Թուրքիան որոշել է հատել ռուբիկոնը Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում

Թուրքիայի Հանրապետությունում լիարժեք ընթացքի մեջ են օրենքների ընդունման նախապատրաստական ​​աշխատանքները, որոնք առաջին անգամ կամրապնդեն «կապույտ հայրենիք» դոկտրինը։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ավարտին է հասցնում առանձին օրինագծի՝ «Թուրքիայի ծովային իրավասության գոտիների մասին օրենքի» մշակումը: Փաստաթուղթը նպատակ ունի կոդիֆիկացնել (օրենսդրական մակարդակով ամրագրել) դոկտրինի առանցքային դրույթները, որ 2000-ականների կեսերին հեղինակել էին ծովակալներ Ջիհաթ Յայջին և Ջեմ Գյուրդենիզը:

Խոսքը 44 տարվա ընթացքում առաջին համալիր օրենքի մասին է, որը համակարգում է Թուրքիայի ծովային իրավասությունները։ Ինչ-որ առումով հեղափոխական այս փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանը նախատեսում են ներկայացնել Կուրբան բայրամից (մայիսի 30-ից) հետո։

Ենթադրվում է՝ նախագիծը կմիավորի տարաբնույթ նորմերը և կստեղծի միասնական իրավական հիմք Թուրքիայի իրավունքների և շահերի պաշտպանության համար Սև ծովում, Էգեյան և Միջերկրական ծովերում, մի խոսքով՝ շրջակա բոլոր ջրային տարածքներում:

Նախագծի համաձայն՝ Էգեյան ծովում կպահպանվի վեց մղոնանոց տարածքային ջրային գոտի, մինչդեռ Սև ծովի և Արևելյան Միջերկրական ծովի համար քննարկվում է 12 մղոնանոց գոտի։ Ընդ որում, Էրդողանն ակնկալում է բացառիկ իրավունք ստանալ՝ հայտարարելու նաև «հատուկ կարգավիճակով ծովային գոտիներ» (ձկնորսության վարման, շրջակա միջավայրի պահպանության և այլ նպատակների համար)։ Կարևոր է նաև այն, որ առաջին անգամ օրենքի մակարդակով ուղղակիորեն ամրագրվում է նեղուցների կարգավիճակը՝ համաձայն Մոնտրյոյի կոնվենցիայի։ Բացի այդ, հստակեցվում է «գորշ գոտիների», կղզիների և ժայռերի իրավական ռեժիմը։

«Կապույտ հայրենիք» դոկտրինը ռազմա-ծովային և աշխարհաքաղաքական հայեցակարգ է, որը նախատեսում է, որ Անկարան ունի ինքնիշխան իրավունքներ Սև, Էգեյան և Միջերկրական ծովերի հսկայական ծովային տարածքների (մոտ 462 հազար քառակուսի կմ) նկատմամբ։ Թուրքիայի համար այս հայեցակարգն արդիական է դարձնում ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի (UNCLOS) վավերացումից հրաժարվելու պատճառով. Անկարայում պնդում են «արդարության», այլ ոչ թե մեխանիկական հավասարահեռություն սկզբունքը:

Այս գործընթացը վերածվել է իսկական միջազգային իրադարձության՝ մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ Կիպրոսի և Հունաստանի մոտեցումների միջև հայտնի հակասությունների և տարբերությունների պատճառով։ Չափազանցություն չի լինի ասել, որ այս մոտեցումները տրամագծորեն հակառակ են։

Մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակման վրա, թուրքական նավաշինարանները զբաղված են երկրում առաջին ազգային ավիակրի՝ «Մուղեմ»-ի կառուցմամբ:

Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումթ Թաթլիօղլուն հայտարարել է՝ ավիակրի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ տարվա վերջ, ինչը մեծ իրարանցում է առաջացրել:

Ենթադրվում է՝ նավի կորպուսը կավարտվի նախապես հայտարարված ժամանակացույցից գրեթե մեկ տարի շուտ: Ակնկալվում է՝ երկրում երբևէ կառուցված ամենամեծ ռազմանավը, ենթադրաբար, կունենա 60,000 տոննա ջրատարողություն և 285 մետր երկարություն։ Այն կգերազանցի Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը (261 մետր, 42 500 տոննա), որը մինչ այժմ Միջերկրական ծովի ամենահզոր դրոշակակիր նավն էր:

Ապագա ավիակիրը նախատեսված է 60 ինքնաթիռ տեղավորելու համար և հագեցած է կարճ թռիչքի համակարգով։ Անկարայում շատերը նախագծի արագ առաջընթացը, որը մեկնարկել է 2025 թվականի օգոստոսին Էրդողանի անձնական ներկայությամբ, դիտարկում են որպես պետական սուբյեկտների դեմ անհրաժեշտ զսպման միջոցներ ստեղծելու համար իր զինանոցը մեծացնելու Թուրքիայի վճռականության նշան։

Վերջին շրջանում Թուրքիայի և Իսրայելի միջև նկատվում է լարվածության աճ, ընդ որում, իսրայելցի քաղաքական գործիչները (ինչպես իշխանամետ, այնպես էլ՝ ընդդիմադիր) իրենց հռետորաբանության մեջ ավելի հաճախ են համեմատում Թուրքիան Իրանի հետ: Այսպես, Նաֆթալի Բենեթը, ով Իսրայելի հաջորդ վարչապետը դառնալու շանսեր ունի, փետրվարին Վաշինգտոնում կայացած խորհրդաժողովում հայտարարել էր, որ Թուրքիան «հաջորդ Իրանն է»։

Արևելյան Միջերկրականում մեկուսացվածության նշաններն Անկարային դրդեցին ակտիվ գործողությունների։ Պատահական չէ, որ Իսրայելի, Իրանի և Միացյալ Նահանգների միջև երկու պատերազմներից հետո Թուրքիան արագացրել է հակաօդային պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի նախագծերը, ինչպես նաև հինգերորդ սերնդի Kaan կործանիչների արտադրությունը:

Թուրքիայի ռազմածովային հզորության գծով մասնագիտացած գիտնական Մեյսունե Յաշարը հայտարարել է՝ Իսրայելի աճող դաշինքը Հունաստանի և Կիպրոսի հետ անխուսափելիորեն մղում է Թուրքիային՝ կենտրոնանալ իր ռազմածովային կարողությունների վրա։

Չնայած նման ավիակիրները սովորաբար նախատեսված են բաց ծովի համար, Յաշարը կարծում է, որ Անկարան կարող է «Մուղեմը» դիտարկել որպես տարածաշրջանում պոտենցիալ թշնամական գործողներին զսպելու լծակ: «Հունական Կիպրոսի և Իսրայելի միջև ջերմացող հարաբերությունները այս դաշինքը դարձրել են շատ արդյունավետ, և նրանց դիրքորոշումը բավականին ագրեսիվ է դառնում»,- ասել է Յաշարը Middle East Eye-ին:

«Թուրքիան հայտնվում է մեկուսացված Միջերկրական ծովի արևելյան հատվածում, և այդ ավիակիրը և լրացուցիչ առավելություն է, և ռազմավարական անհրաժեշտություն»: Ավիակրի կառուցումը Թուրքիայի համար նոր գաղափար չէ։ Դրա ծագումը սկիզբ է առել 1990-ականների սկզբին:

Թուրքիայի ռազմածովային ուժերի թոշակառու ծովակալ Յանկի Բաղջըօղլուն, իր հերթին, հիշեցրել է, որ բաց ծովում տեղակայման հայեցակարգը մշակվել է 1993 թվականին և ներառում է թեթև ավիակիրներ, դեսանտային գրոհային նավեր և անդրատլանտյան ուժի պրոյեկցիա: MEE-ի հետ հարցազրույցում նա բացատրել է, որ նախագիծը կյանքի է կոչվել մոտավորապես 2017 թվականին՝ ռազմածովային ուժերի ապագայի վերաբերյալ ուսումնասիրության ի պատասխան. «Ավիակրի անհրաժեշտությունն առաջնային պլան եկավ»: Սկզբնական ծրագրերը, այդ թվում՝ Անկարայի TCG Anadolu ավիակիրի համար, նախատեսում էին հինգերորդ սերնդի F-35 աննկատ կործանիչների ձեռքբերում: Սակայն, հայտնի է, որ  Թուրքիան 2019 թվականին հեռացվեց ԱՄՆ ծրագրից, ինչը նրան ստիպեց փնտրել այլընտրանքներ:

Ներկայումս թուրք զինվորականները ծրագրում են նավի վրա ակտիվորեն օգտագործել ցածր տեսանելիության հնարավորություններ ունեցող Kizilelma անօդաչու կործանիչը, ինչպես նաև թեթև Hurjet մարտական ինքնաթիռները և հինգերորդ սերնդի Kaan կործանիչի հնարավոր ծովային տարբերակը: Գործարկվելու է նաև Bayraktar TB3 ինքնաթիռը, որն արդեն շահագործվում է TCG Anadolu ավիաբազայում և հագեցած է արհեստական ինտելեկտի օգտագործմամբ կարճ թռիչքի համակարգով:

Թուրքիայի նախկին դեսպան Ալպեր Ջոշքունը հայտարարել է՝ ավիակրի նախագիծը ևս մեկ նշան է այն բանի, որ Թուրքիան ամուր դիրքեր է զբաղեցնում եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ՝ շնորհիվ պաշտպանական հզոր ներուժի: Ջոշքունը, լինելով Վաշինգտոնի Կարնեգի վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, հավելել է՝ ավիակիրը կամրապնդի Թուրքիայի դիրքերը ՆԱՏՕ-ում, քանի որ ԱՄՆ-ըն դաշնակիցներին ավելի մեծ ներդրման կոչ է անում և ավելի հաճախ է ազդարարում Եվրոպայից հնարավոր հեռանալու մասին:

«Այս առումով սա զգալիորեն կամրապնդի Թուրքիայի բանակցային դիրքը։ Սակայն ամեն ինչ իր գինն ունի։ Դա կարող է նաև սրել լարվածությունը տարածաշրջանում և ստեղծել նոր սպառնալիքի ընկալում»,- ասել է նա։ 2020 թվականին Հունաստանի հետ լարվածության սրումը հանգեցրեց Ֆրանսիայի և Հունաստանի միջև ռազմական դաշինքի, որում երկու երկրներն էլ պարտավորվեցին աջակցել միմյանց ինքնիշխանությանը։

Ջոշքունը կարծում է՝ Անկարան պետք է կառավարի այլ պետություններում, այդ թվում՝ Իսրայելում առկա այս «սպառնալիքի ընկալումը»՝ հնարավոր էսկալացիան (սրացումը) կանխելու համար։ Իսրայելի ռազմածովային կարողությունները սահմանափակ են և հիմնականում կենտրոնացած են Գազայի նկատմամբ ծովային էմբարգոյի (արգելափակման) պահպանման կամ հատուկ առաքելությունների իրականացման վրա։ Սակայն փորձագետները նշում են, որ Ուկրաինայում և Իրանում հակամարտություններն ի հայտ են բերել խոշոր ռազմածովային նավերի (ներառյալ ավիակիրներ) խոցելիությունը փոքր անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների առջև։

2025 թվականի ապրիլին F/A-18E Super Hornet կործանիչն ընկել է USS Harry S Truman ավիակրից Կարմիր ծով այն բանից հետո, երբ ավիակիրը բարձր արագությամբ մանևր է կատարել՝ եմենցի հութիների կրակից խուսափելու համար։

Իրանի հետ վերջին պատերազմի ժամանակ ամերիկյան ավիակիրները հիմնականում դուրս են մնացել իրանական հրթիռների ուղիղ հասանելիությունից։ Ակնկալվում է, որ թուրքական ավիակիրը զինված կլինի հակահրթիռային պաշտպանության համակարգերով, ինչպիսիք են ուղղահայաց արձակման համակարգը, մոտիկից արձակման մարտական համակարգը և հեռակառավարման համակարգը՝ ասիմետրիկ սպառնալիքներին հակազդելու համար:

Ստամբուլի նավաշինարանի հրամանատար, փոխծովակալ Ռեջեփ Էրդինչ Յեթկինը մարտին թուրքական հեռուստատեսությանը ասել է՝ նախագիծն ընթանում է այնպիսի տեմպերով, որ իրենք արդեն պատրաստել են թռիչքուղին, որը փորձարկվելու է օդանավակայանում այս տարվա վերջին: Նավը արագ կառուցվում է մի քանի նավաշինարանների շնորհիվ, որոնք կարող են միաժամանակ մեգաբլոկներ արտադրել: Ակնկալվում է՝ նավն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչև 2030 թվականը:

Այս ամենից ակնհայտորեն հետևում է, որ «կապույտ հայրենիքի» վերաբերյալ թուրք պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը պետք է լուրջ և ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել, հատկապես՝ տարածաշրջանում շահեր ունեցող պետություններին և խաղացողներին, որոնք այս կամ այն կերպ հատվում են թուրքականի հետ։

Յուրի Մավաշև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031