Արմոնների տեսությունը և Տիեզերքը
Տիեզերքի առեղծվածը երբեք հանգիստ չի տվել տիեզերքի ստեղծագործություն-մարդուն։ Ու թեև այդ առեղծվածը հետաքրքրում է յուրաքանչյուր մարդու, այնուամենայնիվ ո՛չ բոլորն են համառորեն զբաղվում՝ ուսումնասիրում, փորձում, տքնում, հաշվում ու չափում, և աստղազարդ գիշերներին երազուն հայացքն ուղղում դեպ երկինք՝ Տիեզերքի ձգողական ուժին «ենթարկվելով» ավելի ուժգին, քան երկրի։
Այս և նման թեմաների շուրջ զրուցակիցս այս անգամ Արմոնների տեսության փիլիսոփայական ուսմունքի հեղինակ Սամվել Պողոսյանն էր.
– Պարո՛ն Պողոսյան, ինչի՞ց սկսվեց, ի՞նչը ազդակ հանդիսացավ գիտության բարդ խնդիրներով զբաղվելու համար:
– Ավ. Իսահակյանն իր չքնաղ պոեմում գրում է. «Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ… Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով…»: Թերևս, յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ձգտում է երկու մեծ հարցի պատասխանը գտնել` ի՞նչ է մարդը, և ի՞նչ՝ աշխարհը: Դպրոցական տարիքից ինձ ևս հուզել են այդ հարցերը, դա էր երևի փիլիսոփայությամբ հետաքրքրվելուս պատճառը. կարդում էի փիլիսոփաների գործերը, մտածում աշխարհի բազմազանության հիմքում ընկած մի ինչ-որ նախասկզբի մասին: Այդ փնտրտուքը Թբիլիսիի 109 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո բերեց ինձ Երևանի պետական համալսարան. ուզում էի ընդունվել Պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը, սակայն երկու տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ չունենալու պատճառով ինձ չթույլատրեցին մասնակցել քննություններին… Ընդունվեցի և ավարտեցի Թբիլիսիի Ա. Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական ֆակուլտետը, որտեղ և դասավանդել եմ փիլիսոփայական առարկաներ:
– Իսկ ի՞նչը Ձեզ մղեց դեպի տիեզերագիտություն։
– Ֆիզիկայի և տիեզերագիտության հիմնախնդիրների ուսումնասիրմանն ինձ մղել է փիլիսոփայությունը: 70-ական թվականներին ավարտին հասցրի մատերիայի փիլիսոփայական իմ ուսմունքը կամ Արմոնների տեսության փիլիսոփայական հիմնավորումը, որից հետո անցա մատերիայի ֆիզիկական տեսության իմ պատկերացումների մշակման երկարամյա աշխատանքներին: Փիլիսոփայությունից ֆիզիկային և տիեզերագիտությանն անցումն ինձ համար առավելություն եմ համարում, թեև ոմանք դա համարում են թերություն: Ամենամեծ դատավորը ժամանակն է…
– Վերջերս գիտական աշխարհում մեծ իրարանցում առաջացրեց ամերիկացի գիտնականների հայտարարությունը՝ գրավիտացիոն ալիքների հայտնաբերման վերաբերյալ։
– Գրավիտացիոն ալիքների գոյության գաղափարը մտահղացրել է Ա. Էյնշտեյնը, այն բխում է Հարաբերականության ընդհանուր տեսությունից։ Էյնշտեյնը էլեկտրամագնիսական ալիքների նմանությամբ ենթադրեց, որ կարող են գոյություն ունենալ նաև գրավիտացիայի ալիքներ։ Նրա այդ վարկածը մինչ օրս փորձարարորեն չի հաստատվել, այսինքն՝ գրավիտացիոն ալիքներն անմիջականորեն չեն հայտնաբերվել։ Դրանց հնարավոր գոյության կողմնակի կամ միջնորդավորված մեկ փաստ բացահայտել են աստղաֆիզիկոսները, որի համար 1993թ. Ռ. Հալսը և Ջ. Թեյլորը Նոբելյան մրցանակ ստացան։ Դա զույգ (կրկնակի) պուլսարների ձգողականության առաջին դիտումն էր։
Եվ ահա մի նոր բացահայտում՝ մեծ պայթյունի հետևանքով առաջացած և պահպանված, այսպես կոչված, մնացուկային գրավիտացիոն ալիքների հետքերի հայտնաբերումը մնացուկային միկրոալիքային ֆոնի մեջ։
Վերջին քսան տարում կատարված երեք մեծ հայտնագործությունները՝ Տիեզերքի արագացված ընդլայնումը, Հիգսի բոզոնի հայտնագործումը և վերը նշված ռելիկտային գրավիտացիոն ալիքների բացահայտումը վկայում են արդի ֆիզիկայի և տիեզերագիտության խորը ճգնաժամի մասին։ Փորձով և աստղաֆիզիկական դիտարկումներով բացահայտվում են նոր փաստեր, երևույթներ, որոնք փորձում են նկարագրել, բացատրել, իմաստավորել հին տեսական պատկերացումներով, և դա է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը։
Այսպես, 1998թ. աստղաֆիզիկոսները, ուսումնասիրելով Ia գերնոր աստղերը, բացահայտեցին մի շատ կարևոր փաստ՝ գալակտիկաներն ու դրանց կույտերը հեռանում են արագացմամբ։ Եվ քանի որ բոլոր գալակտիկաների ամբողջությունը նույնացվում էր մեր տիեզերքի հետ, ապա աստղաֆիզիկոսների հայտնագործությունն անգամ Նոբելյան կոմիտեն որակեց՝ որպես «Տիեզերքի արագացված ընդլայնումը» հավաստող փաստ։
Մինչդեռ, իմ խորին համոզմամբ, մեր տիեզերքը չի կարող ընդլայնվել փոփոխական արագությամբ, և բոլոր գալակտիկաների և դրանց կույտերի ամբողջությունը` Մետագալակտիկան, մեր տիեզերքի ենթահամակարգն է ընդամենը, այն Տիեզերքից տարբերվում է թե´ իր կազմությամբ, թե´ զարգացման օրինաչափություններով։ Ես հաճախ մեր տիեզերքը համեմատում եմ ձվի հետ, որի դեղնուցը հենց բոլոր լուսատու մարմինների ամբողջությունն է՝ Մետագալակտիկան։
Մետագալակտիկայի արագացված ընդլայնման փաստն են բացահայտել աստղաֆիզիկոսները, փառք և պատիվ նրանց։ Սակայն այդ փաստը մինչ օրս բացատրում են հին տեսության պատկերացումներով, և քանի որ այն չի տեղավորվում այդ պատկերացումների շրջանակներում, գիտնականները մտցրին մութ էներգիայի՝ մի նոր սուբստանցիայի գաղափարը և արդեն փնտրում են մութ էներգիայի բաղկացուցիչ տարրերը։ Նույն կերպ էլ գրավիտացիոն ալիքների կողմնակի վկայությունները… գրավիտոններն ու դրանց փնջերը` ալիքները, ազատ վիճակում չեն դրսևորվում։ Սա իմ համոզմունքն է. գրավիտոնները փակված են, կալանված են տարրական մասնիկների և մակրոմարմինների մեջ։ Այս առումով՝ դրանք մի փոքր նման են քվարկներին։
Այսպիսով, գիտնականների բացահայտած նոր փաստը բոլորովին այլ բացատրություն ունի. այն, ամենայն հավանականությամբ, կապված է գալակտիկաների գերկույտերի պտտական շարժման և ձգողականության հետ։
– Ներկա դրությամբ համարվում է, որ գրավիտացիոն ալիքների գոյությունը բխում է Տիեզերքի առաջացման՝ «Մեծ պայթյունի» տեսությունից։ Ի՞նչ կասեք այդ տեսության վերաբերյալ։
– «Մեծ պայթյունի» տեսության և հատկապես` դրա «ինֆլյացիոն» սցենարի վերաբերյալ. այդ տեսության մեջ կա մի ճշմարտություն, որ մեր տիեզերական միջավայրն ընդլայնվում է, ինչը փորձարարորեն հաստատված փաստ է։ Մնացածը տարբեր բնույթի ենթադրություններ են։
Օրինակ` այդ տեսության հիմնադիրը` սովետական մաթեմատիկոս Ա. Ֆրիդմանը, հիմք էր ընդունում այն ենթադրությունը, որ մեր տիեզերքը եղել է շատ սեղմված վիճակում՝ մեծ խտությամբ և բարձր ջերմությամբ. տարածական փոքր ծավալի մեջ խտացված է եղել ներկայիս տիեզերքի ամբողջ զանգվածը, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն, և մեր տիեզերքը սկսել է ընդլայնվել։ Ընդլայնման ողջ ընթացքում, իբր, տիեզերքի ողջ զանգվածը մնում է անփոփոխ, և փոփոխվում է միայն տիեզերքի ծավալը և խտությունը։
Ահա Ֆրիդմանի վարկածի էությունը։ Սակայն փորձարարական ոչ մի ապացույց չունենք այն պնդման, թե մեր տիեզերքի զանգվածն անփոփոխ է։ Ընդհակառակը՝ շատ բնական ու բանական է թվում այն տեսակետը, որը նույնպես հետևում է Ա. Էյնշտեյնի Հարաբերականության ընդհանուր տեսությունից, թե տիեզերքի ընդլայնմանը զուգընթաց՝ ավելանում է նաև նրա զանգվածը։ Ընդ որում, Տիեզերքի ընդլայնման բուն ֆիզիկական պատճառը դրսից զանգվածի ներհոսքն է։ Տիեզերքի ընդլայնումը շատ հաճախ համեմատում են փուչիկի հետ, բայց մինչև դրսից օդ չփչվի փուչիկը չի լայնանա։
– Իսկ ի՞նչ է ասում Ձեր տեսությունը։
– Մեր տեսության ռացիոնալ մտահղացումն այն է, որ մեր տիեզերքը լոկալ, սահմանափակ ֆիզիկական համակարգ է` վերջավոր և ժամանակավոր, ի տարբերություն Մետատիեզերքի, որը հավերժ է և անվերջ, և որի մեջ մերի նման անվերջ քանակությամբ տիեզերքներ կան։ Մեր տիեզերքն առաջանում է մեկ ուրիշի սեղմումից։ Եվ ինքն էլ իր հերթին, կգա ժամանակ, որ սեղմվելով՝ կավարտի իր գոյությունը` սկիզբ դնելով մեկ ուրիշ տիեզերքի առաջացմանը։
Արմոնների տեսությունը հնարավոր է դարձնում մատերիայի հավերժ շրջապտույտի նկարագրությունը։ Թե´ փիլիսոփաները և թե´ ֆիզիկոսներն ընդունում են մատերիայի հավերժ գոյությունը, սակայն մինչ օրս չկա դրա ռացիոնալ բացատրությունը։ Ա. Էյնշտեյնը մի առիթով ասում է, թե գոյությունն ինքը հարմոնիկ բնույթ պիտի ունենա, ասել է թե` սիմետրիկ պիտի լինի, կամ, ինչպես դիալեկտիկան է պնդում` հակադրությունների միասնություն և պայքար պիտի լինի։
Ժամանակին գերմանացի փլիսոփաներ Կանտը և Հեգելը պնդում էին, որ ձգողականության և վանողականության միասնությունն է ապահովում մատերիայի գոյությունը։ Թերևս այս գաղափարը և գրավիտացիայի իր հավասարումների պակասավորությունը ստիպեց Ա. Էյնշտեյնին իր հավասարումներում մտցնելու վանողականությունը խորհրդանշող, այսպես կոչված, կոսմոլոգիական (տիեզերաբանական) հաստատունը։ Այն, ինչպես հեղինակն է նշում, ոչ մի ֆիզիկական հիմնավորում չունի, և պատահական չէ, որ Ա. Էյնշտեյնը դա համարում էր իր կյանքի ամենամեծ սխալը։
Հետագայում այդ հաստատունը տարբեր սպեկուլյացիաների առիթ տվեց. դրանից ծնվեցին ինֆլյացիոն սցենարը, մութ էներգիայի գաղափարը։ Սակայն ամբողջ ճշմարտությունը նրանում է, որ համընդհանուր վանողականության գաղափարի առաջ քաշելը մեծ և դրական քայլ էր ֆիզիկա գիտության զարգացման տեսանկյունից, սակայն այդ գաղափարի իրագործումը, մաթեմատիկական ձևակերպումը սխալ էր և միակողմանի։
Այսօր էլ անտիգրավիտացիան կամ վանողականությունը դիտվում է որպես դրական էներգիա և զանգված ունեցող սուբստանցիայի` մութ էներգիայի ֆիզիկական էֆեկտ և ոչ թե՝ մատերիայի մի տեսակի բնածին հատկություն (ատրիբուտ)։ Եթե ձգողականությունը դրական զանգվածով օժտված մատերիայի համընդհանուր հատկությունն է, ապա ուրեմն համընդհանուր վանողականությունը բացասական գրավիտացիոն զանգվածով օժտված մատերիայի բնածին հատկությունն է։ Մեր տիեզերքն իր առաջացման պահից և ընդլայնման ողջ ընթացքում կազմված է հավասար քանակությամբ այդ երկու բաղադրիչներից, ահա թե ինչու տիեզերքի ներսում իշխում է խիստ հարթ տարածությունը, բացարձակ զրո ջերմաստիճանը, զրոյական խտությունը և էնտրոպիան։
Նման իներցիոն միջավայրում է ծնունդ առնում Մետագալակտիկայի սովորական նյութը և հականյութը։ Այն նյութը, որն իր զանգվածով շուրջ հարյուր հազար անգամ պակաս է մեր տիեզերքի դրական զանգվածից, և որից կազմված ֆիզիկական սիստեմներն օժտված են ազատ շարժմամբ։
– Ըստ Ձեր տեսության՝ Հավերժ Տիեզերքը կամ Մետատիեզերքը կազմված է Արմոններից։ Ընթերցողի համար կներկայացնե՞ք այս տեսության էությունը։ Ի՞նչ բան է Մետատիեզերքը, և ի՞նչ են Արմոնները։ Կոսմոլոգիական մութ մատերիա, սև խոռոչներ, մութ էներգիա և այլն. ի՞նչ են այդ ամենը։
– Այդ հարցերի պատասխաններն ընթերցողը կգտնի «Արմոնների տեսության տասը բացահայտումները» հոդվածում։ Իսկ եթե երկու խոսքով ասենք, ապա՝ Արմոնների տեսությունը բացահայտել է Նախամատերիան։ Հենց այն նախամատերիան, որը վերջին 6 հազարամյակի ընթացքում ձգտել են բացահայտել Մարդկության լավագույն մտածողները։ Այն բոլոր նյութական կազմավորումները, որոնք հայտնի են ժամանակակից գիտությանը, ֆիզիկայի տեսանկյունից հանդիսանում են ազատ ֆիզիկական սիստեմներ, այսինքն, կազմում են մի ընդհանուր տեսակ` ազատ ֆիզիկական սիստեմների տեսակը։ Դա սովորական, քիչ թե շատ հայտնի մատերիան է։
Իսկ նախամատերիան առաջին հերթին՝ այն է, ինչից կազմված է մեզ հայտնի նյութական բազմազանությունը, երկրորդ հերթին՝ դա այն է, ինչի շնորհիվ գոյություն ունի այդ բազմազանությունը, և երրորդ՝ դա այն է, ինչի մեջ գտնվում է այդ բազմազանությունը։
Ավելի կոնկրետ` եթե ազատ ֆիզիկական սիստեմներն ունեն իներտ զանգված, ապա անազատ ֆիզիկական սիստեմները զուրկ են իներտ զանգվածից, ավելի ճիշտ, դրանց իներտ զանգվածը հավասար է զրոյի: Դրանք իրենց բնույթով միշտ գտնվում են «կաշկանդված», «սառեցված» վիճակում և ի վիճակի չեն ազատ շարժվել տարածության մեջ, ինչպես դա անում են ազատ ֆիզիկական սիստեմները (դա, իհարկե, չի նշանակում, որ նրանք գտնվում են համընդհանուր կապից և փոխազդեցություններից դուրս)։
– Ձեր տեսությունը բացատրում է էվոլյուցիան և բացահայտում համընդհանուր փոփոխման ֆիզիկական պատճառները։ Արդյո՞ք այն բացատրում է նաև կենդանի բնության էվոլյուցիան։
– Համընդհանուր էվոլյուցիայի թագն ու պսակը Մարդն է` ինքնագիտակցությամբ օժտված բանական էակը, որի առաջացմամբ ավարտվում է բնական էվոլյուցիան և սկսվում է հումանիզացված բնության զարգացումը։ Կյանքի և կենդանի բնության առաջացումը հետևանք է անկենդան մատերիայի երկարատև էվոլյուցիայի, որն անմիջականորեն կապված է մեր տիեզերքի և Մետագալակտիկայի ընդլայնման և զարգացման հետ։ Մեր տիեզերքի ընդլայնումը և նրա ներսում նյութի զարգացումը` մատերիայի բազմազանության առաջացումը, ինչպես Նոբելյան մրցանակակիր Պրիգոժինն էր ընդգծում, գտնվում են ժամանակի մի ընդհանուր հունի մեջ։
Բոլորին հուզում է այդ համընդհանուր էվոլյուցիայի գաղտնիքը` ֆիզիկական պատճառները։
Ինչո՞ւ թե´ անկենդան և թե´ կենդանական աշխարհի բոլոր նյութական կազմավորումները ձգտում են ինքնապահպանման, միտված են պարզից դեպի բարդը, ստորինից դեպի վերինը փոփոխվելու, զարգանալու։ Կենդանական աշխարհում այդ միտումը, թերևս, բնական և հասկանալի է թվում, բայց անկենդան աշխարհում` մի քիչ տարօրինակ ու զարմանալի. ինչո՞ւ տարրական մասնիկները, միավորվելով և դիֆերենցվելով, առաջ են բերում տարբեր ֆիզիկական ուժեր ու փոխազդեցություններ, որոնց միջոցով, ի վերջո, առաջ են գալիս ատոմներն ու ատոմային ագրեգատները` մոլեկուլներն ու մոլեկուլյար միացությունները։ Ի՞նչն է ստիպում, ի՞նչն է ուղղորդում այդ էվոլյուցիոն պրոցեսը. իհարկե, տիեզերքի ընդլայնումը, որին զուգահեռ՝ առաջ է գալիս և զարգանում մեր Մետագալակտիկան։
Բայց այս պնդումը չի բացահայտում այն մեխանիզմը, որն այդ համընդհանուր էվոլյուցիայի բուն ֆիզիկական պատճառն է, այսինքն՝ չի բացահայտում համընդհանուր էվոլյուցիայի օրենքը։ Այդ օրենքն էլ իր պատմությունն ունի, այն որոշ յուրահատկությամբ ձևակերպվել է Սիսիտեմների համընդհանուր տեսության մեջ. սիստեմն է թելադրում, ուղղորդում իր բաղադրիչների փոփոխման կամ զարգացման միտումները, միջավայրն է ազդում ցանկացած սիստեմի փոփոխման վրա, և այլն։
Մեր տիեզերագիտության մեջ համընդհանուր էվոլյուցիոն օրենքը սահմանվում է հետևալ կերպ. Մետագալակտիկայի բնութագրական բաղադրիչների միջին խտությունը միշտ պետք է հավասարվի Մետագալակտիկայի միջին խտությանը, որն էլ իր հերթին՝ հավասար է մեր տիեզերքի դրական բաղադրիչի միջին խտությանը։ Սա նշանակում է, որ Մետագալակտիկայի անմիջական բաղադրիչներ հանդիսացող գալակտիկաների գերկույտերը, իրենց փոփոխման ընթացքում ևս ընդլայնվելով, ձգտում են իրենց միջին խտությունը հավասարեցնել Մետագալակտիկայի ընդհանուր միջին խտությանը։
Սա չի նշանակում, որ գալակտիկաների գերկույտերում չկան տարբեր խտություններով կազմավորումներ. աստղերը, աստղակույտերը, գալակտիկաները տարբեր խտություններ ունեն, բայց նրանք Մետագալակտիկայի անմիջական բաղադրիչները չեն, թեև նրանց էվոլյուցիան նույնպես պայմանավորված է գալակտիկաների գերկույտերի ընդլայնմամբ։ Մեր ժողովրդական առածը մոտավորապես արտահայտում է այս օրենքի իմաստը. «Որ գյուղը մտնես, այդ գյուղի գդակը դիր»։ Ադապտացիան հենց այս մեծ օրենքից է բխում։
– Դուք հղում եք կատարում Արարչին։ Արդյո՞ք դա չի հակասում աշխարհի ճանաչելիության (գնոստիցիզմի) գաղափարին, որ դրվում է գիտության հիմքում։ Այս իմաստով` Ձեր տեսությունը գիտակա՞ն է. դրանից բխող եզրահանգումները վերստուգելի ու վերարտադրելի՞ են։
– Դուք, ըստ երևույթին, նկատի ունեք իմ «Մետատիեզերքի արմոնային կառուցվածքը» գրքի բնաբանը, որտեղ պնդում եմ, թե Աստված ստեղծել է Աշխարհը հավերժ և կատարյալ, և ով կասկածում է աշխարհի նախահաստատ հարմոնիային, նա կասկածի տակ է դնում Աստծո ամենակարողությունը։ Ասածիս մեջ ինձ համար ամենակարևորն
Աշխարհի բացարձակ կատարելությունն է, սիմետրիկությունն ու հավերժությունը։ Այս առումով, ինչպես ժամանակին Գրիգոր Նարեկացին էր պնդում, Աստվածն ու աշխարհը նույնանում են, երկուսն էլ հավերժ ու կատարյալ են։ Այդ նույնության մեջ չեն տարբերակվում Արարիչն ու արարածը… Ինչ վերաբերում է աշխարհի ճանաչելիությանը՝ մատերիայի բոլոր տեսակներն օժտված են արտացոլման հատկությամբ։ Ճանաչողությունն արտացոլման բարձրագույն ձևն է։ Այնպես որ, ոչ մի զարմանալի բան չկա, որ աշխարհը ճանաչելի է։
Արմոնների տեսության գիտականության մասին. ներկայումս մարդկությունը, մեր քաղաքակրթությունը խորը ճգնաժամ է ապրում, դա մարդկային կեցության և գիտակցության խորը ճգնաժամ է, ինչը նշանակում է, որ մեր քաղաքակրթությունը կանգնած է զարգացման որակապես նոր մակարդակի անցման շեմին։ Ես դա բնութագրում եմ՝ որպես Մարդկության գիտակցությունից ինքնագիտակցությանն անցման շրջան։ Այս ճգնաժամի հաղթահարման կարևոր գործոններից մեկը փիլիսոփայության և հիմնարար գիտության (հատկապես՝ ֆիզիկայի և տիեզերագիտության) խորը ճգնաժամի հաղթահարումն է, ինչը կնշանակի աշխարհայացքային հեղաշրջում։ Մասնավորապես, ֆիզիկայի և տիեզերագիտության ոլորտում դա կապված է միասնական, համընդհանուր կոսմոմիկրոֆիզիկական տեսության ստեղծման հետ։ Արմոնների տեսությունը նման մի փորձ է, որի գիտական եզրակացությունները և կանխատեսումները փորձով և դիտարկումներով ստուգելի են։
– Որքանո՞վ է Ձեր տեսությունը ճանաչված գիտական հանրության կողմից, կա՞ն հետևորդներ։
– Այդ ուղղությամբ առաջին քայլերն են կատարվում։ Իմ ուսումնասիրությունների արդյունքների մասին պարբերաբար զեկուցում եմ Օդեսայում անցկացվող Գ. Գամովի անվան միջազգային գիտաժողովում։ Մեծ հույսեր եմ կապում նոր մենագրության հետ, որը լույս կտեսնի եկող տարի` «Մեր սահմանափակ տիեզերքը և Մետագալակտիկայի էվոլյուցիան» վերնագրով։ Անձամբ ինձ համար կարևորը՝ ինձ և գիտական աշխարհին հուզող հարցերի պատասխանները գտնելն է, կարևորն աշխատելն է, իսկ ճանաչում, հետևորդներ և այլն, երկրորդական են։
– Դուք նաև հեղինակել եք այլ գրքեր, մասնավորապես, Ձեր կայքէջում ինֆորմացիա կա «Իմ Նարեկացին» գրքի մասին։ Այս նյութը երևի շատ կհետաքրքրի հայ ընթերցողին։ Ինչի՞ մասին է գիրքը։
– Նարեկացու ապրած դարաշրջանը շատ կողմերով նման է մեր դարաշրջանին` հնի և նորի պայքարի թեժացում, ազգային և սոցիալ-տնտեսական խնդիրների սրացում, գաղափարական պայքար` ահա այսպիսի բախտորոշ անցումային փուլում է ծաղկել Նարեկացու հանճարը։ Գիրքը պատմում է նրա ապրած դարաշրջանի մասին, Նարեկա դպրոցի առաջ քաշած բարեփոխումների ծրագրի մասին, Նարեկացու դատի առեղծվածի մասին, ինչպես նաև ներկայացնում է Նարեկացու փիլիսոփայական ուսմունքը։ Ինձ ուսանողական տարիներից ավելի շատ հետաքրքրել է Նարեկացու դիալեկտիկական մտածողությունը, նրա տրամաբանությունը կամ, ինչպես ինքն է ասում` «կարգ բանիւ»։ Ես հաճախ եմ ասում, որ Նարեկացու տրամաբանությունն է ընկած իմ` Արմոնների տեսության հիմքում։