Բաժիններ՝

Հաղթանակ՝ անկախ արդյունքից

Ինքնանպատա՞կ է Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման դեմ երիտասարդների պայքարը, թե՞ դա պայքար է՝ առանց հաղթանակի, ինչպես tert.am-ի իր հոդվածում գրել էր Մարինե Պետրոսյանը: Այս հարցը, թերևս, բարձրացվում է այն ենթատեքստում, թե քաղաքացիական պայքարը՝ առանց քաղաքական դառնալու, առանց իշխանության հավակնության, ի սկզբանե դատապարտված է:

Այսինքն՝ պայքարող ակտիվիստները պարտված են՝ անկախ պայքարի արդյունքից:

1. Եթե շենքի ապամոնտաժումը կասեցվի, ինչպես ժամանակին կասեցվեց Մաշտոցի պուրակում բուտիկների տեղադրումը, և եթե պայքարի ինչ-որ փուլում հայտնվի Սերժ Սարգսյանը՝ սպիտակ թիկնոցով, և ասի. «Սիրուն չի», ուրեմն՝ երիտասարդները պարտված են, քանի որ այսպիսով լեգիտիմացնում են ոչ օրինական նախագահին:

2. Եթե շենքն ապամոնտաժվի, պայքարը, հասկանալի է, գրանցելու է պարտություն, քանի որ այն արդյունք չի գրանցելու:

3 Եթե ակումբի շենքն ապամոնտաժվի և կառուցվի «Հին Երևան» նախագծի ուղեծրում, քաղաքացիական նախաձեռնությունը դարձյալ պարտություն է արձանագրելու, քանի որ նրանց հիմնական ուղերձը հիշողության հասցեն չտեղափոխելն էր:

4. Եթե շենքը չքանդվի, թողնվի այսպես կիսախարխուլ, երիտասարդները, այդուհանդերձ, պարտվելու են, քանի որ նրանց հարկավոր էր Աֆրիկյանների ակումբը՝ ճարտարապետական ամբողջականության մեջ:

Այս մոտեցմամբ՝ պայքարն, ինչ խոսք, ի սկզբանե դատապարտված է և միայն էներգիայի ու էմոցիաների վատնում է: Ինքս մասնակցել եմ Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանության մեկ ակցիայի միայն՝ Տիգրան Համասյանի փոքրիկ համերգի օրը: Տիգրան Համասյանի խոսքը չեմ քննարկում, քանի որ երաժիշտն ակնհայտորեն չէր պատկերացնում՝ ինչ շենքի մասն է խոսքը, այն անվանեց 200-ամյա: Եվ նրա մտքերը քննարկել շենքի պահպանության կոնտեքստում, այնքան էլ ճիշտ չէ:

Ինձ սկզբում անհասկանալի ու տարօրինակ թվաց երիտասարդների՝ անվերջ ու ամեն գնով թիթեղյա պատնեշներին հարվածելու գաղափարը: Սակայն թիթեղյա պարիսպը շղթայով պահպանող ոստիկանների շղթան կտրելն ու պատին հարվածելը ներկաների համար կարևոր էր: Սա երիտասարդական էներգիայի ավելցո՞ւկն է հորդում, թե՞ մտածված, հաղթանակին միտված գործողություն է: Ակցիայի ժամանակ հանդիպեցի ընկերուհուս, որը մասնակցել էր 88-ի ուսանողական նստացույցերին:

Նրան էլ տարօրինակ թվացին պատնեշին միօրինակ հարվածները, սակայն հետաքրքիր դիտարկում արեց. հիշեց, թե ինչպես էին իրենք՝ ԵՊՀ ուսանողներով, կանգնում խորհրդային տանկերի առաջ ու որպես բողոքի, անհնազանդության նշան՝ սուլում: Տանկերի առաջ սուլելը հաղթանա՞կ է կամ հաղթանակին միտված գործողությո՞ւն է: Բազմաշերտ ու համակարգված պայքարի մեջ յուրաքանչյուրն ուզում էր իր մասնակցությունն ունենալ: Մենք, Կրուպսկայայի դպրոցի աշակերտներս, դասից փախչում էինք ու չափազանց կարևոր համարում ստվարաթղթե եռագույններ պատրաստելն ու քաղաքում տարածելը: Դա ինչ-որ բան ավելացնո՞ւմ էր պայքարին: Մեզ թվում էր՝ այո:

Երբ դիմորդը պարապում է ամբողջ տարին, մենք նրա հանդեպ հարգանքով ենք լցվում, քանի որ մարդն իրենից պահանջվող գործն անում է՝ անկախ նրանից՝ կընդունվի՞, թե՞ ոչ: Լավ կլինի, որ ընդունվի, եթե չընդունվի, կփորձի հաջորդ տարի: Սակայն, եթե ի սկզբանե մտածի, որ, միևնույն է, կրթական համակարգը կոռումպացված է, ու առանց Աշոտյանին ու Սերժ Սարգսյանին փոխելու՝ իր պարապելն ու անգամ ընդունվելն անիմաստ է, և դրանով հիմնավորի իր չպարապելը, նրան անլուրջ մեկը կհամարենք:
Քաղաքական այս համակարգի դեմ պայքարը չափազանց լուրջ ու մեծ պոտենցիալ է պահանջում: Այն չհաջողվեց փոխել անգամ 2008-ին, համաժողովրդական մեծ ընդվզման արդյունքում:

Նեղանալ, թե ինչու քաղաքացիական այս փոքրիկ նախաձեռնությունը չի բարձրացնում իշխանափոխության հարցեր, չի դառնում քաղաքական ուժ, այլ լոկալ պայքար է մղում՝ փրկելու մեկ շենք, արդար չէ:

Իմ տպավորությամբ՝ երիտասարդները պայքարում են և ցանկանում են հաղթել: Իսկ պայքարելու և հաղթելու ցանկությունն արդեն միջավայր է ստեղծում, մարող ածուխի մեջ կրակի կայծեր են երևում:

Պայքարը հարկավոր է բոլոր իրավիճակներում: Ինչպես քաղցկեղով հիվանդն է ամեն վայրկյան պայքարում իր կյանքի համար, թեև կարդացել է, թե քաղցկեղը լուծում չունի: Հիմա կարող ենք նրա պայքարը համարել իռացիոնալ, միջոցների անմիտ վատնում: Սակայն պայքարի հետ մեծանում է ապրելու հավանականությունը:
Այս երիտասարդները պայքարում են կոնկրետ շենքի պահպանության համար, սակայն պայքարի հիմքում միայն շենքի պահպանությունը չէ, այլ անհնազանդություն, անհամաձայնություն այն արժեքների դեմ, որի կրողն են իշխանությունները:

Ամեն պայքար, որքան էլ այն չհաշվարկված ու իռացիոնալ թվա, տալիս է իր պտուղները: Եթե անգամ ձախողված է, ապա գոնե նախադեպ է՝ մյուս անգամ հետևությունների համար:

Առանց իշխանություն ունենալու՝ ոչինչ փոխել հնարավոր չէ: Բայց այսօր ունենք, չէ՞, Մաշտոցի պուրակը: Միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձը 100 դրամ է: Կարող էինք չկենտրոնանալ այս խնդիրների վրա, ու բացի այս ձախողված իշխանություններից՝ ունենայինք նաև բուտիկապատ պուրակ կամ երթուղայինի համար վճարեինք ավելին, քան 100 դրամը:

Կուսակցությունները Հայաստանում հեղինակություն չեն վայելում. ընդդիմադիր ուժերը համակարգում է Գագիկ Ծառուկյանը, իսկ իշխանությունները պարզապես լեգիտիմ չեն: Քաղաքականացնել քաղաքացիական նախաձեռնությունները գոնե այս փուլում`՝ նշանակում է` հայտնվել նույն դաշտում, ինչ քաղաքական մյուս ուժերն են: Սա ավտոմատ տխուր հեռանկար է ենթադրում: Քաղաքացիական ակտիվությունը՝ գոնե այս փուլում՝ առանց քաղաքական հավակնությունների, ավելի մեծ հավատ է ներշնչում և կարող է քաղաքական միջավայր ձևավորելու համար առավել մեծ դեր ունենալ, քան բոլոր կուսակցությունները՝ միասին վերցրած: Իսկ սա արդեն հաղթանակ է՝ անկախ արդյունքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս