Թևան Պողոսյան. Ցավոք, սխալ անելու ու ընդունելու ունակություն կառավարությունը չունի, ասում են՝ մենք բարելավում ենք՝ 3.5 տոկոսը իջեցնելով 1 տոկոսի

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում՝ խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ստեղծված զարգացումների ու հնարավոր լուծումների մասին, ասաց.

«Հիշում եմ, որ նույն կառավարությունը (մեզ համար կառավարությունը չի փոխվել, քանի որ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են) եռանդուն պաշտպանում էր այն գաղափարը, և բոլորիս համոզում էր, որ 3.5 տոկոսը և փաստաթղթերի չպահանջելը հեղափոխական մի նորամուծություն է Հայաստանում, որը կփրկի մեր փոքր և միջին բիզնեսը:

Ինչքան էլ ասում էինք՝ տոկոսը բարձր է, միգուցե ուրիշ մեխանիզմներ են պետք մշակել, որևէ բան չլսեցին, ընդունեցին այդ օրենքը: Օրենքը սկսեց գործել, բայց 1 տարի 9 ամիս անց նորից կռիվ է գնում, թե գիտե՞ք , այն ժամանակ սխալ էինք արել, հիմա այսպես ենք անում:

Ցավոք սրտի, սխալ անելու ու ընդունելու ունակություն կառավարությունը չունի, ասում են՝ մենք բարելավում ենք՝ 3.5 տոկոսը իջեցնելով 1 տոկոսի, բայց խնդիրը տոկոսը չէր, այլ փաստաթղթավորումը, գոնե դրա համար ընդունեն, որ իրենք այս գործընթացում սխալ են եղել, չեն լսել տարբեր հորդորներ»,- պարզաբանեց նա:

Կարդացեք նաև

Թևան Պողոսյանը բերեց նաև մի օրինակ, որի համար ինքը դեմ է քվեարկել. Նույն օրենքի փաթեթի մեջ բերել են, որ նայեք՝ մենք թույլ ենք տալիս մարդկանց համար ավելացում՝ մաքսային բեռների քանակի մեջ: 150 հազար դոլարի արժեքով կարելի է տուրիստական բեռներ ստանալ փոստերով, բայց այդ նույն փաթեթի մեջ դրեցին աուդիտի՝ խոշորի մոտից հանելու խնդիրը: Ամեն անգամ ասում ենք, եթե մի տեղում լավ բան եք անում, մյուսում՝ վատ, ապա բաժանեք, լավին՝ լավ կքվեարկենք, վատի մասին կխոսենք:

Նույն իրավիճակն է՝ բերել են օրենք, որտեղ ասվում է, թե հարկը 3.5 տոկոսից իջնում է մեկ տոկոսի, դրան ինչպե՞ս դեմ լինես, բնականաբար դրական ես գնահատում, բայց դրա մեջ այնքան բան են փոխում, որի մասին երբ խոսում ու բարձրաձայնում ես, բոլորը դա մոռանում են, հիշում են, որ կողմ ես քվեարկել: Հիմա մենք ձեռնպահ ենք քվեարկել, բայց ես չգիտեմ՝ դա լա՞վ է, թե՞ վատ, ինչպե՞ս կմեկնաբանվի»,- ասաց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս