
Իրանը Կահիրեում ԱԷՄԳ-ի հետ ձեռք բերված համաձայնությունն անվավեր է հայտարարել ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումից հետո

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը վերսկսելու շուրջ Եգիպտոսում վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունն այլևս չի կարող վավեր հիմք համարվել երկկողմ համագործակցության համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հոկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում Արաղչին հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկումը «փոխել է հանգամանքները», և այժմ իրենք գործ ունեն նոր իրավիճակի հետ:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սեպտեմբերի վերջին վերականգնել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները՝ պատճառաբանելով, որ Իրանը չի կատարել իր միջուկային պարտավորությունները:
Արաղչին շեշտել է, որ պատժամիջոցների վերականգնումը ոչ մի արդարացում չուներ և կարող է էլ ավելի բարդացնել բանակցություններն ու խոչընդոտել դիվանագիտական ջանքերին:
«Նրանք այժմ դիմել են snapback մեխանիզմին (խմբ.՝ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմ՝ ամրագրված ԳՀՀԾ-ում) և տեսել են արդյունքները. ոչինչ չի փոխվել, և խնդիրները մնում են չլուծված։ Ըստ էության, դա ավելի է բարդացրել դիվանագիտությունը։ Փորձը ցույց է տվել, որ Իրանի միջուկային խնդրի այլ լուծում չկա, բացի դիվանագիտական բանակցություններից», – ասել է Արաղչին։
Սեպտեմբերին Իրանը և ԱԷՄԳ-ն Կահիրեում փաստաթուղթ էին ստորագրել, որը պետք է հասցեագրեր անվտանգության հետ կապված Իրանի մտահոգությունները: Իրանն ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցրել էր հունիսին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո: