«Նիկոլ Փաշինյանին առհասարակ հետաքրքիր չէ Հայաստանը, հայ ժողովուրդը, իրավունքները. նրան միայն հետաքրքիր է ինքն ու իր իշխանությունը». Արտակ Բեգլարյան
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ երբ Եկեղեցում պատարագների ժամանակ հոգևորականներն օգտագործում են «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը՝ դրանով իսկ պատերազմ են հրահրում Ադրբեջանի հետ։
«Անդրադառնալ այն հարցին, թե ինչի եմ ասում, որ Եկեղեցին՝ Կտրիճ Ներսիսյանը և իր խումբը, ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդություն, դա շատ պարզ բացատրություն ունի: Ես գնում եմ պատարագների, և տեսնում եմ, որ պատարագի ժամանակ հղում են անում՝ Արցախի Հանրապետություն և այլն, ընդ որում, պատարագի տեքստում էդպիսի բան չկա, պատարագի տեքստից շեղվում են: Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է կոնֆլիկտ, այսինքն՝ հղում ենք անում՝ Արցախի Հանրապետություն և այլն, դա նախ նշանակում է կոնֆլիկտ, և հետո, եթե էդ տեսությունն ենք որդեգրում, այդ տեսության ճանապարհին, պետք է գնալ կոնֆլիկտի, բա ո՞նց ենք լուծում:
Ամեն էդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ՝ էսօր, վաղը, մյուս օրը, էն մյուս օրը, ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ: Երբ ամեն ամբիոնից ասում են՝ Արցախի Հանրապետություն, էդ պատերազմի ճանապարհին ոտք դնել է:
Ամեն անգամ մենք տենց ասում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին իր խոսույթն է զարգացնում: Էդ որ ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ, որտեղի՞ վերադարձի, կա՞ փախստականների վերադարձի թեմա, բա Ադրբեջանն էլ նույն ձևով նույն բանն է առաջ քաշում: Էդ թեմաները զարգանալու են, զարգանալու, բախվելու են իրար և դառնա պատերազմ»,- հայտարարեց Փաշինյանը։
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով, օրինակ, հետաքրքիր է, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը երբևէ չի արձագանքում Ադրբեջանի իշխանությունների, պետական մարմինների հայտարարություններին։
«Երբ, օրինակ, Ադրբեջանը հայտարարում է «Արևմտյան Ադրբեջան», «Զանգեզուր», «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձ, հայկական տեղանունները պետական մարմիններն ու լրատվամիջոցներն օգտագործում են ադրբեջանական անվանումներով, Նիկոլ Փաշինյանը չի՞ մտածում, որ սրանով պատերազմի հրահրում են անում։ Թե՞ ուղղակի ինքը վստահ է իր ուժերի վրա, որ պատերազմ չի սկսելու, բայց վստահ չէ, որ Ալիևը կսկսի կամ չի սկսի։
Իրականում հենց իրենց քաղաքականությունն է պատերազմի քաղաքականություն, որովհետև անընդհատ զիջելով, անընդհատ նվաստացվելով, բոլորիս նվաստացնելով, մեր անզիջելի սահմանները զիջելով՝ կլինի ֆիզիկական ու ոչ ֆիզիկական սահմաններ, դրանով Ադրբեջանին ցույց են տալիս, որ հնարավոր է նույնիսկ առանց պատերազմի ունենալ պատերազմի արդյունքներ։ Հնարավոր է ճանաչողական կամ հիբրիդ պատերազմ վարելով՝ ստանալ այն ամենը, ինչ իրենք ցանկանում են ստանալ։
Նիկոլ Փաշինյանը կա՛մ թուրք-ադրբեջանական քաղաքականությունն է վարում դիտավորյալ կերպով, որն ուղիղ իմաստով նշանակում է դավաճանություն, կա՛մ քաղաքական առումով նվազագույն հասունություն չունի, որ այս ամենն անում է տարիներ շարունակ»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Արտակ Բեգլարյանը։
Ըստ մեր զրուցակցի, կա նաև երրորդ տարբերակը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանին առհասարակ հետաքրքիր չէ Հայաստանը, հայ ժողովուրդը, իրավունքները, և այլն, նրան միայն հետաքրքիր է ինքն ու իր իշխանությունը։ Իսկ այդ իշխանության պահպանման համար զգում է, որ կարող է գնալ այդ ուղղությամբ, որպեսզի հայ հասարակությանը միշտ պառակտված պահի և որպեսզի կարողանա ժողովրդին վախեցնելով՝ արտաքին սպառնալիքով, ներքին «թշնամիներով», իր իշխանության հանդեպ եղած հնարավոր սպառնալիքները չեզոքացնել։
Արտակ Բեգլարյանը վաղուց այն համոզմունքին է, որ Նիկոլ Փաշինյանը շատ բաներ շատ լավ էլ հասկանում է և հասկանալով է այդ ամենն անում. օրինակ, չպետք է Արցախից բռնի տեղահանվածների ու Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցերը դնի նույն հարթության վրա։
«Գոնե ինքն այդպես է մեկնաբանում, որ իր իշխանությունը պահպանելու համար շատ բաներ անհրաժեշտ է անել։
Ի դեպ, մոտավոր նույն մոտիվացիան ունի Ալիևը, այսինքն՝ Ալիևն այնտեղ է հայատյացություն քարոզում, հայ ժողովրդի հանդեպ հանցագործություններ կատարում իր իշխանությունը հավերժացնելու համար, Նիկոլ Փաշինյանն այստեղ է այդքան զիջողական, նվաստացուցիչ ու պառակտող քաղաքականություն վարում իր իշխանությունը պահպանելու համար։
Իհարկե, այդ ամենը համեմելով քարոզչական մանիպուլյացիաներով, ժողովրդին մոլորեցնելով և այլն։ Բայց այս ամենը չի կարող տանել խաղաղության, այն լինում է արդար, արժանապատիվ և փոխհարգանքի հիման վրա եղած մոտեցումների շրջանակներում։
Երբ մի կողմն անընդհատ նվաստացնում է մյուս կողմին, թույլ կողմի իրավունքները մշտապես խախտվում են, թույլ կողմը չի կարող ունենալ խաղաղություն։ Ուղղակի սրանով ինքը հետաձգում է հնարավոր պատերազմը, բայց սրանով չի չեզոքացնում սպառնալիքը։ Իսկ սպառնալիքն ադրբեջանական գաղափարախոսությունն է՝ հայատյացությունը, որը չի վերացվում։ Սպառնալիքն Ալիևն է, մեր թուլությունն է, մեր պառակտվածությունը»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը։
Մեր զրուցակիցը շեշտում է՝ արցախահայերի վերադարձի որոշողը Նիկոլ Փաշինյանը չէ։
«Յուրաքանչյուր արցախցի, տվյալ պարագայում՝ փախստական անձ, ինքն է որոշում՝ ցանկանո՞ւմ է վերադառնալ, թե՞ ոչ։ Ցավոք, Նիկոլ Փաշինյանից կախված է պետական դիրքորոշումը, և քանի որ արցախցիներն անտեր են, և պետություն մենք չունենք, միակ պետությունը, որը ստանձնել էր մեր պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետությունն էր, փաստացի ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքից կամ չկամությունից է կախված մեր վերադարձի քաղաքական օրակարգը։ Սակայն սա չի նշանակում, որ մշտապես այսպես է լինելու։
Նիկոլփաշինյանները կգան ու կգնան, իսկ մեր իրավունքները մշտական են լինելու: Էականն այն է, որ մենք այս հարցում թևաթափ չլինենք ու վերադարձի համար մեր պայքարը շարունակենք»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։



