Բաժիններ՝

Մենք այստեղ ենք երկար ժամանակով. Շվեդիայի առևտրի նախարար

2014 թվականի մարտին Շվեդիան նոր թափ հաղորդեց իր ներկայությանը Հայաստանում։ Երևանում Շվեդիայի դեսպանատան բացում է վառ ապացույցն է, որ Շվեդիայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ իր հարաբերություններն ընդլայնելու հարցում շատ ոլորտներում, այդ թվում՝ առևտրի և ներդրումների։ Մի քանի շվեդական ընկերություններ արդեն իսկ գործում են Հայաստանում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության, հանքարդյունաբերական սարքավորումների, բժշկական տեխնոլոգիաների, արդյունավետ էներգետիկայի,  թափոնների վերամշակման և կոսմետիկայի ոլորտներում։ Մյուսներն այժմ ուսումնասիրում են համագործակցության հնարավորությունները ճարտարագիտության, կրթության, բանկային գործի և սպառողական ապրանքների ոլորտներում, որտեղ Շվեդիան համաշխարհային առաջատար է։

Բարեփոխումների միջոցով Հայաստանը կարողացել է արդիականացնել իր տնտեսությունը, զարգացնել արտաքին առևտուրն ու ներգրավել ներդրումներ։ Սակայն դեռևս առկա է չիրացված մեծ պոտենցիալ, որը պահանջում է նոր ռեֆորմներ, առաջին հերթին՝ մրցակցության խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով։ Կան ոլորտներ, որտեղ Հայաստանը կարող է ստանալ Եվրամիության աջակցությունը և արժեքավոր փորձի փոխանակում իրականացնել Արևելյան գործընկերության ծրագրի միջոցով։ Նոր օրենսդրության ընդունմամբ և կարգավորումների ու ստանդարտների միասնականացման միջոցով մենք կարող ենք միասին աշխատել մեր միջև առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։

Արևելյան գործընկերությունը սկիզբ առավ 2009 թվականի մայիսին Պրահայում՝ Շվեդիայի և Լեհաստանի նախաձեռնությամբ։ Գաղափարը հետևյալն էր՝ սկսել մի գործընթաց, որ ավելի կխորացնի հարաբերությունները Եվրամիության և մեր արևելաեվրոպական հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի հետ։ Շվեդիան շարունակում է աջակցել Արևելյան գործընկերության նպատակի իրականացմանը՝ քաղաքական համագործակցություն և տնտեսական ինտեգրացիա։ Սոցիալական, տնտեսական և բնապահպանական կայունությունն այն երեք հիմնական ասպեկտներն են, որոնց զարգացմանը ձգտում է Շվեդիան, և որը հնարավոր կլինի իրականացնել ԵՄ-ի հետ համագործակցության միջոցով։ Առավել սերտ համագործակցությունը և խորը գործարար կապերը մեր երկրների միջև մեզ ավելի կմոտեցնեն այս նպատակների իրականացմանը։

Առևտրի և բարեփոխումների տեսանկյունից ԵՄ-ն շարունակում է մնալ կարևոր գործընկեր՝ այն շրջանակներում, որոնք պայմանավորված են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ։ Շվեդիան և Եվրամիությունը մտադիր են զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ. առանցքային ոլորտներում ավելի լայն բարեփոխումները կբերեն ավելի մեծ աջակցություն, ավելի խորը համագործակցություն, ավելի մեծ առևտուր և ներդրումներ Եվրամիությունից։ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցով մեր ընկերություններն իրենց հերթին՝ կնպաստեն արդիականացմանը և բարեփոխումներին։

Կարդացեք նաև

Հաջորդ հիմնական կայարանը Ռիգայի գագաթաժողովն է 2015 թվականի մայիսին։ Հուսով եմ՝ այդ ժամանակ մենք կկարողանանք փաստել, որ առաջընթաց է գրանցվել, և կձեռնարկենք նոր քայլեր մեր հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Հայաստանը ԵՄ-ում վստահելի գործընկեր ունի. մենք այստեղ ենք երկար ժամանակով։

Էվա Բյորլինգ

Շվեդիայի առևտրի նախարար

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս