Գորիսում նորածին է մահացել. Մայրը պահանջում է պատժել մեղավորներին
Այսօր վաղ առավոտյան Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային հիվանդանոցում նորածին է մահացել: Այս դեպքը որքան ողբալի է, այնքան էլ ցույց է տալիս մեր առողջապահական համակարգի սնանկությունը: Գորիսի բժշկական կենտրոնը վերջերս է վերանորոգվել և տեխնիկական հագեցվածության խնդիր չունի: Նորածնի մահվան պատճառը, ինչպես ծնողներն են պնդում, միայն հերթապահ մանկաբույժի ու բուժքրոջ անուշադրությունը, անփութությունն ու մասնագիտական թերացումն է:
Մահացած նորածնի ծնողները Երևանի բնակիչներ են, բայց ժամանակավորապես, քանի որ հայրը զինծառայող է, բնակվում են Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում: Մայրը՝ Սյուզի Այվազյանը, 168.am-ին պատմեց, որ ծննդաբերել է Գորիսում, որովհետև դա իր ծննդավայրն է: Նորածինը Սյուզիի երկրորդ երեխան էր, առաջինը 4.5 տարեկան է և նրա ծնվելու ժամանակ խնդիրներ չեն եղել: Նա պատմեց, որ երեխան ծնվել է հունիսի 21-ի առավոտյան. «Աղջիկ էր, քաշը՝ 3.1 կգ, հասակը՝ 51 սմ: Ծնունդը նորմալ է ընթացել, մի քիչ երկար տևեց, բայց ընդհանուր նորմալ էր: Միայն երեխայի համար ասել են պտղաջուր է կուլ տվել, դեղորայք, սիստեմա և որոշ անհրաժեշտ պարագաներ են ուզել, տվել ենք: Ասել են՝ հանում են զոնդը, իսկ հաջորդ օրը վաղ առավոտյան ասել են, թե լավ է երեխան»:
Այդ օրը բժիշկները որոշել են արհեստական կեր տալ երեխային, իսկ հաջորդ օրվանից արդեն մայրը կերակրի: Սյուզին հաճախակի այցելել է երեխային, երեկ ամբողջ գիշերը մինչև ժամը 4:00-ն անցկացրել է նրա մոտ: Այնուհետև, ըստ նրա, այսօր առավոտյան ժամը 6:15-ին քույրը տակդիր է ուզել, մայրը տարել է ու տեսել է երեխան գույնը փոխել, կապտել է. «Հարցրել եմ, թե ինչ է պատահել, պատասխանել են, որ շնչառությունը մի քիչ վատ է, հիմա կկարգավորեն: Ինձ թվաց, կարծես, չի շնչում, բայց ասել են, թե շնչում է ու շուտով կկարգավորվի: Մինչև զանգահարել եմ տուն, ամուսինս ու մայրս եկել են, մայրս մինչև մտել է, տեսել է երեխան արդեն մահացած է»:
«Մանկաբույժ Աիդա Հարությունյանն էր հերթապահը, բայց նա չի երևացել, երեկ եկել էր առավոտյան ժամը 10:00-ի մոտակայքում ու գնացել էր տուն: Նա հերթապահության չի մնացել: Ու միայն այսօր առավոտ շուտ, երեխայի մահանալուց հետո, կանչել են իրեն: Երեխան մահացած, ինքը մտել է սենյակ, գրագրություն էր անում, որ գլուխը «պրծացնի»: Ես ավելի շատ հակված եմ, որ մանկաբույժի ու քույրի մեղքն է, ու ես պահանջում եմ, որ նրանց պատասխանատվության ենթարկեն: Եթե ուշադիր լինեին, այդպես չէր լինի: Եթե երեխաս լավ չէր, ես իրենց ասել էի, որ Երևանում եմ բնակվում, տանեմ Երևան, բայց հանգստացրել են, թե ամեն ինչ լավ է, Երևան տանելու խնդիր չկա, հատուկ ոչինչ չկա, շնչառական ուղիներն է, կարգավորել են: Մանկաբույժն ասել է, թե ամեն ինչ արել է, ամեն ինչ լավ է»,- պատմեց Սյուզին:
Նա նշեց, որ հիվանդանոցի բաժնի վարիչից ու մյուսներից բողոք չունի, իր բողոքը մանկական բժշկից ու քույրից է. «Եթե լավ չէր երեխաս, թող ասեին, անմիջապես կտանեի Երևան, եթե թերություն ուներ, թող ասեին, որ թերություն ունի, չթողնեին այդպես: 21-ին ծնվել է, այսօր 7-անց էր, մահացել էր: Ասում են, իբր թե կտրուկ է վատացել, ասում եմ՝ ինչու կողքին չէիք, որ օգնություն ցույց տայիք, ասում են՝ ընդհանրապես լավ չի եղել: Ինչ եղել է, այսօր առավոտյան ժամը 4:00-6:30-ի ընթացքում է եղել»:
Սյուզիի խոսքով՝ եթե զգուշացնեին, զինծառայող հայրը հնարավորություն ուներ անգամ ուղղաթիռով շտապ հասցնել Երևան:
«Այսօր ես եմ, վաղն էլ կարող է ուրիշը լինել: Ուղղակի մոր խնդրանք է, որ այս հարցը բարձրաձայնվի, այսպես չմնա, մեղավորները պատժվեն»,- ասաց Սյուզին:
168.am-ը փորձեց Գորիսի բժշկական կենտրոնից ճշտել, թե ի՞նչն է եղել նորածնի մահվան պատճառը և բժշկի մեղքի բաժինը որքա՞ն է, ինչո՞ւ նա չի հերթապահել հիվանդանոցում, սակայն քաղաքային հեռախոսահամարների զանգերին պատասխանող չեղավ:
ՀՀ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առայժմ ոչինչ չի կարող մեկնաբանել, որովհետև գործը դատաբժշկական փորձաքննության գործընթացում է և որևիցե տվյալ դեռևս չկա. «Նախաքննության վարույթում է և դատական հերձման ճանապարհով է գործընթացը գնում: այնպես որ մենք պետք է սպասենք հերձման պատասխանին և դրանից հետո միայն հնարավոր է ինչ-որ բան ասել, եթե գործը կարճվի: Իսկ եթե մտնի քրեական վարույթ, նորից տվյալներ չենք կարող ներկայացնել, որովհետև օրենսդրությունը արգելում է դա անել»:
ԱՆ-ն տարածեց հաղորդագրություն, որ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային հիվանդանոցում արձանագրված նորածնի մահվան փաստի առթիվ Գորիսի ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, իրականացվում է նախաքննություն: