«Մենք պահանջում ենք կարմիր գծերի վերացում, ոչ թե 5 րոպեն դարձնեն 15 րոպե». «Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ
«Անցել է 13 օր, չունենք ոչ մի տեղեկություն ու նույնիսկ չգիտենք՝ կառավարությունից ե՞րբ են պատասխանելու մեր գրավոր դիմումին»,- այսօրվա ասուլիսում ասաց «Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը՝ խոսելով այն դիմումի մասին, որը նրանք ներկայացրել էին կառավարությանը:
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները վարչապետ Հովիկ Աբրահամյանին դիմում էին ներկայացրել՝ պահանջելով կասեցնել տեսաձայնագրող սարքերով գրանցվող իրավախախտումները և համագործակցել իրենց հետ՝ հանրային քննարկումների միջոցով հասնել բարեփոխումների:
Ա. Եփրեմյանը «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անունից հայտարարեց, որ կառավարությունը փորձում է նսեմացնել շարժումը, թուլացնել շարժման ընթացքը.
«Մեր պահանջները ոչ մի կետով չի կատարվել: Մեր պահանջները հստակ շարադրված են: Իրենք հայերեն տառաճանաչ են, գիտեն կարդալ, թող կարդան և որոշում կայացնեն: Այնտեղ պարզ գրված է, որ մենք ի սկզբանե պահանջում ենք կարմիր գծերի վերացում, ոչ թե 5 րոպեն դարձնեն 15 րոպե, որովհետև այդ ճանապարհը մեր բոլորի սեփականությունն է, մենք որտեղ ուզենք, այնտեղ էլ կարող ենք կանգնել»:
Ա. Եփրեմնյանը նշեց, ոչ ստորագրվել են մի քանի միջազգային պայմանագրեր, որտեղ ներառված են այդ դրույթները, որ եթե իրենք վճարում են գույքահարկ տրանսպորտային միջոցի համար, դա նշանակում է, որ տրանսպորտային միջոցը շահագործելու իրավունք ունեն մեկ տարվա համար. «Ամեն տարի մենք վճարում են 120 հազար դրամ մեր մեքենայի համար, և ես մտածում եմ, որ իրավունք ունեմ քշեմ իմ քաղաքում, կանգնեմ՝ որտեղ ուզում եմ: Իսկ մենք տեսնում ենք, որ քաղաքապետարանը ապօրինի ինչ-որ մի արտոնյալ կազմակերպության տալիս է ամբողջ մեր քաղաքը:
Նույնը կարող եմ ասել «Սիքյուրիթի դրիմի» մասին. ամբողջ քաղաքը նրան նվեր են տվել: 2013 թվականի որոշմամբ մինչև 2036 թվականը տրված է 820 քառակուսի շենք շինություն որպես գրասենյակային տարածք, և տրվել է 0.11 հեկտար ազատ տարածք, որտեղ կարող են մեքենաներ կանգեցնել: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ լրիվ արտոնյալ իրավունքով մասնավոր սեփականատերը գալիս է և, օգտագործելով պետական մարմիններին, հավաքագրում է իրեն հասանելի գումարները: Եթե ինչ-որ կազմակերպություն կարող է այդ գծանշումներն անել, ինչո՞ւ պետությունը չի կարող»:
Ա. Եփրեմյանի կարծիքով՝ կառավարության կատարած փոփոխությունները ոչ մի կապ չունեն իրենց ներկայացրած դիմումի հետ. «Մենք շարունակելու ենք մեր պայքարը, ավտոերթերը, նաև ուրիշ մեթոդներով»:
Նա կոչ արեց բոլոր նախաձեռնությունենրին միանալ իրենց. «Ինձ թվում է, որ ժամանակն է, որպեսզի բոլորս միահամուռ կերպով, ուղղորդված աշխատենք և կհասնենք հաջողության»:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Արմեն Միքայելյանն էլ նշեց, որ իրենց բողոքի ակցիաները բաժանվելու են 2 տեսակի. «Այսինքն՝ գետնի վրա ավտոերթերի բողոքի ակցիաներ, ու նաև պայքարելու ենք իրավական դաշտում: Այժմ պրոցեսը գնում է, իրավաբանների հետ աշխատում ենք, որ համապատասխան ձևաչափեր մշակեն, որ բողոքարկելու կարգերն ավելի մատչելի ու հեշտ լինեն ու սկսվի համատարած բողոքարկելու պրոցեսը»: