Հայաստանն ու Թուրքիան կարող են հայտնվել մեկ միությունում. Ստանիսլավ Տարասով

Հուլիսի 24-ին REX լրատվական գործակալության կայքում հրապարակվել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի «Հայաստանն ու Թուրքիան կարող են հայտնվել մեկ միությունում» խորագրով հոդվածը, որը ներկայացվում է ստորև.

«Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ ունենալով ԵՄ-ի ու «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, անդրադարձել է Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների խնդրին:

Նա ընդգծել է, որ «Թուրքիան, շարունակելով շրջափակել Հայաստանի հետ սահմանը, խոչընդոտում է երկկողմ հարաբերությունների նորմալացմանը և ԵՄ-ի հետ Հայաստանի տրանսպորտային ու հաղորդակցային ուղիների շահագործմանը»:

Ավելին, նա «պարադոքսալ» է որակել այն, որ «ԵՄ-ին անդամակցել ձգտող Թուրքիան շրջափակում է հարևան երկրի հետ սահմանը, մինչդեռ ԵՄ-ի տարածքում ազատ տեղաշարժելը հանդիսանում է հիմնարար սկզբունք»:

Ավելի վաղ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման շուրջ Երևանի ակտիվ բանակցությունների շրջանում այդ դրույթը հնչեցրել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Անգամ այն բանից հետո, ինչ Հայաստանը որոշեց մտնել Մաքսային ու Եվրասիական միություններ, նա հուլիսին Դուբլինում «Եվրոպական ժողովրդական» կուսակցության (ԵԺԿ) լիագումար նիստում ևս մեկ անգամ հիշեցրեց «ԵՄ-ի մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման մասին»:

Այնպես որ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը, կարծես թե, չի ասել որևէ նոր բան: Սակայն բանն այն է, որ Եվրոպական հանձնաժողովի նոր ղեկավար Ժան Կլոդ Յունկերսը հայտնել է, որ ԵՄ-ը չի դիտարկում առաջիկա 5 տարում նոր անդամներ ընդունելու հնարավորությունը:

Նրա խոսքերով՝ ներկայումս բարդ է պատկերացնել, որ ԵՄ-ին անդամակցել ցանկացող որևէ երկիր կարող է ժամանակին կատարել բոլոր չափանիշները՝ անդամակցության համար:

Դրա համար էլ Բրյուսելի միջոցով Երևանի կողմից Անկարային «դիմելը» նպատակ ունի խթանել նրան՝ բացելու համար սահմանը, ինչը հետաքրքրական է: Հնարավոր է՝ դա կապված է նրա հետ, որ Թուրքիան նախաձեռնել է ԵՄ-ի մաքսային միությանն իր մասնակցության պայմանների վերանայում:

Ինչպես հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, «երկիրը գտնվում է ոչ շահավետ վիճակում, քանի որ 1995 թվականի համաձայնագրով ԵՄ-ի անդամ չհանդիսացող Թուրքիային պարտադրում են ԵՄ-ի երկրների 1/3-ի համար նվազեցնել մաքսատուրքերը»:

Եթե Երևանը փորձում է Անկարայի վրա ճնշում գործադրել սահմանը բացելու նպատակով, ապա Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զեյբեքչիի կողմից Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու և Ռուսաստանի ու Թուրքիայի միջև փոխադարձ վճարումների հարցում ազգային արժույթներին անցնելու նախաձեռնությունը պարունակում է նուրբ հակակոմբինացիա:

Ավելի վաղ Ադրբեջանը հրաժարվել էր ընդունել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի անձնական առաջարկը՝ միանալու համար Մաքսային ու Եվրասիական տնտեսական միություններին: Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆաևը պատասխանել էր միանշանակ.

«Ադրբեջանը չի պլանավորում մտնել այդ նախագծերի մեջ, որոնք ունեն ոչ միայն տնտեսական բաղադրիչ, այլև՝ քաղաքական ենթատեքստ»: Այդ միությունների մեջ Հայաստանի մտնելը «տեխնիկական պատճառներով» ձգձգվում է մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր, իսկ որոշ տվյալներով էլ՝ համապատասխան համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ 2015 թվականի հունվարից ոչ շուտ:

Միևնույն ժամանակ սեպտեմբերին Ստամբուլում կայանալու է ռուս-թուրքական աշխատանքային խմբի հանդիպումը՝ կապված Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մեխանիզմ մշակելու հետ: Այդպիսի իրավիճակում Երևանն ու Անկարան պոտենցիալ հայտնվում են միասնական առևտրա-տնտեսական միությունում, ինչը ենթադրում է այդ երկու երկրների միջև սահմանների ապաշրջափակում:

Ճիշտ է՝ Թուրքիան կարող է միությունում իր մասնակցությունը շաղկապել «ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությամբ», որի պատրվակով և Ադրբեջանի ճնշմամբ նա հրաժարվում է վավերացնել 2009 թվականի հոկտեմբերին ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները: Կամ էլ Անկարան կարող է անտեսել այդ խնդիրը՝ հայտարարելով, որ բացում է ոչ թե Հայաստանի, այլ՝ Մաքսային միության հետ սահմանը:

Բացի այդ, Մաքսային միության երկրների շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ Ղարաբաղը կարող է ստանալ «հատուկ կարգավիճակ»: Այդ ժամանակ էլ կարելի է խոսել թուրքական «Անակնկալ» գործողության մասին, որի մասին դեռևս 2013 թվականի նոյեմբերին խոսել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Հիշեցնեմ, որ այն ժամանակ նա հաստատել էր Իգդիրի շրջանում՝ հայ-թուրքական սահմանին, երկաթուղու վերանորոգման աշխատանքների կատարման փաստը:

Պատահական չէ, որ թուրքական ԶԼՄ-ները կազմակերպում են Հայաստանի հետ սահմանի շուտափույթ բացման մասին տեղեկատվական «արտահոսքեր»: Վերջին անգամ դա արել է Taraf թերթը, ըստ որի՝ Անկարան նախագահական ընտրություններից հետո պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը:

Ճիշտ է՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հանդես եկավ Հայաստանի հետ սահմանին ընկած «Ալիջանի» սահմանային անցակետի առաջիկա բացման հերթական հերքմամբ, սակայն ծուխն առանց կրակ չի լինում: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը 2014 թվականի սկզբին հայտարարեց, որ «դժբախտաբար մի շարք երկրներ շարունակում են աշխատանքներ տանել հայ-թուրքական սահմանի բացման նպատակով»:

Ընդգծենք նաև այն, որ բազմաթիվ փորձագետների կարծիքով` Թուրքիայի համար սահմանի բացումը տնտեսական տեսանկյունից չի ներկայացնում տնտեսական մեծ էֆեկտ, որ հայկական շուկան չափազանց փոքր է նրա համար: Այլ բան է Մաքսային միության շուկան:

Ստացվում է, որ Հայաստանը Թուրքիայի դեմ «խաղում» է ԵՄ-ի հարթակում, իսկ Թուրքիան «խաղը» սկսում է Մաքսային միության տիրույթում: Կարելի է ենթադրել, որ ընդհանուր առմամբ Անդրկովկասում և մասնավորապես Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ նախաձեռնում են աշխարհաքաղաքական ինչ-ինչ ընդհատակյա գործընթացներ»:

Տեսանյութեր

Լրահոս