սա երկրորդ կամ ֆրանսիական արձագանքն էր Պուտինի կողմից կազմակերպված Սոչիի հանդիպմանը: Առաջին արձագանքը եղավ Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպեց հայերի և ադրբեջանցիների հետ: Եվ սա նաև կարևոր էր Մինսկի խմբի համար, քանի որ այն հնարավորություն ստացավ վերականգնելու իր դիրքերը և հակադարձել Ռուսաստանի որևէ միակողմանի նախաձեռնությանը»:

Ռիչարդ Կիրակոսյանը փարիզյան հանդիպման վերաբերյալ երկու եզրակացություն ունի: Առաջինն այն է, որ Մինսկի խումբը հակադարձեց Ռուսաստանի միակողմանի նախաձեռնություններին և կանխեց Պուտինի միակողմանի քայլերը` միաժամանակ Ռուսաստանին ներգրավված պահելով` որպես Մինսկի խմբի համանախագահ:
«Երկրորդ կարևոր արդյունքն այն է, որ սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Մինսկի խումբն այլևս համբերություն չունի սպասելու Ադրբեջանին: Ադրբեջանը մարտահրավեր է նետում ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, այլև Մինսկի խմբին»,- ավելացրեց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Իսկ ընդհանուր առմամբ նա կարևոր է համարում այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպեցին, թեև միաժամանակ ավելացնում է` անակնկալ չէ, որ Փարիզում որևէ անակնկալ չեղավ. « Պետք է ասեմ, որ հայաստանյան կողմն ավելի ուժեղ էր Փարիզում, քան ադրբեջանականը,և Հայաստանի դիվանագիտությունը մնում է ուժեղ դիրքերում: Թեև հարկ է նշել, որ Հայաստանի այս առավելությունն ավելի շատ Ադրբեջանի սխալի արդյունք էր: Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը մերժել է Մինսկի խմբին Հայաստանի հետ միասնական հայտարարություն ստորագրելու հարցում, սակայն Ֆրանսիայի նախագահը ճնշում է գործադրել Ալիևի վրա` Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ կատարվող բռնությունների կապակցությամբ: Եվ Մինսկի խմբի ջանքերով ադրբեջանական կողմը համաձայնել է, որ թույլ կտա վստահություն կառուցելու գործընթացի շարունակումը»:

 

Տեսանյութեր

Լրահոս