ԱՄՆ հայկական ֆորումը շուտով կհրապարակի ու պետդեպարտամենտին կհանձնի նոր աղմկահարույց գործեր Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ. ԳԱԼԱ
Օրերս ԱՄՆ հայկական ֆորումը հայտարարությամբ հանդես եկավ, որով անդրադարձ կատարվեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու փաստին: Ու ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում ստորագրահավաք է իրականացվում, որով հայ համայնքի ներկայացուցիչները հիմնավորում և իրենց բողոք-դժգոհությունն են արտահայտում Սերժ Սարգսյանի՝ Տիգրան Սարգսյանին Վաշինգտոնում դեսպան նշանակելու որոշման դեմ: ԱՄՆ հայկական ֆորումն արձագանքել է ԳԱԼԱ-ի մի քանի հարցերի: Դրանք ներկայացնում ենք ամբողջությամբ:
-ԱՄՆ հայկական ֆորումը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ ստորագրահավաք է իրականացվում ՀՀ նախկին վարչապետին ԱՄՆ-ում արտակարգ ու լիազոր դեսպան նշանակելու Սերժ Սարգսյանի որոշման դեմ: Ովքե՞ր են միացել այդ ստորագրահավաքին, այս պահի դրությամբ քանի՞սն են իրենց ստորագրությունը դրել այդ փաստաթղթի տակ:
-Ստորագրահավաքին այսօրվա դրությամբ online ձևաչափով միացել են մոտ 2000 անձ և մի շարք հասարակական-քաղաքական նախաձեռնություններ՝ այդ թվում Հայկական Վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղը, Լոս Անջելեսի Գեոքաղաքական ակումբը, Հայկական Միություն հասարակական կազմակերպությունը, մի շարք համայնքի պատվավոր անդամներ, հասարակ քաղաքացիներ և այլոք: Ճիշտն ասած՝ բարձրացված խնդրի շուրջ արձագանքը շատ ավելի մեծ է համացանցային ցուցանիշներից: Եթե տեսնեք մարդիկ ինչպիսի խանդավառությամբ են մասնակցում այս գործընթացին, կարծում եմ կհասկանաք ինչի մասին է խոսքը:
–ՀՀ ԱԳՆ-ից արձագանքում են, որ Տիգրան Սարգսյանին դեսպան ԱՄՆ-ում նշանակել է Սերժ Սարգսյանը, հետևաբար նրա որոշումները չեն քննարկվում, ինչպիսի՞ն կլինեն ֆորումի ներկայացուցիչների հետագա քայլերը:
-Անկեղծ ասած, ԱԳՆ-ի արձագանքը մեծ ժպիտ առաջացրեց ֆորումի մասնակիցների մոտ: Բնականաբար ԱԳՆ-ն ժողովրդավարությանը ծանոթ չէ և, երևի, չի պատկերացնում որևէ անհամաձայնություն նախագահի որևէ որոշման դեմ: Ավելին: Դեսպանի լիազորությունների մերժումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը նախատեսվում է հենց ՀՀ Դիվանագիտության ծառայության մասին օրենքով: Այնպիսի տպավորություն է, որ ԱԳՆ-ն չի տիրապետում այդ օրենքին: Մեր բարձրացրած խնդիրը շատ պարզ է, և մենք հետևողականորեն առաջ ենք շարժվելու:
– ԱԳՆ-ից հայտնում են նաև, թե հայտնի չէ, արդյո՞ք ֆորումը գրանցվա՞ծ է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում, որպես համայնքային կառույց հանդես գալու իրավունք ունի՞, ի՞նչ կասեք այս մասին:
-Շատ ցավում ենք, որ ԱՆԳ-ն նման անհեթեթ արտահայտություն է թույլ տալիս: Երևի հենց նույն տրամաբանությամբ էլ վարում են արտաքին քաղաքականությունը: Ֆորումն իրենից ներկայացնում է կլոր սեղան, որի շուրջ մասնակցում են անհատներ և կազմակերպություններ: Խոսել ֆորումի գրանցված լինելու կամ իրավական կարգավիճակի մասին պարզապես ծիծաղելի է: Ի վերջո ստորագրահավաքի արդյունքները պետդեպարտամենտին ուղարկվում է ստորագրած անձի անունից: Ֆորումը ի սկզբանե ձևավորվել է որպես կոորդինացիոն շտաբ, որտեղ բարձրացվում են կոնկրետ խնդիրներ, որոնք լուծվելու են մասնակիցների միահամուռ ուժերով: Կուզենայինք շեշտել, որ ֆորումին մասնակցությունը չի ենթադրում որևէ պարտականություն մեկ այլ մասնակցի նկատմամբ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: