Լարիսա Ալավերդյան. Ինչո՞ւ պետք է Լեռնային Ղարաբաղի հանդեպ այդ պիղծ «Մադրիդյան սկզբունքները» հնչեցվեն բոլորի կողմից

Հայաստանին պետք է նոր կոմպլեմենտարիզմի (փոխլրացման) քաղաքականության հայեցակարգ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական բռնության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նրա կարծիքով` այսօր կա մի դաշտ, որտեղ Հայաստանը կարող է միառժամանակ շարունակել կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը: Ըստ Լարիսա Ալավերդյանի` դրա հնարավորությունը տալիս է, օրինակ, Արևմուտքի ցանկությունը Իրանի հետ բարելավելու հարաբերությունները, որի շնորհիվ Հայաստանը կարող է ունենալ այն դերակատարությունը, որը շահավետ է մի կողմից` Միացյալ Նահանգների, իսկ մյուս կողմից` Ռուսաստանի համար:

Լ. Ալավերդյանը կարծում է, որ Ռուսաստանը շարունակում է շահագործել Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը` արձագանքելու նրա յուրաքանչյուր հրավերին կամ կոչին: «Եթե Հայաստանը չգտնի իր յուրահատուկ դերակատարությունը, որը կարող է ստանձնել, ապա դժվար կլինի այլևս խոսել Արևմուտքի հետ այն լեզվով, որով խոսում են: Սա նմանվելու է կուտակայինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» բանաձևին, ինչն արդյունավետ չէ»,- ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցին և ղարաբաղյան հիմնախնդրին` տիկին Ալավերդյանը տարօրինակ համարեց այն, որ շատերը դրական են համարում այն, որ ի տարբերություն այլ հիմնահարցերի` Լեռնային Ղարաբաղի հարցում գերտերությունների դիրքորոշումները, կարծես թե, համընկնում են:

Կարդացեք նաև

«Ես այնքան էլ դա ողջունելի չեմ համարում, որովհետև ուզում եմ ձեզ հիշեցնել` դեռ տարիներ առաջ, երբ Ռուսաստանը ճանաչում էր Հարավային Օսիան և Աբխազիան, Լավրովը հստակ հայտարարեց, որ այդ ճանաչումը որևէ առումով չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Դա նույնչափ հստակ է, որքան ԱՄՆ-ի դիրքորոշումը Կոսովոյի հարցում: Ես դրա մեջ լավ բան չեմ տեսնում: Ինչո՞ւ 63 երկիր կարող են ճանաչել Կոսովոն, 4-5 երկիր կարող են ճանաչել Աբխազիան և Օսիան, և այդպիսի առանձնահատուկ վիճակում է գտնվում ԼՂՀ-ն (…)

Ինչո՞ւ պետք է Լեռնային Ղարաբաղի հանդեպ այդ պիղծ «Մադրիդյան սկզբունքները» հնչեցվեն բոլորի կողմից: Այդ ի՞նչ միաբանություն է այդ հարցում: Մենք բազմիցս ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսակետից անթերի գործընթացով ստեղծված, կայացող հանրապետություն է` իր բոլոր թերություններով, սակայն ամեն դեպքում ժողովրդավարական պետության կայացման ճանապարհը բռնած մեկի հանդեպ այդպիսի տարօրինակ մոտեցում է ցուցաբերում: Այդ առումով Լավրովի այցը որևէ նշույլ, որևէ առանձնահատկություն չավելացրեց, հակառակը` իմաստներն ավելի, քան թաքնված են:

Եվ ես ավելորդ եմ համարում մեր լրատվականներ անդրադարձը «հայկական արմատներ ունեցող» Լավրովի մասին և այլն: Կներեք էլի, գավառականություն է: Ե՞րբ պետք է վերջապես ազատվենք դրանից: Ի դեպ, եթե մենք դրա մասին ենք խոսում, դա լավ բան չէ: Պատմությունն ապացուցել է` ով ունի հայկական արմատներ, նա ավելի կոշտ է վերաբերել հայկական այս կամ այն հարցին կամ դրվագին»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի եվրասիական և եվրոպական ընտրության հարցին, Լ. Ալավերդյանն այդ համատեքստում Հայաստանի իշխանությանը կոչ արեց չխզել կապը Եվրամիության հետ` ոչ թե այն պատճառով, որ ԵՄ-ն իր «աչքի լույսն է», այլ պարզապես այն պատճառով, որ Հայաստանն ունի խնդիրներ, որոնք կարող է լուծել միայն ԵՄ-ի հետ համագործակցության միջոցով. «Դա ոչ թե այն աղավաղված Մարդու իրավունքների դաշտն է, այլ այն դաշտը, որտեղ ոստիկանությանն արգելվում է իրեն պահել այնպես, ինչպես նա իրեն պահում է վերջին 2-3 օրերին: Այստեղ Եվրասիական միությունը մեզ օգնական չի լինելու»:

 

Տեսանյութեր

Լրահոս