Ինչո՞ւ է Թրամփը սկսում խոսել Իրանի դեմ պատերազմը շուտով ավարտելու մասին
Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախաձեռնությամբ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարում է Իրանի հետ պատերազմը շուտով ավարտելու մասին, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարում է՝ ԱՄՆ-ը կավարտի Իրանի հետ պատերազմն «իր ժամանակացույցի համաձայն», միջազգային մամուլի հրապարակումներն ու Իրանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ Իրանը չի պատրաստվում նահանջել և ավելի է կոշտացնում իր հռետորաբանությունը:
Նախ հիշեցնենք, որ մարտի 10-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե պատերազմը «գրեթե ամբողջությամբ ավարտված է»։ Թրամփը նաև նշել էր, որ «մենք արդեն հաղթել ենք բազմաթիվ առումներով, բայց բավարար չափով չենք հաղթել»։
Ի տարբերություն Թրամփի, Հեգսեթն ասել էր, թե ԱՄՆ-ը չի նահանջի Իրանի հետ պատերազմից, մինչև «թշնամին լիովին և վճռականորեն չպարտվի»:
«Ինչպես երեկ հայտարարեց նախագահ Թրամփը, մենք ջախջախում ենք թշնամուն՝ ցուցադրելով տեխնիկական հմտություններ և ռազմական ուժ»,- նշել է Հեգսեթը։ Նրա խոսքով՝ Իրանի առաջնորդները «հուսահատ են և շտապում են», քանի որ պատերազմը շարունակվում է արդեն երկրորդ շաբաթը։ Մինչդեռ Միացյալ Նահանգները մտադիր է հարձակվել Իրանի հրթիռային ներուժի, նավատորմի և ռազմաարդյունաբերական բազաների վրա։
Մարտի 9-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել էր ԱՄՆ նախագահ Թրամփի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել է, որ Թրամփը զանգահարել է Պուտինին՝ քննարկելու «մի շարք չափազանց կարևոր թեմաներ՝ կապված միջազգային իրավիճակի ներկա զարգացումների հետ»։
Զրույցի գլխավոր թեմաներն են եղել Իրանի հետ հակամարտությունը և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները։
Ուշակովը պատմել է, որ Պուտինը մի շարք նկատառումներ է հայտնել՝ ուղղված իրանական հակամարտության շուտափույթ քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, այդ թվում՝ հաշվի առնելով Պարսից Ծոցի երկրների առաջնորդների, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ ունեցած շփումները։
Ըստ նրա, Թրամփն իր գնահատականն է տվել իրավիճակի զարգացմանը՝ ընթացող ամերիկա-իսրայելական գործողության համատեքստում։ «Նշեմ, որ այս հարցի շուրջ տեղի է ունեցել բավականին առարկայական և, կարծում եմ, ոչ անօգուտ մտքերի փոխանակում»,- ասել է նախագահի օգնականը։
Այս ամենին զուգահեռ՝ լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Իրանը չի ընդունում հրադադարի վերաբերյալ միջնորդական նախաձեռնությունները և սեփական պայմաններն է առաջադրում ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու համար։ «Իրանը մերժում է հրադադարի վերաբերյալ բոլոր միջնորդական նախաձեռնությունները, քանի որ ունի պայմաններ և ցանկանում է իրական երաշխիքներ ստանալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը մերժում է միջնորդների ներկայիս առաջարկները, քանի որ դրանք համարում է ոչ բավարար և պնդում է ավելի հստակ պարտավորությունների շուրջ։ Մասնավորապես, Թեհրանն ԱՄՆ-ից պահանջում է.
- Չհարձակման երաշխիքներ ապագայում,
- Փոխհատուցման վճարում,
- Համաձայնություն, որ Իրանը կկարողանա իրականացնել միջուկային վառելիքային ամբողջական ցիկլ իր ատոմային էներգետիկայի օբյեկտներում։
Bloomberg գործակալությունն էլ գրում է, որ ԱՄՆ զինված ուժերը լուրջ դժվարությունների են բախվել Իրանի հետ դիմակայությունում՝ Իսլամական Հանրապետության հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մեծ զինանոցի պատճառով։ Ըստ պարբերականի տվյալների՝ հակամարտության մեկնարկից գրեթե երկու շաբաթ անց ամերիկյան զինվորականները ստիպված են ակտիվորեն ծախսել թանկարժեք որսիչ հրթիռներն իրանական հարձակումները հետ մղելու համար, և չնայած Պենտագոնի հայտարարություններին այն մասին, թե հարվածների թիվը կրճատվել է շուրջ 80 տոկոսով, Թեհրանը շարունակում է ամենօրյա հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ռազմական օբյեկտներին և էներգետիկ ենթակառուցվածքներին։
Bloomberg-ը նշում է, որ Իրանը տարիներ շարունակ կուտակել է հրթիռների և անօդաչու սարքերի պաշարներ՝ դրանք տեղակայելով երկրի տարբեր շրջաններում։ Բալիստիկ հրթիռներն ունակ են հաղթահարել ԱՄՆ դաշնակիցների հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ Shahed տիպի էժան դրոնները ստիպում են կիրառել ՀՕՊ թանկարժեք միջոցներ։ Ըստ հրապարակման, իրանական որոշ համակարգեր խանգարում են ԱՄՆ-ին լիակատար վերահսկողություն հաստատել Իրանի օդային տարածքի նկատմամբ։
«Չկարողանալով հասնել օդում բացարձակ գերակայության՝ ամերիկյան զինվորականներն ավելի ակտիվ են կիրառում հեռահար հրթիռներ։ Bloomberg-ի տեղեկություններով՝ մարտական գործողությունների առաջին հարյուր ժամվա ընթացքում օգտագործվել է մի քանի հարյուր Tomahawk հրթիռ»,- գրում է Bloomberg-ը:
Գործակալությունը մատնանշում է, որ նման սպառազինության արտադրությունը սահմանափակ է։ Պենտագոնի նախկին աշխատակից Էլեյն Մաքքասքերի գնահատմամբ՝ տարեկան թողարկվում է հարյուրից պակաս Tomahawk հրթիռ, ուստի պաշարների վերականգնման համար կարող են տարիներ պահանջվել։ Ավելի վաղ The New York Times-ը նույնպես գրել էր, որ Իրանի կողմից էժան դրոնների կիրառումը հանգեցնում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների թանկարժեք հրթիռների արագ սպառմանը։
Ըստ պարբերականի՝ մեկ Shahed-136 անօդաչու սարքը կարող է արժենալ 20-50 հազար դոլար, մինչդեռ Patriot համալիրի մեկ հրթիռն արժենում է ավելի քան 3 միլիոն դոլար։ Ամերիկացի պաշտոնյաները մարտական գործողությունների առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի ծախսերը գնահատում են մոտ 6 միլիարդ դոլար։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ հակամարտության առաջին հինգ օրվա ընթացքում Իրանն արձակել է ավելի քան 500 բալիստիկ հրթիռ և ավելի քան 2 հազար անօդաչու թռչող սարք։
«168 Ժամի» հետ զրույցում իրանցի վերլուծաբան Խայալ Մուազինը վստահություն հայտնեց, որ Իրանը տիրապետում է իրավիճակին, և միանշանակ չի պարտվում, եթե ոչ՝ հակառակը, քանի որ, նրա խոսքով, ԱՄՆ-ը պատերազմը կանգնեցնելու և դեմքը փրկելու եղանակներ է փնտրում:
Նրա խոսքով, դա են ցույց տալիս ԱՄՆ-ի դիվանագիտական քայլերն ու հակասական հայտարարությունները: Նա գտնում է, որ Իրանում պատրաստ են ցանկացած սցենարի, երկար ժամանակ պատրաստվել են պատերազմի, ուստի պատերազմն ամենայն հավանականությամբ կկանգնի այն դեպքում, երբ Իրանի պայմաններն ընդունվեն:
«Սա արտասովոր իրավիճակ է: Արդեն երկրորդ անգամ, իսկ այս անգամ նաև շատ արդյունավետ բանակցությունների ընթացքում հարձակում են իրականացնում Իրանի նկատմամբ, փորձում անակնկալի բերել և պարտության մատնել:
Պատերազմը սկսել է ԱՄՆ-ը, սակայն իրավիճակը թելադրում է Իրանը, և ելքը կախված է նրանից, թե որ կողմը որքան կկարողանա դիմակայել և ինչպես: Իրանում վճռական են պատասխանել հակառակորդների հարձակումներին, ինչպես նաև վճռական են տրամադրված, գործելով հստակ՝ թիրախավորվում են միմիայն հարձակում իրականացնող կողմերը՝ Իսրայելն ու ամերիկյան բազաները ռեգիոնում, որոնք Մերձավոր Արևելքի ռեգիոնում ամերիկյան ներկայությունն են մարմնավորում:
Բացի այդ, Իրանը հայտարարել էր, որ եթե լինի հարձակում, ապա Իրանն այն ընկալելու է՝ որպես լայնամասշտաբ պատերազմ, և այդպես էլ արել է»,- նման տեսակետ հայտնեց Խայալ Մուազինը: Այնուամենայնիվ, նրա դիտարկմամբ, ընդհանուր տեղեկատվական ֆոնը թույլ է տալիս պնդել, որ Արևմուտքը ցանկանում է կանգնեցնել այս ամենը:
«Սակայն Իրանում հասկանում են, որ հարցը պետք է հիմնովին լուծվի»,- ասաց Խայալ Մուազինը:
Ինչ վերաբերում է հարավկովկասյան ռեգիոնին, ապա, նրա կարծիքով, պատերազմի ներկայիս ընթացքը բխում է ռեգիոնի ու Իրանի շահերից:
Նրա խոսքով, եթե Իրանի մոտ խնդիրներ ծագեն, առաջին հետևանքներն ամենայն հավանականությամբ հենց Հայաստանը կզգա, որն ունի Իրանի աջակցությունը բոլոր հարցերում:
«Ակնհայտ է, որ եթե թուլանա Իրանը, դրանից Հայաստանը չի շահելու, դրանից շահելու են այլ ուժեր, ինչը չի բխում ՀՀ շահերից: Ուստի Իրանը հանուն իր և ռեգիոնալ կայունության՝ պետք է շարունակի իր հստակ քաղաքականությունը»,- ասաց Խայալ Մուազինը:



