Հայաստանը պետք է հասնի արժանապատիվ խաղաղության

Հարցազրույց «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ

– Պարոն Քոչարյան, ինչո՞ւ Ռուսաստանի իշխանությունը չի արձագանքում հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ Հայաստանից հնչող հարցադրումներին: Ռուսաստանում դա ներկայացվում է՝ որպես մի սովորական քրեական գործ, մինչդեռ Հայաստանում համոզված են, որ Հայրապետյանի կալանավորումն ինչ-որ քաղաքական նպատակներ է հետապնդում:

– Հայրապետյանին իսկապես չի կարելի վերաբերվել՝ որպես սովորական անհատի, որովհետև նա Ղարաբաղի հետ կապված բավական լուրջ գործընթացներ էր համակարգում, և նրա կալանավորմամբ այդ ամենը դրվում է հարվածի տակ: Ռուսաստանի իշխանությունները չէին կարող չիմանալ դրա մասին: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու նրանք չեն արձագանքում Հայաստանից հնչող հայտարարություններին, ապա պետք է հարցին նայել այսպես. իսկ ովքե՞ր են այդ հայտարարություն անողները, ո՞ւր են Հայաստանի և Արցախի իշխանությունները, որոնք պետք է պետական մակարդակով բարձրացնեին այդ հարցը, ցույց տային, որ Հայաստանի համար անընդունելի է իր քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը:

Մեզ փորձում են ասել, որ տակից ինչ-որ բան արվում է, բայց պետք է հնչի պետության ձայնը, պետությունը պետք է հրապարակային տեր կանգնի իր քաղաքացուն, իսկ տակից կամ դիվանագիտական խողովակներով կատարվող աշխատանքը դրան չի կարող խանգարել: Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքը տեր է իր յուրաքանչյուր քաղաքացուն, առավել ևս՝ Հայրապետյանի պայծառ անհատականությանը, ով օժտված է բարերարի այնպիսի հատկանիշներով, որը չի կարելի տեսնել շատ հայ գործարարների մոտ, ովքեր իրենց պահվածքով ուղղակի արատավորում են բարեգործության բուն իմաստը:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկայում Արցախի հետ կապված որոշ գործընթացներ կարող են տեղի ունենալ, և կալանավորելով Հայրապետյանին՝ չեզոքացնում են այն մարդկանց, ովքեր կարող էին դեմ լինել դրան:

– Եթե այդ վարկածն իրական է, և Հայրապետյանի կալանավորումը կապ ունի Արցախի հետ, ապա իշխանությունը պետք է ավելի հետևողական լիներ նրա ազատության հարցում:

– Ադրբեջանի իշխանությունը կոշտացրել է իր դիրքորոշումն Արցախի հարցում՝ պահանջելով ամեն ինչ և միանգամից: Հայտարարելով, որ Մինսկի խումբը սպառել է իրեն, Ադրբեջանը սպառնում է պատերազմով: Արդյո՞ք Հայաստանի արձագանքն ադեկվատ է:

– Հայաստանի և Արցախի դիրքորոշումը պետք է լինի իրար միջև եղած բոլոր խնդիրների կարգավորումը. Պետք է այնպես լինի, որ Հայաստանը և Արցախը չունենան որևէ տարաձայնություն: Իմ մոտ տպավորություն կա, որ մենք առանձին ենք գործում, իսկ դա բացառելու համար պետք է ամրապնդվի մեր թուլացած միասնականությունը: Որովհետև Հայաստանի ու Արցախի միջև միասնականություն թեև կա, բայց այն այնքան էլ ամբողջական չէ: Իսկ դրանից առաջ պետք է լուծվի Հայաստանի և Արցախի ինքնիշխանության ուժեղացման հարցը: Լևոն Հայրապետյանի հետ տեղի ունեցածը ևս ցույց է տալիս Հայաստանի և Արցախի թուլությունը: Ադրբեջանի դիրքորոշման կոշտացումը ևս վկայությունն է Հայաստանի թուլության. Որովհետև Ադրբեջանը մտածում է, որ Հայաստանը թուլացել է, և կարելի է ավելին ստանալ, քան կարող էր ստանալ մի քանի տարի առաջ:

– Դուք որքանո՞վ եք իրական համարում նոր պատերազմի հնարավորությունը:

– Եթե Ադրբեջանը կոշտացնում է իր դիրքորոշումը, դա դեռ չի նշանակում, որ նա պատրաստ է պատերազմի: Նա նման քայլի դիմելուց առաջ պետք է հասկանա, թե ում վրա կարող է հույս ունենալ պատերազմի դեպքում, ինչպես դրան կարձագանքեն արտաքին ուժերը, դա միայն Ադրբեջանի որոշելիք հարցը չէ:

– Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Հայաստանը կանգնած է նոր երկընտրանքի առաջ. կամ Հայաստանը չի մտնում Եվրասիական միություն, կամ մտնում է՝ առանց Ղարաբաղի: Որքանո՞վ եք իրական համարում նման երկընտրանքի գոյությունը:

– Ես չեմ ուզում անդրադառնալ Լևոն Տեր-Պետրոսյանի բանաձևին, այլ ուզում եմ ասել, որ Հայաստանի համար այսօր ամենակարևոր խնդիրն արժանապատիվ խաղաղության հասնելն է: Իսկ արժանապատիվ խաղաղության կարող է հասնել միայն ուժեղ պետությունը, մինչդեռ այսօր մենք հանդես ենք գալիս՝ որպես թույլ խաղացող, եթե համեմատելու լինենք Հայաստանը Վրաստանի և Ադրբեջանի հետ:

Ղարաբաղի կամ ցանկացած այլ հարց հնարավոր է լուծել հօգուտ մեզ, եթե կա ուժեղ պետություն. հիմա պետք է բոլորս մտածենք Հայաստանի ուժեղացման մասին: Դա պետք է լինի թիվ մեկ խնդիրը: Եվ եթե Հայաստանի առաջ ինչ-որ մեկը երկընտրանք է դնում, դա նույնպես մեր թուլության նշանն է: Դրա համար եմ ասում, որ մենք պետք է սթափվենք և մտածենք այնպիսի պետության ստեղծման մասին, որը կունենա նպատակ, որը կունենա կամքի կենտրոն, և որին հնարավոր չի լինի ինչ-որ բան թելադրել. լինի դա Մոսկվայից թե Վաշինգտոնից կամ մեկ այլ վայրից:

Այդպիսի պետություն կերտելու համար մենք պետք է այլ որակի իշխանություն ձևավորենք, որը չի ունենա լեգիտիմության խնդիր և ունենալով սեփական ժողովրդի աջակցությունը՝ կկարողանա հակազդել արտաքին թելադրանքին: Այդպիսի իշխանություն մենք ունեինք մինչև 1999թ. հոկտեմբերի 27-ը:

Տեսանյութեր

Լրահոս