
Նորք-Մարաշում էլեկտրամեքենան «Երևան Սիթի»-ի մոտ վրшերթի է ենթարկել հետիոտնին, կոտրել երկաթե ճաղավանդակն ու հայտնվել սուպերմարկետի տարածքում

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում էլեկտրական ավտոմեքենան Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան 143 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված կնոջը քաղաքացիները, վրաերթի հարևանությամբ գործող «Երևանի Սիթի» սուպերմարկետի աշխատակիցները դուրս են բերել ավտոմեքենայի առջևի հատվածի տակից, իսկ մինչ այդ հետիոտնը կանգնած է եղել մայթին, երբ նշված ավտոմեքենան, որը կայանված է եղել «Երևան Սիթի»-ի դիմաց, առաջ է ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մոտ 1 մետր բարձրությունից հայտնվել բնակելի շենքի և «Երևան Սիթի»-ի տարածքում:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ վարորդը Հայաստանում հայտնի գործարար է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձ, եղել է սթափ: