Բուժում Գերմանիայում. Բուժում սեփական ցողունային բջիջներով
Դեռևս 10 տարի առաջ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի գաստրոէնտերոլոգների, հեմատոլոգների ու ուռուցքաբանների համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել ու առաջադրվել է բուժման նորագույն մեթոդ հիվանդների համար, որոնք տառապում են աղիքների բորբոքային հիվանդություններով` Կրոնի հիվանդությամբ (հիվանդության մասին մանրամասները տես ստորև` Ծանոթություն հատվածում) և որոնց համար դասական թերապիայի բոլոր մեթոդները համարվել են ապարդյուն:
Խոսքը վերաբերում է սեփական ցողունային բջիջներով կատարվող բարձր դոզաների իմունային սուպրեսիային:
Չարորակ լիմֆոմային հիվանդություններով տառապող հիվանդներից շատերի մոտ բարդացած փուլերում բարձր դոզայով քիմիոթերապիան սովորաբար հետևում է սեփական ցողունային բջիջների փոխպատվաստմանը. սա հաջողությամբ կիրառվում է նաև աուտոիմունային հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են օրինակ` սկլերոդերմիան, համակարգային կարմիր գայլախտը (Լիբմանն-Սակսի հիվանդություն) և ցրված սկլերոզը:
Ամեն դեպքում գրեթե մեկ տասնամյակ պահանջվեց, մինչև այս մեթոդի բոլոր քննադատները համոզվեին, որ բուժման այս մեթոդը աղիքային խրոնիկ բորբոքային հիվանդությունների դեպքում ոչ միայն անվտանգ է, այլ նաև` արդյունավետ:
Կատարվում է հետևյալը. առաջին փուլում հիվանդը ստանում է միջին դոզայի քիմիոթերապիա, որը ճնշում է իմունիտետը և ժամանակավորապես խոչընդոտում արյունակազմությանը:
Դրան հաջորդող դադարի շրջանում` մոտավորապես 10 օր անց,պերիֆերիկ արյան մեջ ի հայտ են գալիս արյունակազմական ցողունային բջիջներ, որոնք արյան հոսքի ցենտրիֆուգայի արդյունքում հավաքվում և սառեցվում են ամբուլատոր պայմաններում: Այնուհետև, երկուսից երեք ամիս հետո Կրոնի հիվանդությամբ տառապողն ստանում է բավական բարձր դոզայի քիմիոթերապիա, որի արդյունքում ակտուալ իմունային համակարգը շարունակում է տուժել և ճնշվել:
Դրանից հետո հիվանդը կրկին հետ է ստանում իր իսկ ցողունային բջիջները, որոնք այդ ընթացքում սառեցված պահպանվել են հեղուկ թթվածնի մեջ, որպեսզի արյունակազմության ֆունկցիան «հանգստանա» և սեփական օրգանիզմի իմունային համակարգը նորից սկսի վերականգնվել:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորներ Վոլֆգանգ Քրայզելը` ինտերնիստ, գաստրոէնտերոլոգ, և Յուրգեն Ֆինքեն` արյունաբան, ուռուցքաբան, դեռևս ինը տարի առաջ իրենց աշխատանքային թիմերի հետ համատեղ առաջին անգամ հիվանդներից մեկին փոխպատվաստեցին հիվանդի իսկ ցողունային բջիջները:
Հիվանդը`Ֆրանց Ֆեթցերը շատ էր ոգևորվել, քանի որ նրան բուժման ոչ մի մեթոդ այլևս չէր առաջարկվել: Նրա հաստաղին գրեթե ամբողջովին հեռացված էր: Փաստացի այս հիվանդն առաջին մարդն էր աշխարհում, որին Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան սկսեց բուժել այս նոր մեթոդով: Իսկ մեթոդն արդյունավետ եղավ: Ֆեթցերի մոտ այդ ժամանակից ի վեր վիճակի վատթարացում չի դիտվել, և այժմ ապրում է բնականոն կյանքով:
Ֆրայբուրգյան հետազոտությունների ընթացքում Չիկագոյի բժիշկները նույնպես զբաղված էին Կրոնի հիվանդության դեպքում սեփական ցողունային բջիջների տրանսպլանտացիայով: Մինչդեռ Ֆրայբուրգում զգուշությամբ բուժում էին մի քանի հիվանդների, ԱՄՆ բժիշկները խիզախորեն հասցրել էին փոխպատվաստել 24 հիվանդի ցողունային բջիջներ:
Սակայն Չիկագոյի և Ֆրայբուրգի գործընթացները տարբերվում էին միմյանցից մի քանի շատ կարևոր կետերով. ամերիկյան կենտրոնում հիվանդներին կատարվում է ցողունային բջիջների տրանսպլանտացիա, և նրանք դուրս են գրվում կլինիկայից` առանց հետպրոցեդուրային խնամքի:
Սակայն ի տարբերություն նրանց` Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայում հիվանդներն առաջին քիմիոթերապիայից մինչև ցողունային բջիջների փոխպատվաստում, իսկ այնուհետև նաև հետպրոցեդուրային խնամքից հետո գտնվում են հսկողության տակ և պարտադիր կերպով երեք ամիսը մեկ անգամ ներկայանում բուժող բժիշկներին:
Մանրակրկիտ վերահսկողության շնորհիվ ֆրայբուրգյան մասնագետները փորձում են խուսափել հիվանդության կրկնվելուց. քանի որ հիվանդների մի մասի մոտ անհրաժեշտ է շարունակել բուժումը ցածր դոզայի դեղորայքներով, ինչպիսիք են Կորտիզոնը կամ իմունոսուպրեսիվները, բարձր դոզայով քիմիոթերապիայի արդյունքում ի հայտ եկող իմունային համակարգի անկման դեպքում սեփական ցողունային բջիջներով ստացած փոխպատվաստւմը ամբողջովին բուժում է աղիքային լորձաթաղանթի բորբոքային փոփոխությունները:
Յուրգեն Ֆինքեն և Վոլֆգանգ Քրայզելը ուրախ են, որ համալսարանական կլինիկան այս ընթացքում գրեթե 8 տարի ժամանակ ունեցավ այս մեթոդի հետագա զարգացման համար. այժմ այն լիովին փորձարկված է և Կրոնի հիվանդությամբ տառապողների մոտ, որոնք փորձել են թորապիայի բոլոր մեթոդները, ընդունվում է որպես միակ արդյունավետ բուժման մեթոդ: