Հայաստանի ինտեգրումը կկատարվի ոչ թե ՌԴ-ի, այլ Բելառուսի և Ղազախստանի հաշվին

Հարցազրույց Ուկրաինայի Քաղաքական հետազոտությունների
միջազգային կենտրոնի վերլուծաբան Իգոր Շևլյակովի հետ

– Պարոն Շևլյակով, ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում` պատերազմը, ինքնաթիռի հետ կապված դեպքը: Ի՞նչ սպասումներ ունեք:

– Դժվար է շատ հարցերի միանշանակ գնահատականներ տալ: Այն, որ սա պատերազմ է, ոչ ոք այլևս չի վիճարկում, դա ոչ միայն հասկանալի է, այլև այդ փաստը հրապարակային ընդունել է Արևմուտքը և սկսել է հրապարակային խոսել դրա մասին: Ինքնաթիռի միջադեպն էլ այդ հարցում շատ կարևոր դերակատարում ունեցավ: Այն դարձավ, այսպես ասած, և՛ հասարակական կարծիքի, և՛ պաշտոնական տեսակետի փոփոխման պատճառ: Միաժամանակ, վարկած կա, որ այդ միջադեպը խոչընդոտեց Ուկրաինայի տարածք զինված ներխուժում իրականացնելու վերաբերյալ Կրեմլի ծրագրերին:

Դատելով եղած փաստերից, որ ահաբեկիչների սպառազինությունն ավելացվում էր, սահմանին բերվում էր ծանր զրահատեխնիկա, ռուսական տարածքից ուկրաինական զորքերի գնդակոծություններ էին իրականացվում, Դոնբասի քաղաքներում իրադրությունը վատթարացել էր և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն ավելացել էր, կոչեր էին հնչում խաղաղապահներ մտցնելու մասին, չի բացառվում, որ խաղաղապահների անվան տակ հենց ռուսական զորքերն էին պատրաստվում մտնել Ուկրաինայի տարածք: Եվ եթե չլիներ այդ միջադեպը, հնարավոր է, որ մանևրեին, սկսեին քննարկել, թե զորքերի տեղակայումն արդարացվա՞ծ է, թե՞ արդարացված չէ, բայց փաստն արդեն կայացած կլիներ: Իսկ այժմ Արևմուտքի արձագանքը միանշանակ բացասական կլինի, և ՌԴ-ի կողմից ցանկացած քայլ կուժեղացնի միջազգային ճնշումը:

– Շատերը Ռուսաստանի քայլերն Ուկրաինայում որակում են` որպես միջազգային ահաբեկչություն, նաև կարծիք կա, որ դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի PR ակցիան է, որ ցույց տա իր ժողովրդին, թե որքան ուժեղ է Ռուսաստանը և ինչ կարող է իրեն թույլ տալ:

– Միանշանակ խոսք չի կարող լինել PR ակցիայի մասին: Սա Կրեմլի քաղաքականության շարունակություն է` ոչ խաղաղ մեթոդներով: ՌԴ ղեկավարությունն այս քաղաքականությունը սկսել էր որոշ ժամանակ առաջ: Սա ագրեսիա է մի պետության կողմից մեկ այլ պետության հանդեպ: Կարելի է դիտարկել և «ահաբեկիչ պետություն» եզրույթ, բայց ՌԴ ղեկավարութան քայլերի մասշտաբից ու տարբեր գործողությունների կենտրոնացումից դատելով` սա ագրեսիա է:

– Ձեր գնահատականով` որքանո՞վ են արդյունավետ ՌԴ-ի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները:

– Ներկայիս մակարդակով պատժամիջոցները ոչ միանշանակ արդյունք են ցույց տվել: Չկան հստակ վկայություններ, որ դրանք գործում են և ստիպում են ՌԴ ղեկավարությանը` վերանայել իր դիրքորոշումը: Այսինքն` դեռևս, հավանաբար, դրանք այնքան էլ արդյունավետ և ինտենսիվ չեն, ՌԴ առարկայական շահերին չեն հարվածել:

– Իսկ Ձեր կարծիքով` միջազգային հանրությունն ի՞նչ պետք է անի: Չէ՞ որ պատժամիջոցներն ազդեցություն կունենան նաև ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններ ունեցող մյուս երկրների վրա, այդ թվում` հենց Ուկրաինայի, նաև Հայաստանի, և այլն:

– Խնդիրը հարցի արժեքի մեջ է: Ուկրաինայի դեպքում դա մի քանի միլիարդի կորուստ է առևտրի մեջ: Բայց ամեն դեպքում` Ուկրաինան կպահպանի տարածքային ամբողջականությունը, և հետագա խաղաղ կյանքի հեռանկարն ավելին է, քան ցանկացած առևտուր, ցանկացած բիզնես:

– Ուկրաինայի պատերազմը դա պայքար է Եվրասիական տնտեսական միության հետ կապված Պուտինի ծրագրերի խափանմա՞ն պատճառով, քանի որ ՌԴ-ն մտադիր էր նաև Ուկրաինային ներգրավել իր ստեղծած միությունում, ինչը չհաջողեց:

– ԵՏՄ-ն` ինքն իրենով, Պուտինի անմիջական նպատակը չէ: Նրա նպատակը ՌԴ-ում իր իշխանության պահպանումն է այնքան, որքան կամենա, նաև մյուս տարածաշրջաններում իր իշխանության տարածումը, նախ` ետխորհրդային երկրների տարածքում: Խոսքը Պուտինի անձնական ամբիցիաների մասին է, որոնց աջակցում է իր շրջապատը, և այս պատերազմը մի կողմից` իր նպատակների իրականացումն է, մյուս կողմից` չենթարկվողների հանդեպ պատժի միջոց:

– ԵՏՄ-ն առանց Ուկրաինայի կկայանա՞, թե՞ դա կլինի ոչ ամբողջական, և, ի վերջո, ներքին տարաձայնությունները կհանգեցնեն դրա քայքայմանը: Շարունակում է շրջանառվել տեսակետը, որ 3 երկրների միջև լուրջ խոչընդոտներ կան, որ գուցե դեռ ամբողջությամբ տեսանելի չեն քաղաքացիներին, և որոնց պատճառով էլ անընդհատ հետաձգվում է Հայաստանի անդամակցությունը:

– ՌԴ-ի հետ միության գնացած երկրներն արդեն զգում են, որ ինտեգրացիայի մակարդակը դեռևս միայն տնտեսական է, որը տվել է իր առավելագույն արդյունքը: Բայց չեմ կարծում, որ հետագայում ՌԴ-ն կբավարարվի միայն տնտեսական ոլորտում իր կամքը թելադրելով:

Հայաստանի անդամակցության հետ կապված. Բելառուսն ու Ղազախստանն այնքան էլ, այսպես ասած, հիացած չեն այդ նախաձեռնությամբ: Արդեն որոշակի առևտրային հարաբերություններ և բյուջետային հոսքեր են ձևավորվել միության ներսում, որ շատ թե քիչ բավարարում են նրանց, իսկ Հայաստանի անդամակցության դեպքում վերաբաժանումն ակնհայտորեն կկատարվի Ռուսաստանի թելադրանքով, և մյուս կողմերի համար դա վնասաբեր կլինի: Այսինքն, ըստ էության, Հայաստանի ինտեգրումը կկատարվի ոչ թե Ռուսաստանի, այլ մյուս կողմերի` Բելառուսի և Ղազախստանի հաշվին: Եվ, հնարավոր է, որ դա էլ պատճառներից մեկն է, որ դեռևս Մաքսային միության ընդլայնումը հայտարարություններից այն կողմ առաջ չի գնացել: Պուտինն այս իրավիճակից լավ լուծում դեռևս չունի: Ըստ էության, այնպիսի իրադրություն է ստեղծվել, որ կամ պետք է ծայրահեղ քայլերի և էսկալացիայի գնա, կամ ընդունի իր մեղքը և իր երկրում իր հեղինակության մեծ կորստի գնով դուրս գա, որն առաջին հերթին` կհարվածի իր ռեժիմին ՌԴ-ի ներսում:

– Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների հետ կապված ի՞նչ կարծիքի եք: ՀՀ քաղաքական շրջանակներն աջակցում են Ռուսաստանին, մասնավորապես` ՄԱԿ-ում քվեարկությունը, իսկ հայ ժողովուրդը ցավում է ուկրաինացիների համար, շատ հայեր ուկրաինացիների հետ հավասար պայքարում էին Մայդանում: Ձեր կարծիքով` երկու երկրների հարաբերություններում ինչ-որ բան փոխվե՞լ է:

– Ինձ թվում է, որ Ուկրաինայի մեծամասնությունը հասկանում է, որ ՄԱԿ-ում Հայաստանի ղեկավարության այդ որոշման վրա ազդեցություն է ունեցել Կրեմլի շանտաժը և նույն քվեարկությունը դժվար թե ամբողջովին անկեղծ էր և համընկնում էր հայկական ղեկավարության իրական ցանկությունների հետ: Այս տեսակետը բավականին տարածված է մեր երկրում: Եվ հետո, ներկայումս այն ժամանակաշրջանը չէ, որ Հայաստանի հանդեպ ուշադրությունը մեծ լինի ուկրաինական մեդիատարածքում կամ քաղաքացիական հասարակության շրջանում: Հասկանալի է, որ այժմ Հայաստանի համար լավագույն ժամանակները չեն, և, բնականաբար, հայ-ուկրաինական հարաբերությունների համար նույնպես լավագույն ժամանակը չէ:

Տեսանյութեր

Լրահոս