Ինչո՞ւ Ծառուկյանը չխոսեց. ըստ Կ.Քոչարյանի՝ դա նպատակ ուներ մեծացնել հետաքրքրությունը

«Հայաստանում ներքաղաքական իրավիճակն այժմ այնպիսին է, ինչպիսին որ կար մինչև հոկտեմբերի 10-ը: Գոնե ես չեմ տեսել ոչ մի փոփոխություն»,- նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Վերջինս ևս արձանագրեց, որ հանրահավաքը բավականին մարդաշատ է եղել, բայց ասաց նաև, որ հանրահավաքին եկած մարդիկ էին այս անգամ ուրիշ. «Սա ռադիկալ ընդդիմության էլեկտորատ չէր, ինչպես սովորաբար լինում է հանրահավաքներին վերջին 25 տարվա մեջ: Խնդիրն այն է, որ այդ էլեկտորատը ԲՀԿ-ի, Գագիկ Ծառուկյանի էլեկտորատն էր: Տարբերությունն ընդամենը դա էր: Դա զգացվեց հատկապես այն ժամանակ, երբ հայտարարեցին, որ Գագիկ Ծառուկյանն է ելույթ ունենալու, թեև ելույթ չունեցավ: Այդ ժամանակ  հրապարակի ռեակցիան շատ ավելի ուժեղ էր, քան, ասենք, կես ժամ ելույթ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանի համար»:

Ըստ Կ. Քոչարյանի՝ քառյակն ունի օրակարգ՝ գալ իշխանության, ինչը նորմալ է. «Ինչպես ցանկացած քաղաքական ուժ, այնպես էլ ոչ իշխանական ուժերն այսօր աշխատում են գալ իշխանության, որպեսզի կյանքի կոչեն իրենց ծրագրերը: Թե ինչքանով կստացվի, չգիտեմ: Իսկ արտահերթ ընտրությունների հավանականություն ևս այս պահի դրությամբ չեմ տեսնում»:

Անդրադառնալով այն հարցին՝ հանրահավաքի նպատակը հեռահա՞ր էր, թե՞ կարճաժամկետ պլանի համար, Կ. Քոչարյանն ասաց, որ կարճաժամկետ էր ՀԱԿ-ի պարագայում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանափոխությունը կլինի ավելի շուտ, քան պատկերացնում ենք, իսկ ԲՀԿ-ի պարագայում հնչում էին իշխանափոխության կոչեր, բայց դա հեռահար էր, այսինքն՝ ընտրությունների միջոցով, 2017-18 թվականները նկատի ունեին. «Գալ իշխանության առանց ցնցումների. սա ԲՀԿ-ի հռետորաբանությունն է: Ընդհանուր առմամբ, հանրահավաքի տեխնոլոգիան ՀԱԿ-ինն էր, այսինքն՝ մինչև վերջ պահել ինտրիգը՝ կգան լիդերները, թե ոչ, ելույթ կունենան, թե չեն ունենա, հանրահավաքն ավարտել «Queen»-ի «We are the champions»-ով և այլն: Համենայնդեպս, դա շատ նման էր ՀԱԿ-ի տոխնոլոգիային, նրանք սովոր են արդեն նմանատիպ հանրահավաքներ անցկացնել և անցկացնել բավականին բարձր մակարդակով»:

Ինչո՞ւ չեք անդրադառնում «Ժառանգություն» կուսակցությանը, արդյո՞ք այն դուրս մնաց գործընթացից. լրագրողների այս հարցին ի պատասխան՝ Կ. Քոչարյանն ասաց. «Ժողովուրդ, դուք չե՞ք նկատել, որ «Ժառանգություն»-ը վերջին արդեն քանի՜ տարիներին ընդհանրապես դուրս է գործընթացից: Պառլամենտական գործունեության մեջ էլ իրենց մոտ բավականին ծանր է վիճակը, քանի որ դեռևս 2012թ., երբ «Ժառանգության» այն հիմնական կորիզը, որին սովոր էր տեսնել հասարակությունը վերջին 5 տարիներին, չմտավ պառլամենտ, ունեցանք այն, ինչ ունենք նրանց պարագայում: Այսինքն՝ թող ինձ ներեն նրանք, բայց «Ժառանգություն»-ը գործոն չէ արդեն»:

Անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չխոսեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքին և արդյո՞ք դա չթուլացրեց նրա դիրքերը, արդյո՞ք չպակասեցրեց նրա հանդեպ ժողովրդի վստահությունը՝ Կարեն Քոչարյանն ասաց, որ եթե դա լիներ առաջին անգամ և առաջին անգամ նա ասեր՝ այդ մասին հաջորդ դասին, գուցե հետաքրքիր լիներ, բայց երբ այդ ամենն անընդհատ կրկնվում է, ապա սկսում է մարդկանց հոգնեցնել. «Ինձ թվում է՝ նրա այդ քայլն ուղղված էր հետաքրքրությունը մեծացնելուն, որպեսզի հաջորդ անգամ մարդիկ նորից գան, բայց այնպես չէ, որ այդ էլեկտորատը հաջորդ անգամ այլևս չէր գալու: Եթե դա լիներ ՀԱԿ-ի էլեկտորատը, որը գալիս է լսելու, ապա նրանք լրիվ ուրիշ ձև են տրամադրված, իսկ եթե Գագիկ Ծառուկյանը գա, կապ չունի նա կխոսի, թե չի խոսի, մեկ է, այս էլեկտորատը գալու է, մեկ է, նրանց բերելու են. բոլորս էլ, կարծում եմ, տեսանք, թե ինչքան ավտոբուս կար Մատենադարանի դիմացը: Այսինքն՝ այդ էլեկտորատի համար դա ոչինչ չի փոխում, բայց պոտենցիալ էլեկտորատն ավելի շատ կոտրվեց, քան ինչ-որ սպասումներ առաջացան»:

  Աստղիկ Իսկանդարյան

Տեսանյութեր

Լրահոս